Համարձակ, սեքսուալ, սկանդալային` հենց այսպես են բնորոշում այս շրջանում ամենաքննարկվող մոդել Անահիտ Հարությունյանին: Նա կրկին BRAVO.am-ի ֆոտոխցիկի օբյեկտիվում է: Նոր լուսանկարահանումն, իհարկե, ուղեկցվել է անկեղծ զրույցով:
Անահիտ Հարությունյանը
-Հայաստանի մոդելային աշխարհում առանձնանում եք համարձակությամբ եւ անկեղծությամբ, ինչպիսի՞ն եք տեսախցիկների հակառակ կողմում:
-Միանշանակ այլ եմ` հասարակ, պարզ, դրական, ընկերասեր եւ ընկերների բավական սեղմ շրջապատով, իսկ տեսախցիկի առջեւ այնպիսին եմ, ինչպիսին պահանջվում է լինել:
-Շփման ժամանակ ի՞նչը կարող է վանել կամ գրավել Ձեզ:
-Կեղծավորությունը, ինքնահավանությունը, շողոքորթությունը, գռեհիկ պահվածքը եւ անդադար դժգոհելն են բնավորության այն գծերը, որոնք ինձ կարող են վանել: Գրավում է դիվանագիտական մոտեցմամբ շփումը:
-Մարդկանց ճանաչելու հարցում հաճա՞խ եք սխալվում:
-Բոլորի նման ես էլ սեփական եւ ուրիշների սխալներից փորձ եմ ձեռք բերել: Իհարկե, ուրախ եմ, որ անձամբ իմ սխալներն այդքան շատ չեն եղել: Դեռ շատ երիտասարդ եմ կյանքի մեծ փորձ ունենալու համար, բայց մարդկանց ճանաչելու ունակությանս վրա չեմ կասկածում: Ի դեպ, ոչ միայն ես եմ այդպես համարում:
-Ինչպե՞ս եք արձագանքում կեղծիքին, ստին եւ շողոքորթությանը:
-Անչափ խաղաղասեր եւ մարդասեր եմ: Այնպիսի նենգություններին, որոնց կարող եմ փիլիսոփայական մոտեցում ցուցաբերել կամ ականջի կողքով անցկացնել, բնականաբար, չեմ պատասխանում: Կարծում եմ, որ ցանկացած խնդիր կարելի է լուծել խաղաղ ճանապարհով` առանց թշնամանալու եւ թշնամիներ ձեռք բերելու:
Անահիտ Հարությունյանը
-Ձեր բնագավառում անկեղծ եւ անշահախնդիր ընկերություն հնարավո՞ր է: Շա՞տ են Ձեր ընկերները:
-Քանի դեռ գոյություն ունի մարդը, կլինի նաեւ դավաճանությունը: Ընկերությունը նման է բազմաճյուղ ծառի, որի գագաթին հասնելու համար պետք է անցնել հաստ եւ բարակ ճյուղերի վրայով: Ոչ բոլոր ճյուղերը կպահեն 2 ընկերոջ ծանրությունը, այն էլ իմ բնագավառում:
-Աղջիկների միջեւ անկեղծ ընկերությանը հավատո՞ւմ եք, իսկ կնոջ եւ տղամարդո՞ւ:
-Եթե բացառենք արտաքինի, տղամարդու, փառքի հասնելու եւ այլ մի շարք գործոններ, գուցե չնչին հավանականությամբ հնարավոր է: Աշխարհում ոչինչ միանշանակ չէ: Կնոջ եւ տղամարդու պարագայում` կախված է միայն ցանկությունից:
-Ո՞ւմ հետ կարող եք կիսել Ձեր գաղտնիքները, նվիրական երազանքներն ու նորությունները:
-Մեծ հույզեր առաջացնող թե՛ լավ, թե՛ վատ լուրերի դեպքում կիսվում եմ մայրիկիս եւ քույրիկիս հետ: Երբեմն էլ ընդհանրապես չեմ կիսվում:
-Ձեր մասնագիտության ոգեւորող եւ հիասթափեցնող կողմերը կնշե՞ք:
-Մասնագիտությունս ինքն իրենով իսկ արդեն ոգեւորում է, իսկ հիասթափեցնում է, որ ոլորտի անկայունության պատճառով չեմ կարող մշտապես վայելել այդ պահերը:
-Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր հասցեին հնչող գովեստի եւ քննադատական խոսքերին:
-Դիտարկում եմ 3-րդ անձի տեսանկյունից: Երկու դեպքում էլ իներտ դիրքում եմ: Ոչ միշտ են գովեստի եւ քննադատական խոսքերը տեղին: Ունակ եմ հաշվի առնել կամ քննարկել ոլորտից հասկացող մարդու մեկնաբանությունը: Սիրողական մեկնաբանություններին վերաբերվում եմ սիրողական:
Անահիտ Հարությունյանը
-Ինչպիսի՞ զգացողություն է համարվել հայ ամենասեքսուալ մոդելներից մեկը: Մոդելային ասպարեզում ովքե՞ր են Ձեր կուռքերը:
-Անչափ շոյված եմ: Ինչպես իգական սեռի յուրաքանչյուր ներկայացուցչի, այնպես էլ ինձ հաճելի է լինել ցանկալի: Անչափ սիրում եմ Քենդիս Սուեյնփոլին, քանի որ նա միաժամանակ համապատասխանում է մերօրյա մոդելային չափանիշներին եւ մնում է կանացի, ինչը շատ դժվար է համադրել: Որպես ոգեշնչման աղբյուր` կարող են հանդիսանալ Սոֆի Լորենը, Ջինա Լոլոբրիջիդան, Մերլին Մոնրոն, Մոնիկա Բելուչին: Համարում եմ, որ գեղեցկությունը եւ սեքսուալությունն առաջին հերթին գրավչության մեջ են, իսկ մնացած հանգամանքները երկրորդական են:
-Պատմական հերոսուհիներից ո՞ւմ եք նմանեցնում Ձեզ:
-Ինչ-որ չափով` բիբլիական Լիլիթին: Գոռոզ չեմ, բայց տղամարդկանց մեջ առանձնահատուկ ուշադրություն եմ դարձնում արժանիքներին, որոնցով նա կնոջից պետք է բարձր լինի: Աստղագիտության մեջ Լիլիթը խորհրդանշում է անհնազանդություն եւ անկառավարելիություն: Կերպարը նման է ինձ մշտապես ազատության ձգտելու առումով: Լինելով ազատասեր` չեմ կարող հանդուրժել սահմանափակումներ: Ազատությունն ինձ անհրաժեշտ է օդ ու ջրի պես: Խոսքս հարաբերությունների մասին չէ, այլ սեփական անձի:
-Որքանո՞վ եք ազատ Ձեր ցանկությունների եւ արարքների մեջ: Երբեւէ որեւէ բան արե՞լ եք Ձեր ցանկություններին եւ սկզբունքներին հակառակ:
-Բոլորին է հայտնի, որ կյանքում ոչինչ հեշտ չի տրվում, եւ ճիշտ ուղուց չշեղվելու համար պետք է հավատարիմ մնալ սեփական սկզբունքներին եւ փիլիսոփայությանը: Սկզբունքներիս դեմ երբեք չեմ գնացել, որովհետեւ սխալ եմ համարում: Որքան հետեւողական է մարդ կյանքում, հիմքն այնքան ամուր եւ խորն է լինում: Տարիների ընթացքում սկզբունքներն ու աշխարհայացքը փոխակերպվում են:
-Ձեզ սկանդալային համարո՞ւմ եք:
-Նորաձեւությունը պարբերաբար կրկնվում է, պարզապես ամեն անգամ ընկալվում է նորովի` պայմանավորված ժամանակաշրջանին բնորոշ մտածելակերպով: Դեռ Վերածննդի դարաշրջանում արդիական է եղել պատկերել կնոջ կիսամերկ մարմինը`այն համարելով իրական գեղեցկություն: Մեր ժամանակներում կիսամերկ նկարվելը համարվում է սկանդալային եւ համարձակ արարք, սակայն պետք չէ մոռանալ, որ հագուստի տակ թաքնված մարդկային մարմինը բոլորի համար նույնն է:
Անահիտ Հարությունյանը
-Ձեր բնագավառում ուշադրության արժանանալու համար հաճախ են սկանդալային քայլերի դիմում: Հայաստանում էլ է՞ այդպես, թե, այնուամենայնիվ, ազգային մենթալիտետն իրենն անում է:
-Ինչպես արտասահմանում, այնպես էլ մեզ մոտ նման քայլերը նույն արձագանքն են ստանում, պարզապես Հայաստանի փոքր եւ մենթալիտետի սահմանափակ լինելու պատճառով դրանք մի փոքր ավելի սուր են:
-Հայ դիզայներ Մանուկ Ալեքսանյանի հետ Ձեր համբույրը PR քա՞յլ էր: Ինչպե՞ս կմեկնաբանեք այն եւ ի՞նչ արձագանքներ ստացաք:
-Էլ ի՞նչ շոու-բիզնես առանց շոուի: Այո, բնականաբար: Դա կանխավ մտածված, հավաքածուի թեմայից բխող PR քայլ էր: Քննարկումներն, իրոք, բուռն էին, եւ արձագանքների տարափից ելնելով` կարելի է ցուցադրությունը համարել ստացված:
-Անձնական կյանքի մասին խոսելիս նշել եք, որ ընկեր ունեք: Այս տարի նշանադրության, գուցե ամուսնության սպասե՞նք:
-Նախնական տվյալներով` ոչ: Ես դեռ պատրաստ չեմ նման պատասխանատու քայլի:
-Կարելիի եւ չի կարելիի Ձեզ համար ընդունելի սահմանը որ՞ն է:
-Ինձ համար առաջնային է հարգել դիմացինի իրավունքները եւ չներխուժել անձնական տարածք, առանց թույլտվության չմիջամտել ուրիշների գործերին եւ կյանքին` նույնը պահանջելով դիմացինից: Կյանքը լիովին վայելում եմ` առանց որեւէ մեկին անհանգստություն պատճառելու:
-Հաճա՞խ եք ստում:
-Առհասարակ, ստելը չեմ ընդունում: Նախընտրում եմ մարդու դեմքին ասել ճշմարտությունը կամ ընդհանրապես լռել: Սպիտակ ստին վերաբերվում եմ դրական:
Անահիտ Հարությունյանը
-Ձեր բնավորության բացասական ի՞նչ գիծ կառանձնացնեք:
-Բնավորությանս բացասական գիծը թերեւս այն է, որ երբեմն սուր անհրաժեշտություն եմ ունենում մենակ մնալու, առանձնանալու: Սովորաբար ինձ շրջապատողները դա սխալ են ընկալում:
-Հայելու մեջ հաճա՞խ եք նայում: Տարիներն ու կյանքն ի՞նչ են փոխում Ձեր հայացքում ու հոգում:
-Հայելին օգտագործում եմ միայն անհրաժեշտության դեպքում: Հայացքիս մեջ տարեցտարի նկատում եմ ավելացող փայլ: Կարծում եմ` այն իմ ներսից է գալիս եւ հետաքրքիր ճամփորդություններից, ինչպիսին կյանքն է:
-Ճամփորդությունների սիրահար եք: Ի՞նչ վայր կառանձնացնեք:
-Անչափ հավանել եմ Ֆրանսիայի հարավը եւ Նասաուն: Անկեղծ պետք է նշեմ, որ ինձ համար Երեւանը կա եւ կմնա լավագույն վայրը: Շատերին թվում է, թե արտասահմանում կյանքը գունավոր է: Դա ընդամենը խաբկանք է:
-Երեւանյան փողոցներով զբոսնո՞ւմ եք: Անծանոթներից արձագանքներ լսո՞ւմ եք:
-Փողոցում զբոսնելիս հիմնականում լինում եմ ականջակալներով: Լսելով որոշ մարդկանց արձագանքները` շոյվում եմ, քանի որ մեծ մասամբ դրական են եւ հաճելի:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Նկարահանումներն իրականացվել է “Luminarium” խանութ-սրահում
Ոճաբան եւ հագուստի դիզայներ` Մանուկ Ալեքսանյան
Դիմահարդարումը`Տաթեւ Սեւոյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: