×


«Թոռնիկները մեկ ամիս առաջ են սկսում պատրաստվել պապիկի տարեդարձին». Արմեն Էլբակյանը նշում է 72-ամյակը

Հայաստանի ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանի ծննդյան 72-րդ տարեդարձն է այսօր: Նրա դուստրը՝ դերասանուհի եւ բեմադրիչ Լիլի Էլբակյանը, BRAVO.am-ին պատմել է, որ վաղվա ներկայացման պատճառով բավական ծանրաբեռնված են ու զբաղված փորձերով, ուստի կսահմանափակվեն երեկոյան անկակնկալով։

«Ես «Դեկամերոն» ներկայացման տարածքն եմ փոխում, հայրիկս էլ Սունդուկյանում «Լիր արքա»-ի փորձերով է զբաղված։ Տորթով կշնորհավորենք նրան: Հայրիկն, ի տարբերություն ինձ, իր տարեդարձները սիրում է, բայց զգացել եմ, որ վերջին տարիներին ավելի շատ նախընտրում է ընտանեկան միջավայրում նշել, խմել այդ օրը, որ մենք էլ խոսենք իր մասին ու տարբեր պատմություններ հիշենք։ Առհասարակ մեծ երեկոների սիրահար չէ»,- ասել է նա։

Աննա, Արմեն եւ Լիլի Էլբակյանները


Դերասանուհին հատկապես սիրով ու ջերմությամբ է հիշում իր մանկության տարիներին նշած հայրիկի տարեդարձները. «Մեկսենյականոց փոքրիկ տուն ունեինք Զաքյան փողոցում: Մութուցուրտ տարիներից վառ հիշողություններ են մնացել. բոլոր ընկերները գալիս էին, հավաքվում էինք վառարանի շուրջ ու միասին տոնում։ Դրանք ավելի տաք տարիներ էին։ Ամբողջ թատրոնը մեր տանն էր լինում: Մաման շատ համեղ է պատրաստում. արագ-արագ ունեցած պահածոներից ինչ-որ բաներ էր սարքում, ու ամբողջ գիշեր երգում էինք եւ նվագում։ Եղբայրս դեռ կար, ու իր երգերն էինք կատարում»։  

Արմեն եւ Աննա Էլբակյանները՝ երեխաների հետ (արխիվային լուսանկար)


Հիմա պապիկի տարեդարձը յուրահատուկ են դարձնում թոռնիկները՝ Էլմիրան ու Էդգարը, որոնք դեռ մեկ ամիս առաջ են սկսում պատրաստվել. «Էդգարը շատ լավ է նկարում պապիկի դիմանկարը: Իրար հետ կապված են, աղջիկս էլ ֆոտոներ է անում: Այդպես անակնկալներ են մատուցում: Հայրիկը սովորաբար նվերներ ստանալ չի սիրում եւ միշտ ասում է. «Ես ամեն ինչ ունեմ»: Այս տարի ավելի գործնական ենք գտնվել ու նրան պետքական նվերներ ենք գնել, օրինակ՝ հագուստ։ Նա ծխամորճերի մեծ հավաքածու ունի, եւ հետաքրքիր նվեր չգտնելու դեպքում փորձում ենք յուրահատուկ ծխամորճ գնել: Արտերկրից վերադառնալիս էլ միշտ հետս բերում եմ ու հավաքածուն համալրում: Իր թութունն ու ծխամորճերը շատ է սիրում, իսկ նվերներից նաեւ խմիչք է նախընտրում»,- ասել է Լիլի Էլբայանը:

Արմեն Էլբակյանը՝ թոռնիկի՝ Էդգարի հետ


Նա նշել է, որ փորձերի ընթացքում Էլբակյանին բեմում միշտ շնորհավորում են եւ որեւէ համար բեմադրում, բայց արտիստն իր տարեդարձները չի կարեւորում ու տնեցիներին էլ ստիպում է, որ առիթի վրա շատ չկենտրոնանան։ Լիլին ամեն տարի ցանկանում է հայրիկի ծննդյան առիթով բեմադրություն նախաձեռնել, ինչպես տարիներ առաջ Խամաճիկների թատրոնում են արել, բայց քանի որ Էլբակյանը հուշ-երեկոներից խուսափում է, հրաժարվում է այդ մտքից:

«Ուզում եմ, որ հայրիկը շատ առողջ լինի, ինչն ամենակարեւորն է, ու միշտ մեր կողքին: Թոռնիկներն ու ես նրան շատ ենք սիրում: Ուզում եմ՝ իր բոլոր ստեղծագործական երազանքները կատարվեն: Որքան մարդը մեծանում է, թվում է՝ ամեն ինչ հասցրել է անել եւ երազաքնքներ չունի, բայց ես գիտեմ, որ նա բեմադրությունների հետ կապված ցանկություններ ունի, ինչպես նաեւ ցանկանում է իր անվան թատրոն ունենալ, որը տարիներ առաջ գործում էր, բայց հիմա չկա: Մաղթում եմ, որ նրա բոլոր նպատակներն իրականան»,- ասել է Լիլի Էլբակյանը:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էլբակյանների անձնական արխիվից ու Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW