×


Հայտնիների օնլայն մեդիա վարկանիշը նոյեմբերին

BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում նոյեմբեր ամսվա ընթացքում: 

Մոտ 150 լրատվական կայքերի նոյեմբեր ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝

•    Հրանտ Թոխատյան ՝ 41 հիշատակում,

•    Սոնա Ռուբենյան՝ 26 հիշատակում,

•    Խորեն Լեւոնյան՝ 23 հիշատակում:


Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.

Նոյեմբերին հայկական մեդիայում հիշատակումների թվով առաջատարը Հրանտ Թոխատյանն է: Հայաստանի վաստակավոր արտիստի վերադարձը բեմ տեւական դադարից հետո լայն լուսաբանում ստացավ լրատվամիջոցներում, ինչին հաջորդեցին նրա հարցազրույցները:

Դերասանը խոսել է Արցախի կորստի մասին, կիսվել մտահոգություններով. «...Պարտվելով՝ դու պարտավոր ես ժողովրդիցդ ներողություն խնդրել ու հրաժարական տալ: Հնարավոր է՝ ժողովուրդը նորից ընտրի քեզ, բայց մնալով՝ առաջին հերթին դու ինքդ քեզ ես խաբում, հետո՝ խաբում ես քո ժողովրդին»,- Mediahub-ին ասել է Թոխատյանը:

Երկրորդ հորիզոնականում Սոնա Ռուբենյանն է: Նոյեմբերին երգչուհին ներկայացրեց «Ճանապարհեցիր ինձ տուն» երգի տեսահոլովակը: Երաժշտության հեղինակն է Վարդան Գալստյանը, խոսքերի հեղինակը՝ Հարութ Թիզյանը, իսկ ռեժիսորը Մելս Դանիելյանն է։



Խորեն Լեւոնյանը երրորդ հորիզոնականում է: Նոյեմբերին տեղի ունեցավ ռեժիսոր Արշո Հարությունյանի «Թանկարժեք տղաները» ֆիլմի պրեմիերան, որում նկարահանվել է նաեւ դերասանը: 

Նախորդ ամիս Լեւոնյանը հյուրընկալվել է Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդմանը։ Լրատվամիջոցներն առանձնացրել են զրույցի մի հատված, որում դերասանը խոսում է իր երազանքների մասին:

«Շատ երազանքներ ունեմ։ Երկրի հետ կապված իմ երազանքներն անսահման են: Մշակույթի հետ կապված էլ շատ երազանքներ ունեմ: Ուզում եմ, որ մեծ պետությունները մեզ հետ հաշվի նստեն, ունենանք մշակույթ, որի հետ կարելի է հաշվի նստել։ Բարությունից ու ներողամտությունից սկսած՝ ամեն ինչ դարձել է երազանք, որ ուղղակի իրար նկատմամբ մի քիչ ավելի ներողամիտ լինենք»,- նշել է Խորեն Լեւոնյանը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW