Երեք աղջիկ դիջեյ ուրբաթ երեկոյան փարթի էին կազմակերպել ու այն անվանել “Pink Friday”: Վարդագույն փուչիկներով ու ժապավեններով զարդարված ակումբում մուտքն ազատ էր ե՛ւ տղաների, ե՛ւ աղջիկների համար, իսկ դիջեյական վահանակի մոտ իրենց ստացած երաժշտական գիտելիքները փորձարկում էին դերասանուհի Աննա Պանին, ռադիոհաղորդավար Լյուսկա Լյուբիմովան եւ Մերին:
Աննա Պանին եւ DJ Play-ը
Աղջիկներին մասնագիտական նրբությունները սովորեցրել են դիջեյներ Kret-ն ու Play-ը: “Վարդագույն ուրբաթ” երեկույթի դիջեյներից երկուսի համար քննական երեկույթ էր, քանի որ առաջին անգամ պետք է նվագեին: Փարթիից առաջ BRAVO.am-ը զրուցել է աղջիկների եւ նրանց ղեկավարի` DJ Play-ի հետ:
Աննա Պանիի համար դեռ խորթ է հնչում “DJ Աննա Պանի”-ն. իրեն առաջին հերթին դերասանուհի է համարում, բայց եթե ներկայանա որպես դիջեյ, բեմական անունը նույնը կմնա. “Ես ու Լյուսկան իրար հետ ենք սովորել, իսկ Մերին վաղուց է այս գործով զբաղվում: Ինձ գրավում են էլեկտրոնային երաժշտությունն ու բիթերը. լիցքաթափվում եմ: Այսօր կնվագեմ “Tech House”, տրամադրող եւ էներգետիկ երաժշտության պակաս չի լինի, չնայած հայ քլաբերներն ավելի շատ սիրում են հայտնի հիթերի ռեմիքսներ”:
DJ Play-ն ու Աննա Պանին
Դերասանուհին կարծում է` իր մասնագիտությանը զուգահեռ այս հոբբին կդառնա երկրորդ աշխատանքը.“Ողջ աշխարհում ընդունված է, որ տղամարդ դիջեյների կողքին հանդես են գալիս կին դիջեյները եւ աստղային համբավ ունեն: Ես մտավախություն չունեմ, որ կարող է աղջիկ դիջեյին չընդունեն, եթե լավ տրամադրվեմ, նման վերաբերմունք էլ կստանամ: Ինչքան որ կարողանամ, ավելի հաճախ կնվագեմ, որ փորձառու դառնամ: Դեռ շատ-շատ բաներ ունեմ սովորելու, նույնիսկ չեմ համարձակվում ինքս երաժշտություն գրեմ, քանի որ բարդ աշխատանք է”:
Արման Նշանյանը եւ Սոս Ջանիբեկյանը
Լյուսկա Լյուբիմովան, որն ավելի հայտնի է որպես “Ռադիո Ավրորա”-ի ռադիոհաղորդավար, եւս առաջին անգամ էր “կառավարելու” փարթիի ընթացքը եւ մի փոքր անհանգիստ էր: Աղջկան էր վստահվել փարթիի բացումը, ուստի որոշել էր հնչեցնել կոմերցիոն` “Disco House”, “Soulful House”, “Funk House” երաժշտություն. “Ինձ համար ամեն երաժշտության մեջ էլ լավը կա, կարեւորը մարդկանց դուր գա եւ հաճույքով պարեն: Նույնսիսկ դեմ չեմ ռաբիս երաժշտությանը, եթե այդ երաժշտության սիրահարներ կան, թող պարեն եւ ուրախանան: Հույս ունեմ, առաջինն այնքան լավ կանցնի, որ նորից կկազմակերպենք երեկույթներ”:
Մերին եզրափակել է փարթին` նվագելով “Tech House”, “Progressive House”: Նա մոտ 6 տարի հետաքրքրվում եւ զբաղվում է դիջեյությամբ, բացի այդ աշխատում է “Երեւան FM”-ում. “Թեթեւ ռիթմերից անցում կանեմ դեպի ծանր երաժշտություն: Ամեն մեկս նվագում ենք երկու ժամ, պատրաստ ենք այնքան նվագել, մինչեւ մարդիկ գնան ակումբից”:
“Pink Friday” փարթիին
DJ Play-ը պատմել է , որ աղջիկները մի քանի ամիս այցելել են պրակտիկ դասերի, ծանոթացել տեխնիկային, վերապատրաստվել ու պատրաստ են առաջին անգամ ներկայանալ. “Ինձ համար դիջեյությունն արվեստ է, դիջեյն էլ` արտիստ, անձ, որին պետք է մարդիկ հարգեն ու վստահեն իրենց երաժշտական ճաշակը, ինչն առ այսօր ակումբային միջավայրում դժվար է նկատել: Ես միայն ուրախ կլինեմ, եթե աղջիկները կարողանան լավ նվագել եւ իրենց փորձառությամբ հասնեն այդ հարգանքին”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: