×


Աշոտի եւ Սոֆյայի մասնակցությամբ նոր՝ «Արմատներ» սերիալի առաջին կադրերն ու մանրամասները

Աշոտ Տեր-Մաթեւոսյանին եւ Սոֆյա Պողոսյանին հեռուստադիտողը շուտով կրկին հնարավորություն կունենա տեսնել նույն նախագծում: «Արմատներ»՝ այսպես է կոչվում նոր սերիալը, որի նկարահանումներն արդեն 15 օր է, ինչ սկսվել են, իսկ դերասաններն օրուգիշեր անցկացնում են նկարահանման հրապարակում՝ չխնայելով ջանք ու եռանդ, որպեսզի տեղ հասցնեն այն կարեւոր գաղափարը, որը կրում է իր մեջ նախագիծը: Նշենք, որ Աշոտ Տեր-Մաթեւոսյանը հանդես է գալիս ոչ միայն որպես դերասան, այլեւ սերիալի ռեժիսորն է: BRAVO.am-ն օրերս այցելել է նկարահանման հրապարակ, լուսանկարել աշխատանքային ընթացքը եւ մանրամասներ ճշտել:

Աշոտ Տեր-Մաթեւոսյանը


«Արդեն երկրորդ նախագիծն է, որում հանդես եմ գալիս որպես ռեժիսոր: (Առաջինը «Քեզ հետ ու առանց քեզ» սերիալն էր,-հեղ.): Անչափ ծանրաբեռնված ենք, կարելի է ասել՝ անգամ տուն չենք գնում, սակայն յուրաքանչյուր նախագծի հիմքը պետք է կայուն ու շատ լավ դրվի»,-մեզ հետ զրույցում նշել է Աշոտը եւ հավելել, որ միշտ էլ սկզբում լինում են բարդություններ ու դժվարություններ, սակայն ժամանակի ընթացքում նկարահանող խումբն ու դերասանները, աստիճանաբար սկսելով հասկանալ միմյանց լեզուն, հունի մեջ են ընկնում, ընտելանում են իրար, եւ ապա ամեն ինչ հարթ է ընթանում:

«Արմատներ» սերիալի նկարահանումներին


Ինչպես դերասան-ռեժիսորն է նշել՝ «Արմատներն» ամբողջովին իր եւ սցենարիստ Աստղիկ Սիմոնյանի մտորումների արդյունքն է, որը կատարում է նաեւ դաստիարակչական գործառույթ.«Սերիալն ամուր ընտանիքի, դրա կարեւոր արժեքների, ծնողի հանդեպ տածած հարգանքի մասին է: Եթե ինչ-ինչ պատճառներով պառակտվել է ընտանիքը, սերիալում կգտնեք վերամիավորման, ներողամտության եւ գնահատման կարեւորությունը: Նշանավորելու ենք նաեւ վերադարձը դեպի արմատներ ու Հայաստան»:

Էմմա Սապունջյանը եւ Սամվել Թոփալյանը


Դերասանական կազմում են ավագ եւ ավելի երիտասարդ սերնդի դերասաններ: Ներգրավված են Սամսոն Ստեփանյանը, Ալբերտ Սաֆարյանը, Ջոն Մակարյանը, Լուիզա Ղամբարյանը, Սոֆյա Պողոսյանը, Սամվել Թոփալյանը, Գեորգի Բաբայանը, Էմմա Սապունջյանը եւ այլք:

«Արմատներ» սերիալի նկարահանումներին


Նշենք, որ «Արմատներ» հեռուստասերիալը եթերում կլինի դեկտեմբերի 2-ից, շաբաթական 4 օր՝ երկուշաբթիից հինգշաբթի օրերին: Այն հեռարձակվելու է «Նոր Հայաստան» հեռուստաընկերությամբ: Դեռեւս նախատեսված է 100-150 սերիա:

Տեքստը՝ Կիմա Միրզոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին