×


«Քարը մենք ենք». Անդրանիկ Միքայելյանի սիրո խոստովանությունը հայրենիքին ու Քոչարին

«Վերջին տարիներին մեր հայրենիքի հարցից բացի, ինձ համար «ոչ մի ուրիշ հեքիաթ չկա»: Անդադար նրա մասին մտածելու եւ լուծումներ գտնելու ճանապարհին եկա այն տեղերը, որոնց մասին բոլորս էլ գիտենք։ «Ես իմ անուշ Հայաստանի»-ն դպրոցում ենք սովորել ու հետագայում հազար անգամ լսել։ Ուզում էի, որ այն եւս հարյուր անգամ հնչեր, անդադար ասվեր, եւ մարդիկ ներկայացումից հետո էլ կրկնեին այդ տողերը»,- «Քար»-ի հղացման մասին պատմում է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան, բեմադրիչ Անդրանիկ Միքայելյանը, որի նոր ներկայացումը նվիրված է Երվանդ Քոչարի 125-ամյակին։

Նա Քոչարի շուրջ համախմբել է մեր քարքարոտ հայրենիքը, որի թեեւ միայն մի ժայռաբեկորն է բեմում, բայց դա էլ բավական է ներսում եղածն արտահայտելու համար։ Հայն էլ քարի պես աննկուն է, կոպիտ, չհանձնվող, երբեմն՝ տապալվող ու գլորվող, բայց անհրաժեշտ պահին նաեւ ոտքի կանգնող։ Միքայելյանն ամենուր է բեմում. երգում է, նկարում, նվագում, ամբողջ կոկորդով բղավում «Ես իմ անուշ Հայաստանի արեւահամ բարն եմ սիրում»։ 


Չարենցի տողերը օրհներգի պես են՝ բխում են սրտից, հնչում շշնջոցով, առանց բարձրախոսի ու դրանով, սկզբում, ընթացքում, վերջնամասում, դերասանների խոնարհման ժամանակ, վարագույրներից այն կողմ, իսկ ներկայացումից հետո՝ արձագանքում մեր ներսում: 

Միքայելյանի դերասաններից (Մանվել Սարգսյան, Հարություն Հովհաննիսյան, Նարեկ Ալեքսանյան, Արման Չոփիկյան, Միլենա Ղազարյան, Մարիա Սեյրանյան)  յուրաքանչյուրը քարի հետ իր փոխհարաբերություններն ունի՝ կռվում է, մենամարտի դուրս գալիս, տապալում գետնին, գլորում, պարի բռնվում, խաղում... 


Քարը նաեւ խորհրդանիշ է՝ Քոչարի արարումների աղբյուրը, ներշնչանքն ու հայրենիքի նկատմամբ սիրո դրսեւորման ձեւը։ Հենց նրան ենք պարտական մեր հերոսական արձանների՝ Սասունցի Դավթի ու Վարդան Մամիկոնյանի համար։ Երկուսն էլ շարժման մեջ են, գեղեցիկ, պայքարի նետվող, ձիերի սմբակներից դուրս եկող փոշին է անգամ քանդակված։ Հենց մեծ հերոսների ոգով էլ դերասանները կոչ են անում ոտքի ելնել, զենքեր կապել, չերկնչել ու չվախենալ ոչ մի բազմությունից։ 

«Ներկայացումն ինձ համար սիրո խոստովանություն է։ Իմ շրջապատը՝ իմ տունը, ընտանիքը, մեր թաղի մեծերը, փոքրերը, պապիկները, թատրոնում շատերը, ուր գնում եմ՝ բոլորը մի տեսակ կոտրված են ու ընկճված, հոգով թուլացած, ուզում էի ասել՝ մենք կանք, ուժեղ ենք, ինչի՞ թուլանանք»,- անկեղծանում է Միքայելյանը։ 


Իսկ դրան հասնելու համար նա ընտրել է Քոչարի ստեղծագործական կյանքի հայաստանյան շրջանը, երբ նա Փարիզից վերադարձել է հայրենիք ու ստեղծել իր հզոր գործերը. «Քոչարն անդրադարձավ հայոց պատմության լեգենդներին ու հերոսներին եւ այդ ամենն անվանեց «Թեւավորված մարդը»։ Քոչարը նախորդ դարում էր ուզում արթնացնել նրանց, ինձ թվաց՝ հիմա էլ դրա կարիքը կա։ Իսկ ներկայացման ավարտին եկանք «Քաղաք-մարդուն», ինչպես Քոչարի մոտ՝ հին հայոց պատմությունից դեպը նորը»։


Անդրանիկ Միքայելյանի կարծիքով՝ աշխարհի ազգերից ամեն մեկը որեւէ բան է խորհրդանշում՝ հող, ջուր, փետուր, ծիտ, երկաթ, իսկ մենք քարն ենք։  

Հարություն Հովհաննիսյանը համազգային թատրոնում նորեկ է. թիմի ստեղծագործական կազմին է միացել մի քանի ամիս առաջ ու սա նրա երկրորդ ներկայացումն է։ Խաղում է նաեւ «Սուրբ Անտոնիոսի հրաշք»-ում, սակայն Անդրանիկ Միքայելյանին վաղուց գիտի. նրանք հիանալի համագործակցում են նաեւ «Բաբելոն» թատրոնում։


«Անդրանիկը Քոչարին իր միջով է անցկացրել ու բերել ներկայացում։ Անդոն ինչ հույզեր տալիս է, իր հայրենասիրությունից ինչ փոխանցում է, ամենը վերցնում եմ։ Մի քիչ ուրիշ աշխատանք է ստացվել: Որպես դերասանի՝ ինձ խնդիր չի տալիս, միայն անկեղծություն է ուզում։ Թողնում է, որ մեր ներսում կուտակվածն ու եղած կռիվը դուրս հանենք։ Քարի հետ պայքարում ինչքան էներգիա ունեմ, բռնցքամարտիկի պես ծախսում եմ։ Անդրանիկը գիտի, որ սիրում եմ ինձ տանջող բաներ, որոնից հետո հոգեկան հաղթություն է գալիս»,- պատմել է դերասանը։


Հովhաննիսյանը համոզված է, որ ներկայացումը բուժող հատկություն ունի, բայց դա անելու համար նախ պետք է սկսել սիրել հայրենիքը։ Նրա համար շատ յուրահատուկ է նաեւ երաժշտական մասը, որի պատասխանատուն «Կաթիլ» խմբի մենակատար Սեւադա Համբարչյանն է. «Սեւադայի ներկայությունը կարեւոր է նրանով, որ Անդրանիկը ցանկանում է նաեւ հայկական երաժշտությունը մաքրել ու պահել, որովհետեւ այն շատ է աղավաղվել։ Նա մեզ մտորելու այնպիսի նյութ է տվել, որ ամեն օր ու անընդհատ կարող ենք նոր բան բացահայտել»։


Ներկայացումն իսկապես մեծ ասելիքով ու ենթաշերտերով է, բայց դեռ ռիթմ ձեռք բերելու ու ամբողջական դառնալու կարիք ունի: Հաջորդ անդրադարձում կփորձենք հասկանալ եւ մեկնաբանել նաեւ դերասանների արդուզարդի ընտրությունը:

Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW