Հեքիաթասեր փոքրիկների համար ամեն շաբաթ հեքիաթ կկարդա արվեստի տարբեր ոլորտների ներկայացուցիչներից մեկը, որից հետո մասնակից երեխաները հնարավորություն կունենան «Նանի Զանիի» տիկնիկագործի օգնությամբ ստեղծել հեքիաթի հերոս տիկնիկին:
«Հեքիաթից ծնված տիկնիկը» կոչվող նախագիծը մեկնարկել է երեկ` Գրականության եւ արվեստի թանգարանում, հեքիաթասացը Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան Աշոտ Հակոբյանն էր: BRAVO.am-ը եւս ներկա է եղել նախագծի մեկնարկին, հետեւել ընթացքին եւ լուսանկարել հետաքրքիր պահերը:
Աշոտ Հակոբյանը
Մինչ Աշոտ Հակոբյանը կսկսեր կարդալ Հովհաննես Թումանյանի «Ձախորդ Փանոսը», փոքրիկները հնարավորություն ունեցան միմյանց հետ ծանոթանալու եւ նշելու իրենց սիրելի հեքիաթների անունները: Այնուհետեւ հեքիաթասացը, օգտագործելով դերասանական հմտությունները, ոչ միայն կարդաց հայտնի հեքիաթը, այլեւ ինտերակտիվ ձեւով շփվեց փոքրիկների հետ, խնդրեց այս կամ այն ձեւով արտահայտել Փանոսի խոսքերը:
Նախագծի հեղինակները Նարեկ Մանուչարյանն ու Անի Երեմյանն են, վերջինս Գրականության եւ արվեստի թանգարանի աշխատակից է: BRAVO.am-ի հետ զրույցում նրանք պատմել են, որ նման նախագիծ անելու միտքը ծնվել է մշակույթի նորանշանակ նախարարի «Կարդա քո հեքիաթը» ֆլեշմոբ ակցիայի մասնակցության հոլովակը դիտելուց հետո.
«Հեքիաթից ծնված տիկնիկը» նախագիծին
«Ես եւ Անին փորձեցինք ակցիան օնլայն տիրույթից տեղափոխել կենդանի շփման մթնոլորտ, որը մեզ հնարավորություն է տալու բազմաթիվ երեխաների ծանոթացնել հայ եւ արտասահմանյան՝ իրենց տարիքային խմբին հասանելի գրականության հետ, հետո թույլ տալ շփվել արվեստի տարբեր ոլորտի գործիչների հետ, ովքեր, իհարկե ,մեծ սիրով համաձայնում են մասնակցել նախագծին։ Մեր կարծիքով, արվեստի հետ դեռ մանկուց սերտ կապ ունենալու փաստը թույլ կտա յուրաքանչյուր երեխայի լինել ավելի բարի, հանդուրժող, նպատակասլաց ու, ամենակարեւորը, ազգին պիտանի մարդ»:
Առաջին հյուր Աշոտ Հակոբյանը եւս շեշտեց, որ հեքիաթները շատ կարեւոր են ոչ միայն երեխաների, այլեւ մեծահասակների կյանքում` մեջբերելով հայտնի խոսքը․ «Ամեն տարիք իր Թումանյանն ունի»:
Նշենք, որ նախագծի հաջորդ հանդիպումը հուլիսի 6-ին է, իսկ հեքիաթասացը կլինի Համազգային թատրոնի դերասանուհի Տաթեւ Ղազարյանը, ով կկարդա «Կարմիր գլխարկը» հեքիաթը:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: