20-ամյա Աննա Գրիգորյանը որպես հաղորդավար աշխատում է մոտ մեկ տարի: Նա այժմ վարում է “Բրենդ թայմ” ու նոր՝ “Հրաշալի յոթնյակ” հեռուստածրագրերը, հանդես է գալիս նաեւ որպես մոդել. նկարահանվել է Արամեի եւ Սերժոյի տեսահոլովակներում ու մի քանի գովազդում: BRAVO.am-ը լուսանկարել է Աննային եւ զրուցել աղջկա աշխատանքի, խնդիրների ու սիրո մասին:
"Ինձ երբեք “աստղ” չեմ համարի".Աննա Գրիգորյան
“Եկ այս գիշեր”-ն Աննայի վարած առաջին հաղորդումներից է, հիշում է՝ որքան անվստահ էր առաջին եթերների ժամանակ. “Արտակ Վարդանյանն էր ոգեւորում, որի հետ էլ վարում էի շոուն: Ամեն ինչ անում էի վստահ լինելու համար, սրտանց նվիրվել էի գործին: Իմ աշխատանքը շատ սիրով եմ անում, չեմ եկել եթերում աշխատելու, որ ինձ փողոցում ճանաչեն կամ հանրահայտ դառնամ: Ինձ երբեք “աստղ” չեմ համարի”:
“Փոքրուց ինձ հետաքրքրում էր դերասանի կյանքը կադրից դուրս: Միշտ ինձ տարբեր դերերում էի պատկերացնում, տանը համերգներ էի կազմակերպում` միանգամից երգում էի, պարում ու հաղորդում` ելույթ կունենա Գրիգորյան Աննան: Մութ տարիների՝ 1991-ի ծնունդ եմ եւ կարծես` հեռուստացույցի դեր էի տանում մեր ընտանիքի ու հարեւանների համար:)”, - հիշում է հաղորդավարուհին:
Հաղորդավարուհի, մոդել Աննա Գրիգորյանը
Մանկական “կապրիզ”
Մինչ հեռուստատեսությունում աշխատելը, Աննան աշխատել է սրճարաններից մեկում, չի խուսափում այդ մասին խոսելուց, այդտեղից էլ սկսել է նկարահանվել տարբեր գովազդներում ու որպես հաղորդավար կատարել է իր առաջին “քայլերը”. “Ծնողներս կտրականապես դեմ էին, որ դառնամ մոդել կամ հաղորդավար, իրենց կարծիքով՝ մանկական “կապրիզ” էր, որը հետո կանցնի: Անցան տարիներ, ու ծնողներս հասկացան, որ լուրջ եմ տրամադրված:)”:
“Դեռ չէի սկսել հաղորդում վարել, արդեն խոսակցություններ էին տարածվել, որ ծանոթով եմ ընդունվել, տարբեր լեգենդներ էին պտտվում: Իրականում, հաղորդավար դարձել եմ առանց փողի ու թիկունքի: Շատ մարդիկ իրենց մասնագիտական խորհուրդներով օգնել են, օրինակ` Գոռ Հարությունյանը, Նարինե Հովհաննիսյանը, ինքս էլ ձգտում եմ ավելի պրոֆեսիոնալ դառնալ՝ կարդալով գրքեր ու դիտելով ամերիկյան, ռուսական ծրագրեր”,- նշել է նա:
"Մանկությանս երազանքը ֆիլմերում նկարահանվելն է".Աննա Գրիգորյան
“Ինձ համար հոնորարի չափը կարեւոր է”
Աննայի խոսքերով՝ որպես հաղորդավար բարձր աշխատավարձ չի ստանում, ավելի շահութաբեր է գովազդներում ու տեսահոլովակներում նկարվելը. “Ինձ համար հոնորարի չափը կարեւոր է, որովհետեւ զգում ես` քեզ գնահատում են, ոչ թե չնչին գումար առաջարկում: Նաեւ կցանկանայի ֆիլմերում նկարահանվել` մանկությանս երազանքն իրականացնել, բայց ինտիմ տեսարաններում հաստատ չեմ նկարվի: Ինձ շատերն ասել են, որ չեմ կարող, որովհետեւ պրոֆեսիոնալ դերասանն ամեն դերի էլ պատրաստ է, բայց հույսս չեմ կորցնում, միգուցե իմ սրտով դեր առաջարկեն”:
177 սմ հասակով Աննա Գրիգորյանը փոքր տարիքից զբաղվել է տարբեր մարզաձեւերով՝ թենիսով, ֆուտբոլով, ակրոբատիկայով: “Հիմա յոգայով եմ զբաղում, ամռանն էլ՝ լողով: Կարծում եմ՝ եթերում երեւացող մարդիկ պարտադիր պետք է հետեւեն իրենց կառուցվածքին, պատշաճ տեսք ունենան: Եթե չլինեի TV-ի մարդ, սպորտով էլի կզբաղվեի, նույնիսկ ինձ տատիկի կարգավիճակում պատկերացնում եմ լավ մարզավիճակում:)”, - ասում է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի 3-րդ կուրսի ուսանողուհին:
"Մութ տարիների՝ 1991-ի ծնունդ եմ եւ կարծես` հեռուստացույցի դեր էի տանում ընտանիքիս ու հարեւանների համար:)".Աննա Գրիգորյան
Աննայի հավաստմամբ՝ հետագայում ուսումն այլ բուհում շարունակելու նպատակ ունի. “Իմ ամենամեծ խնդիրն առավոտյան շուտ արթնանալն է. ինձ համար մինչեւ 12:00-ը համարվում է շուտ: Առօրյայում փորձում եմ չշպարվել, գրեթե միշտ սպորտային հագուստով եմ, բարձրակրունկ կոշիկներ չեմ հագնում”:
Հաղորդավարուհի-մոդելը նշել է, որ իր ազատ ժամանակի մեծ մասն անց է կացնում ընտանիքի անդամների ու իր սիրելիի հետ. “Մոտ 10 ամիս է՝ ինչ միասին ենք: Եթե մենք ծանոթանայինք, ու հետո որոշեի հաղորդավարությամբ զբաղվել, միգուցե խնդիրներ առաջանային: Ինքն իմ արտաքինով տարված չէ. զգում եմ, որ ավելի խոր կապ կա, մեզ կապողն իմ արտաքինը չէ”, - ասել է Աննան ու ավելացրել. “Սիրո մասին շատ լեգենդներ են հյուսվել, ստեղծագործություններ գրվել, ինքս էլ սիրո թեմայով չափածո գրվածքներ ունեմ, բայց մեկ բան գիտեմ՝ սերը պետք է գործով ապացուցել, ոչ թե ուղղակի խոսել”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Միքայել Պետրոսյանի/Bravo.am/ եւ Աննա Գրիգորյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: