Էությամբ զուսպ, ինքնամփոփ 21 տարեկան Աստղիկ Օհանյանը Վեդի քաղաքից ընթերցասեր հանրությանը երեւանյան “Բյուրոկրատ” գրախանութում փետրվարի 14-ին ներկայացավ բուռն, խենթություններով լի սիրո մասին պատմող իր առաջնեկ վեպով: Հետաքրքրական է, որ գրականության մեջ փորձ չունեցող աղջիկը որպես գրվածքի լեզու ընտրել է անգլերենը:
Աստղիկ Օհանյանը ներկայացրել է “Ներիր` ինձ չմոռանալու համար” վեպը
Անգլիայի Ֆոյքսթոն քաղաքում հանդիպում են 27-ամյա նկարիչ Ալեքսն ու 25-ամյա դաշնակահարուհի Էլիզաբեթը, եւ սկսվում է դրամատիկ սիրո պատմություն` հուզիչ եւ տխուր վերջաբանով. այսպիսին է “Ներիր ` ինձ չմոռանալու համար” վեպի համառոտ անոտացիան:
Մասնագիտությամբ լեզվաբան Աստղիկ Օհանյանը նշել է, որ դպրոցական տարիներին եւս ստեղծագործել է, սակայն միշտ կարծել է, թե գործերը հաջողված չեն. “Մեկ տարի առաջ միտք ծագեց այս վեպի մասին գրել, որի բովանդակությունը բավական ամբողջական պատկերված էր մտքումս: Այդպես սահուն էլ գրվեց 5-6 ամսվա ընթացքում, եւ այսօր գրքիս շնորհանդեսն է: Անչափ հուզված եմ եւ շատ ուրախ. այս ամենը ոգեւորում է ինձ ստեղծագործական ոլորտում հետագա անելիքներիս համար”:
Երիտասարդ գրող Աստղիկ Օհանյանը
Հաճելիորեն զարմացած եւ ուրախացած է դստեր ստեղծագործական հաջողություններով Աստղիկի մայրը` Ալվարդ Պապոյանը. “Երբ նկատեցի, որ երեկոներն առանձնանում ու փակվում է իր ննջարանում, հասկացա` հենց այդ ժամանակ էլ ստեղծագործում է: Երբեւէ չեմ մտածել, որ աղջիկս կարող է գիրք գրել: Դպրոցական տարիներին ես իրեն դասավանդում էի եւ շատ խստապահանջ էի: Միշտ էլ սիրել է տարբեր գրքեր կարդալ, եւ մի օր էլ որոշեց, որ ինքն էլ պետք է գիրք գրի, չնայած որ իր պապիկը եւս ստեղծագործել է”:
“Ներիր ` ինձ չմոռանալու համար” գիրքը հրատարակվել է Հայաստանի գրողների միության սեփական հրատարակչատանը: Երիտասարդ գրողը պատրաստվում է այս տարի ընթերցողների դատին ներկայացնել եւս մեկ գիրք կույր աղջկա եւ նրա առջեւ ծառացած սոցիալական մի շարք խնդիրների մասին:
Տեքստը` Ալվինա Սիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Տարոն Պապիկյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: