×


Պաշտոնյաներն ու էստրադային երգիչները շնորհավորեցին “Հույսի կամուրջ’’-ին

 “Հույսի կամուրջ'' հաշմանդամություն ունեցող երեխաների եւ երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունն երեկ տոնել է իր գործունեության 15-ամյակը: Տարեդարձի միջոցառմանը մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ, տեղական եւ միջազգային կազմակերպությունների, հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ կազմակերպության ընկերներն ու բարեկամները:

“Հույսի կամուրջ”-ի 15-ամյակին նվիրված միջոցառմանը


“Շնորհավորում եմ բոլորին: Շատ դժվար է աշխատել այս ոլորտում, բայց շատ կարեւոր եւ շնորհակալ աշխատանք է: Ամեն օր ու ամեն տարի կփորձենք հաղթահարել այս դժվարությունները’’,- նշել է Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, որը պարգեւատրվել է կազմակերպության կողմից սահմանված մրցանակով եւ շնորհակալագրով:

Ողջույնի խոսքով միջոցառումը բացել է  “Հույսի կամուրջ’’ h/կ-ի նախագահ Սուսաննա Թադեւոսյանը. “Շնորհակալ եմ, որ այսօր մեզ հետ տոնում եք կազմակերպության 15-ամյակը: Այս տարիների ընթացքում մեր կազմակերպությունը բազմաթիվ կամուրջներ ու պայմաններ է ստեղծել Հայաստանում ապրող հաշմանդամություն ունեցող մոտ 8000 երեխայի եւ երիտասարդի համար’’:

“Հույսի կամուրջ”-ը հարմարավետ կենտրոններ ունի Երեւանում եւ Տավուշի մարզում: Կազմակերպության հիմնադիր նախագահը 15 տարվա ընթացքում մեծագույն ձեռքբերումներից է համարում բազմաթիվ գործընկերների աջակցությունը. “Հաշմանդամությունը ոչ թե անձի, այլ հասարակության խնդիրն է: Հասարակության վերաբերմունքի փոփոխությունը դրական առումով եւս մեծագույն ձեռքբերում եմ համարում’’:

“Հույսի կամուրջ”-ը նշել է 15-ամյակը


Միջոցառման ողջ ընթացքում դահլիճում տեղադրված մեծ էկրանին ցուցադրվել են կազմակերպության գործունեության մասին պատմող տեսանյութեր: Ցուցադրվել է նաեւ “Հույսի կամուրջ’’-ի հիմնի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որտեղ հաշմանդամություն ունեցող երեխաների եւ երիտասարդների հետ մեկտեղ մասնակցում են հայկական շոու-բիզնեսից Ռոլանդ Գասպարյանը, Նազենի Հովհաննիսյանը, Ավետ Բարսեղյանը, Լուիզա Ներսիսյանը եւ այլք:

Երեկոյին մասնակցել են նաեւ լրագրող-մոդել Անի Քոչարն ու ամուսինը` “Աշխարհն առանց արգելքների’’ հ/կ նախագահ Արման Մուշեղյանը: “Կարեւորը մարդու էությունը տեսնելն է, այլ ոչ թե պարզապես արտաքինին նայելն ու հաշմանդամություն տեսնելը’’,- նշել է Անին, ում ամուսինը անվասայլակց է օգտվում: Լրագրող-մոդելը պատմել է իրենց սիրո պատմությունն ու նշել, որ “առաջին հայացքից հենց ամուսնու ներաշխարհն է տեսել ու գերվել”: Անին, չկարողանալով թաքցնել հուզմունքը, արտասվել է:

Այնուհետեւ բեմ է դուրս եկել Անդրեն ու կատարել  “Իմ սերը քեզ’’ երգը: Ելույթից հետո երգիչը նշել է. “Սցենարով այլ երգ էր նախատեսված, բայց երգեցի այս երգն ու ցանկանում  եմ, որ Անիի ու Արմանի սերը նույնպես հավերժ լինի’’:

Կազմակերպության 15-ամյակի միջոցառմանը երգել են նաեւ, Մարատ Հայրապետյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Անահիտ Շահբազյանը, Արսեն Սաֆարյանը եւ ուրիշներ:

Արման Մուշեղյանն ու Անի Քոչարը


Շնորհակալության խոսքերով են հանդես եկել հաշմանդամություն ունեցող երիտասարդները: Նրանք պատմել են, թե ինչ դեր է ունեցել կազմակերպությունն իրենց կյանքում:

Միջոցառման վերջում ներկաներին ողջունել է “Ռազմիկ եւ ընկերներ” խումբը: Բեմում հայտնված բազմաթիվ երեխաները ձայնակցել են Ռազմիկին. “Թող միշտ լինի մայրիկը, թող միշտ լինի արեւը, թող միշտ լինի երկինքը …”:


“Հույսի կամուրջ’’ հ/կ-ն հիմնադրվել է 1996 թվականին: Կազմակերպության առաքելությունն է պաշտպանել հաշմանդամություն ունեցող երեխաների եւ երիտասարդների ընտանիքների իրավունքներն ու արժանապատվությունը եւ նպաստել նրանց սոցիալական ներառմանը Հայաստանում:

Կազմակերպության տարեդարձին նվիրված մի շարք միջոցառումներ արդեն իրականացվել են Երեւանում եւ Տավուշի մարզի չորս քաղաքում, ուր գործում են երեխայի զարգացման եւ ընտանիքի աջակցության համայնքային կենտրոնները: “Հույսի կամուրջը’’ հավատում է, որ “խտրականությունը հաշմանդամ մարդկանց նկատմամբ հնարավոր է վերացնել, եթե պետության եւ հասարակության կողմից դրսեւորվի համապատասխան կամք եւ ցանկություն` հետևելով արդարության եւ հավասարության սկզբունքներին: Մարդն է ստեղծում խտրականությունը և մարդն էլ կարող է այն վերացնել”:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW