«Վերջերս հաճախ եմ մտովի հետ գնում դեպի մանկություն, պատանեկություն։ Հիշում եմ որոշակի դրվագներ, որոնք հուզում են, դրվագներ էլ կան, որ սիրուց ու ջերմությունից եմ լաց լինում»,- Ամալյա Հովհաննիսյանի «LIFEROOM» հաղորդման շրջանակում խոսելով իր անցած ճանապարհի, դժվարությունների ու կեղծ քննարկումների մասին՝ պատմել է երգչուհի Ալլա Լեւոնյանը։
«Այդ ամենը հետք է թողել իմ հոգում»
Այնպես չէ, որ ամեն ինչ հարթ է եղել. շատ դժվար պահեր եմ ապրել։ Ասեմ՝ ինձ միանգամից չընդունեցին իմ գործընկերները: Շատ ակնհայտ էր զգացվում այդ «գյուղացի եւ քաղաքացի» տարբերությունը։ Նաեւ մտածողության տարբերություն կար, երգեցողության ձեւի տարբերություն։ Լինում էր, որ ինձ մենակ էի զգում, որովհետեւ մենակ էի Երեւանում։ Եղել է, որ նույնիսկ այդ 100 դրամը չեմ ունեցել, որ գնամ Երգի թատրոն։ Հետո միեւնույն է՝ ժպտում ես, բեմ բարձրանում, բայց խեթ հայացք ես տեսնում, կամ ծիծաղում են վրադ, երբ խնդրում ես հաղորդավարին ասել, թե դու որ գյուղից ես։ Ես դա տեսնում էի կուլիսներից, բայց հետո, երբ երգում էի, ոտքի կանգնած ծափահարում էին։ Այդ ամենն իրականում հետք թողել է իմ հոգում, ինչքան էլ ասեմ՝ կայացել եմ, հանգիստ եմ, խաղաղ եմ։
«Ինքս եմ կերտել իմ ճանապարհը»
Ես հպարտ եմ, որ եղել եմ Վազգեն Սարգսյանի ժամանակակիցը, եւ մեկ անգամ առիթ եմ ունեցել նրա հետ մի քանի րոպե զրուցել։ Ոգեւորված մեր բանակով եւ մեր սպարապետով՝ գրեցի «Սպարապետ» երգի երկու քառյակը, հետո եղավ չարաբաստիկ հոկտեմբերի 27-ը։ Դրանից հետո գրեցի 3-րդ քառյակը եւ հենց սպարապետին նվիրեցի։
Գիտես, մարդկանց երեւակայությունն այնքան վառ է. մի տեղ մի բան են լսում կամ մի վերնագիր են կարդում, սկսում են որոշումներ կայացնել ու բերնեբերան տարածել։ Մենք որեւէ ուրիշ հանդիպում կամ խոսակցություն չենք ունեցել. այդ մի անգամն եմ ես նրան տեսել՝ կառավարական մի համերգից հետո։
Մեկ-մեկ կարծիքներ են ինձ հասնում, թե Վազգեն Սարգսյանը չլիներ, ես ի՞նչ կանեի. «Վազգենը քեզ բերեց, այ գեղացի»։ Ես միայն հպարտ եմ, որ իմ անունը կապում են Վազգեն Սարգսյանի հետ, բայց իրականում այդպես չէ, էլի։ Ինքս եմ կերտել իմ ճանապարհը։ Երբ սկուտեղի վրա քեզ տալիս են որեւէ բան, հեշտացնում են ճանապարհդ, դու դա չես էլ գնահատում։ Ուղղակի բախտավոր մարդ եմ, որ իմ ճանապարհին ինձ հանդիպել են լավ մարդիկ։ Առաջինը կնշեմ Արթուր Գրիգորյանի անունը, որն ինձ նկատեց, գնահատեց եւ երբեք չպարտադրեց ու չթելադրեց, թե ինչ անեմ։
«Կոսմետիկ միջամտությունները կարելի էր ավելի շուտ անել, ինչո՞ւ ոչ»
Քթի վիրահատություն եմ կատարել, ինչը բոլորը գիտեն։ Փոքրիկ կոսմետիկ միջամտություններ անում եմ, ինչպես շատերը։ Ու բոլորին խորհուրդ կտամ լավ զգալու համար խնամված լինել։ Դրանից ինչո՞ւ եք վատ զգում, ինչո՞ւ եք քննարկում ուրիշներին։ Բոլոր այս փոփոխություններն արել եմ վերջին 3-4 տարում, թեեւ կարելի էր ավելի շուտ անել, ինչո՞ւ ոչ։
Ամուսնուս շնորհիվ է, որ ես ունեմ այդ ինքնավստահությունը որպես կին, նրա շնորհիվ է, որ ես ինձ լավ եմ զգում։ Հիմա արդեն նաեւ երեխաներիս շնորհիվ է։
Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝


×
47







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: