Ըստ Բորխեսի՝ ամբողջ համաշխարհային գրականությունը բաժանվում է 4 հիմնական թեմայի՝ քաղաքի պաշարում, վերադարձ, Աստծո որոնում եւ զոհաբերություն։ Այդ հավերժական սյուժեներից վերադարձն է օգտագործել ֆրանսահայ դերասան եւ բեմադրիչ Սիմոն Աբգարյանն իր «Պենելոպե, օ՜, Պենելոպե» պիեսում, ապա՝ նաեւ ներկայացումում:
Նա Հոմերոսի հերոս Ոդիսեւսի անվերջ դեգերումների օրինակով ցույց է տալիս պատերազմի հետքերն ու հերոսի վրա թողած ծանր դրոշմները: Գրելու համար հիմք են հանդիսացել նաեւ սեփական մոր ապրումները, որը Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո 8 տարի սպասել է ամուսնուն:
Սիմոն Աբգարյանը
Ի տարբերություն Ոդիսեւսի, որն ամեն գնով ու փորձությունները հաղթահարելով տուն է ձգտում հասնել, Աբգարյանի Էլիասը (Վարշամ Գեւորգյան) համարյա տան շեմին է, սակայն ուժ եւ ցանկություն չունի բախելու դուռն ու ներս մտնելու: Նա հիասթափվել է պատերազմներից ու աշխարհի անարդարություններից, արդեն ինքն էլ չգիտի, թե ով է ու ինչ է ցանկանում, անգամ մոռացել է սիրելի կնոջ՝ Դինահի դեմքը:
Հոգնատանջ ու իր ներսում կյանքի նկատմամբ ծարավը մարած Էլիասը միայն մեկ բան է կրկնում. «Դժվարանում եմ ինքս ինձ ճանաչել: Սարսափ եմ ներշնչում ինքս ինձ: Պետք է վերջ դնել պատերազմին: Հրաժարվել եմ արյունից, այլեւս զենք չեմ վերցնելու, այլեւս չեմ սպանելու»:
Փոխարենը հաստատակամ է ու 20 տարի շարունակ ամուսնուն է սպասում Դինահը (Նարինե Գրիգորյան), որը թեեւ զայրացած է նրա վրա ու սեփական ցավը հունական ողբերգությունների մակարդակի է հասցրել, բայց շարունակում է մերժել մսագործի որդի չարագործ Անթեին (Նարեկ Բաղդասարյան): Ամուսնուց նրան միայն մնացել է պատին ընտանիքի մյուս անդամների նկարների կողքին ամրացրած նկարն ու հին մագնիտոֆոնով հնչող ձայնը, որը խոստանում է շուտ վերադառնալ: «Ողջերն ու մեռածները եկան, բայց դու այդպես էլ չես վերադառնում»,- կրկնում է Դինահը:
Նա հավատարիմ է իր խոսքին, ինքն իրեն ու բարոյական սկզբունքներին, դիմադրում է, որքան կարող է, մինչեւ որ սպառնալիքը հասնում է որդուն՝ Թեոսին (Անդրանիկ Միքայելյան): Առանց հոր մեծացած տղան մեկնում է նրան որոնելու՝ առանց իմանալու, որ սպասված հանդիպումը տեղի է ունենալու հենց իրենց կղզում, անսպասելի, բայց եւ ճիշտ պահին:
Էլ ինչ «Պենելոպե, օ՜, Պենելոպե», եթե անդրշիրիմյան աշխարհից վեր չեն հառնելու հանգուցյալներն ու իրենց խորհուրդներով չեն լցնելու երկրային աշխարհը: Այդ դերը հիանալի է կատարում Էլիասի մայրը՝ Նուրիցան (Ալլա Սահակյան): Իսկ Օդեսսան (Տաթեւ Հովակիմյան) միաժամանակ Էլիասի ներքին ձայնն է, խիղճն ու խորհրդատուն: Իր ոչ մեծ դերով հիշվում է նաեւ Միլենա Ղազարյանը (Սոֆյա):
«Արամ» ու «Արարատ» ֆիլմերից հայտնի Աբգարյանն առաջին անգամ է ներկայացում բեմադրում Հայաստանում: BRAVO.am-ի հետ զրույցում ռեժիսորը նշել է, որ ընտրություն կատարելուց առաջ բնավ չի ուսումնասիրել հայկական թատրոնները, պարզապես տարիներ առաջ Նարինե Գրիգորյանի հետ խոստացել են միասին աշխատել եւ մտահղացումն իրականություն են դարձրել:
«Ստեղծագործող մարդ եմ, իմ կյանքի նյութը վերցրել եմ ու վերածել թատրոնի։ Գործի հիմքում իմ ընտանիքի պատմությունն է, բայց այն ավելի առանձնահատուկ չէ մյուս հայ ընտանիքների տանջանքից: Նրանք ավելի սաստիկ ու անգութ ձեւով են տանջվել»,- պատմել է նա:
Ինչու են բացասական հերոսներն այդքան գրավիչ ու հիշվող լինում, եւս մեկ անգամ ցույց տվեց Նարեկ Բաղդասարյանը: Անթեյը խենթ է իր բոլոր դրսեւորումներով, բայց ներկայացումից հետո նրան ոչ մի դեպքում չեք մոռանա:
«Ի զարմանս ինձ՝ աշխատանքը բարդ չի տրվել, որովհետեւ հաճույքով եմ արել։ Տեքստն, իհարկե, շատ է, բայց հենց այդ պոետիկ լեզվի հաղթահարումն է դերասանական հետաքրքրությունը։ Վերջերս ինքս ինձ վրա զարմացա, որ այդքան չարություն կա մեջս. չէի սպասում»,- կատակում է Բաղդասարյանը, որն այս դերի համար «Արտավազդ»-ի է առաջադրված:
Նրա համար Անթեն ամենաողբերգական կերպարն է, որը մանկուց չսիրված է ու սովոր է ամեն ինչն ատելությամբ հաղթահարել:
«Ներկայացման գեղեցկությունն էպիկական ներքին շունչն է, որը գուցե առաջին հայացքից չի երեւում, բայց մեր մեջ ու մթնոլորտում կա: Ոդիսեւսի պատմությունը շատ հայտնի է, բայց գործողությունները մեր օրերում են կատարվում, ժամանակակից պիեսի ու հոմերոսյան պատմության միաձուլումը շատ հետաքրքիր է ստացվել։ Մերօրյա աշխարհում կերպարները խոսում են ոչ ժամանակակից մարդու պես, այլ ավելի գեղեցիկ։ Նրանց հույզերն են այդպիսին, ինչը լրացնում է նաեւ «Վանական» բենդն՝ իր ռոք երաժշտությամբ»,- ավելացրել է դերասանը:
Մերօրյա Ոդիսեւսը Վարշամ Գեւորգյանն է, որի արարքների հիմքում պատերազմից հետո ունեցած փնտրտուքներն են ու մեղքի զգացումը. «Ինչպես Սիմոնն է ասում. «Պրեմիերան մեր գործի շարունակությունն է, հանդիսատեսի համար է սկիզբ»։ Երկար ժամանակ աշխատում էինք ու վերջապես հադիսատեսի համար խաղացինք: Հաճելի է, որ արդեն նաեւ դրական արձագանքներ ենք լսում: Այս գործը դեռ փորձերի ժամանակ եմ սիրել, ուրախ եմ, որ հանդիսատեսը նույնպես հավանեց: Ո՞րն է ճշմարտությունը, պայքարե՞լ, թե՞ չպայքարել. Էլիասի մտորումներն ու անհանգստությունները բազմագույն են»:
Ներկայացումից հետո, երբ հյուրերն արդեն շնորհավորում էին ստեղծագործական կազմին, նկատեցի, թե Աբգարյանը որքան հուզված էր: Գեւորգյանից պարզեցի, թե ինչն էր պատճառը. «Սիմոնին ծանոթացրի ծնողներիս հետ: Նա իմ մասին լավ խոսքեր ասաց, ես՝ իր մասին, նաեւ շնորհակալություն հայտնեցի: Սիմոնը շատ լավ ընկեր է, փորձերից հետո հաճախ ենք երեկոները միասին անցկացնում: Մեր կապը հենց առաջին պահից եղավ: Երկուսս էլ չենք սխալվել ու ճիշտ ընտրություն ենք կատարել»:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
BRAVO.am


×
375






