×


Անվանի դաշնակահար Իվո Պոգորելիչը ելույթ կունենա Երեւանում

«Երեւանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում մայիսի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա հոբելյանական տարվա հաջորդ իրադարձային համերգը. առաջին անգամ Երեւանում հանդես կգա հանրահայտ դաշնակահար Իվո Պոգորելիչը:

Իվո Պոգորելիչը մեր օրերի դասական երաժշտության համաշխարհային բեմի նշաձողերից է: Նրա բացառիկ տաղանդը եւ վիրտուոզությունը, նորարարությունն ու արտահայտչականության մեջ ձգտումը կատարյալին դասեցին դաշնակահարին մեր օրերի երաժշտական հսկաների շարքում: Իվո Պոգորելիչը ընդլայնել է երաժշտական մեկնաբանության հորիզոնները` սահմանելով նոր չափանիշներ համաշխարհային դաշնամուրային կատարողական արվեստում: Նրա համերգներն ողջ աշխարհում համարվում են ամենասպասված մշակութային իրադարձությունները:


Պոգորելիչը նվագել է Վիեննայի, Բեռլինի, Բոստոնի, Չիկագոյի, Լոնդոնի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի, Ցյուրիխի նվագախմբերի հետ: Նրա ձայնագրած 14 ձայներիզները շարունակում են մնալ կատալոգների առաջին տողերում՝ ունենալով ունկնդիրների ամենամեծ քանակը: Պոգորելիչը ձայնագրում է բացառապես «Դոյչե Գրամոֆոն» եւ «Սոնի» ընկերությունների համար:

Հայտնի են Պոգորելիչի բարեգործական եւ երիտասարդ երաժիշտներին աջակցելու նախաձեռնությունները, նրա անվան հետ են կապված փառատոներ Գերմանիայում եւ ԱՄՆ-ում, իսկ Փասադենայում անցկացվող իր անվան մրցույթը սահմանել է աննախադեպ 100,000 դոլար մրցանակ` ի շահ նորահայտ տաղանդների: Իվո Պոգորելիչը առաջին դասական երաժիշտն է, ում 1988թ.-ին պատիվ է ընձեռվել ստանալու «ՅՈՒՆԵՍԿՈ»-ի բարի կամքի դեսպանի կոչումը:

2019 թվականը դաշնակահարի համար հոբելյանական է. նշվում է նրա ծննդյան 60 եւ ստեղծագարծական գործունեության 40-ամյակները: Հոբելյանական շրջագայությանները տեղի են ունենում Եվրոպայում, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում, Հեռավոր Արեւելքում: Ճապոնիայի պետական հեռուստաընկերությունը նկարահանում է լիամետրաժ վավերագրական ֆիլմ` նվիրված արտիստի կյանքին եւ գործունեությանը:

Փառատոնն այս տարի սկիզբ առավ ապրիլի 29-ին` բրիտանական «The Swingles» վոկալ խմբի հիշարժան համերգով: Իվո Պոգորելիչի մենահամերգին կհաջորդի Գրեմմի մրցանակի արժանացած ամերիկյան «Պարկեր» քառյակի /Parker Quartet/ համերգը` մայիսի 28-ին:

Տեղեկատվությունը՝ կազմակերպիչների
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին