×


Աննա Սալոմեի՝ «Մարքեթինգը նորաձեւության ոլորտում» թեմայով մաստեր-կլասը նոր բացահայտումներ է անում

Ինչպե՞ս հաջողել նորաձեւության բիզնեսում՝ սա այն հարցն է, որ մշտապես հուզում է հայ դիզայներներին, նորաձեւության ոլորտում գործող ընկերությունների սեփականատերերին, մարքեթինգի եւ վաճառքի բաժնի ղեկավարներին: Քանի որ կա այս հարցի շուրջ մասնագիտական պատասխան ստանալու պահանջարկ, նորաձեւության մարքեթինգի մասնագետ Աննա Սալոմեն արդեն երկրորդ անգամ կազմակերպեց «Մարքեթինգը նորաձեւության ոլորտում» թեմայով վարպետության դաս: Իհարկե, այս անգամ հանդիպման բովանդակությունն ու ծրագիրը միանգամայն տարբերվում էին նախորդից, որի շնորհիվ էլ ներկաների մի մասն արդեն երկրորդ անգամ էր մասնակցում: BRAVO.am-ը լուսանկարել է նոյեմբերի 10-ին կայացած միջոցառման ընթացքն ու հյուրերին, ինչպես նաեւ զրուցել է Աննա Սալոմեի հետ:

Աննա Սալոմեի՝ «Մարքեթինգը նորաձեւության ոլորտում» թեմայով մաստեր-կլասը


Հիշեցնենք, որ առաջին մաստեր-կլասի ժամանակ մասնակիցներն Աննա Սալոմեի օգնությամբ բացահայտեցին, թե ինչպես է մարքեթինգն աշխատում նորաձեւության ոլորտում, եւ որոնք են դրա առանձնահատկությունները Հայաստանի նորաձեւության շուկայում: Իսկ ահա երկրորդ հանդիպման ժամանակ Աննան ներկայացրեց, թե ինչու է նորաձեւության բրենդին անհրաժեշտ կոնցեպտ ունենալ, ինչպես գտնել կատարյալ անուն սեփական բրենդի համար, ինչպես կառուցել լավ հարաբերություններ հաճախորդների հետ, ինչ սկզբունքներով ձեւավորել ապրանքատեսականին, եւ որոնք են բրենդի առաջմղման ուղիները: Իհարկե, բոլոր այս թեմաները ներկայացվեցին առավել մանրամասն, ընդլայնված ու բովանդակային: BRAVO.am-ի հետ զրույցում Աննան նկատեց, որ օրակարգում կային թեմաներ, որոնց մասին նախկինում Հայաստանում երբեք չէին խոսել ո՛չ ինքը, եւ ո՛չ էլ մարքեթինգի այլ մասնագետներ:

Աննա Սալոմեի՝ «Մարքեթինգը նորաձեւության ոլորտում» թեմայով մաստեր-կլասը


«Մարքեթինգը նորաձեւության ոլորտում. Vol 2» թեմայով մաստեր-կլասին երեկ ներկա էր ավելի քան 90 մասնակից: Լսարանն այս անգամ էլ խիստ տարբեր էր. ներկա էին ինչպես սկսնակ դիզայներներ, այնպես էլ իրենց բիզնեսն ունեցող ձեռնարկատերեր: Եվ ինչպես Աննա Սալոմեն էլ նկատեց, քիչ չէին այն մարդիկ, ովքեր մասնակցել էին նաեւ նախորդ դասին:

Այս անգամ Աննա Սալոմեի նախաձեռնած մաստեր-կլասին ելույթ ունեցավ նաեւ երկրորդ բանախոսը` DA փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն Իրինա Դանիելյանը, ով մասնակիցներին օգնեց հասկանալ առեւտրային նշանի գրանցման, գործատուի աշխատանքային իրավունքներին վերաբերող հարցերի մանրամասները:

Աննա Սալոմեի՝ «Մարքեթինգը նորաձեւության ոլորտում» թեմայով վարպետության դասի մսնակիցները


Ավելի քան հինգ ժամ տեւած հանդիպման ավարտին տեղի ունեցավ նաեւ խաղարկություն, եւ ներկաներից երկուսն արժանացան անակնկալ նվերների: Ինչպես նախորդ անգամ, այս անգամ եւս Աննա Սալոմեն հստակ չի կարող նշել` կլինի արդյոք նոր մաստեր կլաս, թե՝ ոչ. «Եթե լինի պահանջարկ` նոր թեմաներից խոսելու եւ նոր հարցեր քննարկելու, ապա գուցե կազմակերպվի նաեւ երրորդ հանդիպումը»,- եզրափակեց նա:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport