×


Ատոմ Էգոյան. ինքնության, ընտանիքի, սիրո եւ ակնոցների բանաձեւ

Մոտ 15 տարի առաջ ռուսական հեռուստաալիքներից մեկով մի ֆիլմ սկսվեց, լսեցինք հայկական անուն-ազգանուն` Ատոմ Էգոյան, ու դիտեցինք… Փոքր էի, ֆիլմն ինձ անհասականի էր, մինչեւ վերջ չդիմացա, բայց ռեժիսորի հետաքրքիր անունը հիշեցի: Մի քանի տարի անց այդ նույն անունով ռեժիսորի “Արարատ” ֆիլմը մեծ աղմուկ բարձրացրեց, ու, հավանաբար, յուրաքանչյուր հայ դիտեց այն: Երբ Երեւանում առաջին անգամ մեկնարկեց “Ոսկե ծիրան”-ը, կրկին լսեցի այդ նույն անունը: Փառատոնի շրջանակում տարբեր տարիներին հանդիպում էի նրան ու մասնակցում վարպետության դասերին: Ու միայն օրերս հասունացավ Ատոմ Էգոյանի հետ զրուցելու պահը:

Ատոմ Էգոյանը


-Պարոն Էգոյան, Ձեզ հետ հիմնականում կինոյի մասին են զրուցում: Կա՞ արդյոք այլ մի ոլորտ, որին վերաբերող հարց կուզեիք լսել:


-Այո… Բոլորն ինձ ճանաչում են իմ ֆիլմերով, բայց այս տարի շատ աշխատանք եմ կատարում օպերային արվեստում, ինչի վերաբերյալ էլ կուզեի հարցեր լսել ու զգալ մարդկանց հետաքրքրվածությունը: Արդեն երեք օպերա եմ բեմադրել: Շատ գաղափարներ ունեմ, որոնք փորձում եմ իրականացնել: Կարելի է ասել` հետազոտություններ եմ կատարում բեմում, փորձում եմ գտնել մի լեզու, որն ավելի փոխկապակցված կդարձնի երաժշտությունն ու բեմադրությունը:

Հիմա նաեւ նոր ֆիլմիս համար գրված երաժշտության վրա ենք աշխատում կոմպոզիտոր Մայքլ Դենայի հետ ու գիտես, թե ինչ եմ հասկացել` ամենից շատ սիրում եմ “խաղալ” երաժշտության ու պատկերների հետ: Հենց այդ զգացողությունն է ամենագրավիչն աշխատանքիս ընթացքում:

Ատոմ Էգոյանը


-Ձեր ֆիլմերում միշտ է հնչել երաժշտություն, բայց հիմա այնպես եք խոսում, կարծես դրա հետ “խաղը”  նոր է Ձեզ համար:

-Միշտ էլ մասնակցել եմ ֆիլմերիս համար երաժշտություն ստեղծելու գործընթացին, բայց հիմա նոր բան եմ բացահայտել ինձ համար` հաճույք եմ ստանում հենց երաժշտության համար պատկերներ ստեղծելուց, իսկ նախկինում միշտ հակառակն է եղել:

Լավ, մի րոպե, հիմա էլ դու ինձ այնպիսի հարց տուր, որ կարծում ես` երբեք չեմ լսել:

-Ինձ միշտ հետաքրքրել է ակնոցը, առանց որի Ձեզ երբեք չեմ տեսել: Այն կարծես Ձեր այցեքարտն է: Ինչո՞ւ եք ընտրել հենց կլոր շրջանակներ: Ձեր ոճի մի մասն է. հայտնի ռոքերների՞ց եք ոգեշնչվել:

-Այնքան երջանիկ եմ, որ այս ակնոցն եմ կրում: Այն հեղինակել է դիզայներ Թրոթլը: Ակնոցիս շնորհիվ ինձ այնքան պաշտպանված եմ զգում: Այս տարեսկզբին նկարահանման հրապարակում մի լար պոկվեց ու դիպավ աչքերիս: Նայիր, ապակու վրա քերծվածքներ կան: Եթե ակնոցս չլիներ, վնասվածք կստանայի:

Կարծում եմ` կլոր շրջանակները միաձուլվում են երկրագնդի հետ: Միայն այդպիսիք են սազում ինձ ու օրգանական դիտվում դեմքիս հետ:

Ատոմ Էգոյանը եւ Արսինե Խանջյանը


-Կինոքննադատները բնութագրում են Ձեր աշխատանքները որպես մեկուսացման թեման շոշափող եւ հերթականություն չունեցող իրադարձությունների ընթացք, ինչն էլ հանդիսատեսի յուրահատուկ էմոցիոնալ ռեակցիայի առիթ է դառնում: Այս բնորոշումը կարո՞ղ է բնութագրել նաեւ Ձեզ որպես անհատականություն:

-Ինքս մեկուսացած անձնավորություն չեմ, հակառակը` շփվող եմ: Բայց հենց այդ կերպ եմ սիրում շարադրել պատմություններս, սիրում եմ, երբ արդյունքն անսպասելի է, ոչ թե պատկերների հստակ շարքի տրամաբանական հանգուցալուծում: Այսպես կարողանում եմ հարաբերություն ստեղծել ֆիլմի ու հանդիսատեսի միջեւ: Կինեմատոգրաֆի ամենահզոր ուժը նրանում է, որ այն անմիջական մուտք ունի ցանկացած ասպարեզ, կարողանում է վիզուալացնել պատկերացումները, որովհետեւ մարդիկ ուզում են հավատալ էկրանին յուրաքանչյուր տեսածին: Բայց հատուկ չեմ անում. սցենարներս այդպիսին են ստացվում: Մարդու կյանքը մի պահ չէ, այլ` բազմաթիվ պահերից կազմված մի հիշողություն, իսկ կինոյի միջոցով կարողանում ենք ներխուժել ցանկացած պահ ու վիզուալացնել այն:

-Որտե՞ղ են ծնվում այդ պատմությունները, որ հետո մարդկային կյանք ներխուժող ֆիլմ են դառնում:


-Ես կարող եմ սցենար գրել ինքնաթիռում, սեփական բնակարանում եւ այլուր: Իհարկե, սիրում եմ, երբ ստուդիայում եմ, որտեղ իմ անկյունն ունեմ. միացնում եմ երաժշտությունը, որ համեմում է մտքերս, սուրճ եմ խմում ու գրում:

Ատոմ Էգոյանը


- Երբեւէ մտածել եք`  ինչ կլիներ, եթե ծնվեիք ոչ թե Կահիրեում, այլ Երեւանում: Ի՞նչ կպատահեր Ձեզ հետ, կարծո՞ւմ եք` կյանքի նույն ուղղին կընտրեիք:

-Երբեք չեմ մտածել այդ մասին, բայց մտածել եմ, թե ինչ կլիներ, եթե ընտանիքս մնար Եգիպտոսում եւ չտեղափոխվեր Կանադա: Ծնվել եմ որպես հայ, երբ ընտանիքս տեղափոխվեց Կանադայի արեւմտյան հատված, մենք այնտեղ բնակվող միակ հայ ընտանիքն էինք: Այդ ժամանակ հեռացա հայկական արմատներիցս: 18 տարեկանում ընդունվեցի Տորոնտոյի համալսարան, այդ շրջանում մի խումբ հայեր ահաբեկչական գործողություններ իրականացրին թուրքական դեսպանատան մոտ: Դրա իմաստը փնտրելու ընթացքում հասկացա, որ սեփական արմատներս ճանաչելու եւ գիտակցելու ճանապարհին եմ: Որոշ ժամանակ անց վերադարձա հայկական արմատներիս: Եթե, օրինակ, տասը տարի առաջ գայի Տորոնտո, գուցե այդ պայթյունները տեղի չունենային, եւ ինքնությունս այդպես էլ չճանաչեի: Հետո միջազգային հարաբերություններ ուսումնասիրեցի, որպեսզի խորացնեմ գիտելիքներս այս ոլորտում եւ կարողանամ պատասխանել բոլոր հարցերին: Կարծում եմ` հենց այս եւ այլ մի քանի իրադարձությունների շարքն է կառուցել ինձ որպես անձնավորություն, ռեժիսոր Ատոմ Էգոյան:

Ատոմ Էգոյանը


-Վերադառնալով արմատներին` Դուք, այնուամենայնիվ, շարունակում եք ավելի վարժ խոսել անգլերեն:):

-Հայերեն խոսում եմ փոքր երեխայի նման, որովհետեւ հենց այդ տարիքում դադարեցի օգտագործել մայրենին: Երբ տանը լսում էի հայերենը, փակում էի ականջներս ու դիմակայում: Հիմա հականում եմ` անգլախոս միջավայրում էի ապրում ու չէի ուզում տարբերվել հասակակիցներիցս: Ինձ համար հայ լինելն ինքնության, պատմության, մշակույթի հարց է, լեզուն ավելի երկրորդական եմ համարում: Մոնրեալում ապրող բարեկամներս` մորեղբորս ընտանիքը, պահպանել է հայերեն խոսելու ավանդույթը ու միշտ հարցնում էին ծնողներիս, թե ինչու չեն սովորեցրել ինձ մեր լեզուն: Այդ հարցից միշտ նեղվում էի. տեղացի հայերն ավելի լավ են հասկանում ինձ:

Ի դեպ, զվարճալի մի բան պատմեմ քեզ. երբ հանդիպեցի Արսինեին, հետո ներկայացրի բարեկամներիս, նրանք ավելի մտերմացան ինձ հետ, որովհետեւ վերջապես հայտնվեց մեկն, ով իրենց նման է: Արսինեն լավ է խոսում հայերեն:

-Այդ պահից մոտ 30 տարի է անցել, Արսինեն մինչ օրս շարունակում է ոգեշնչել Ձեզ: Դուք օրինակելի զույգ եք շատերի համար, ովքեր նայում են ձեզ ու հավատում սեր ասվածին:

-Խելագարություն է, չէ՞. 30 տարի է` միասին ենք: Այո, Արսինեն միշտ ոգեշնչում է ինձ, բայց ամեն ինչ հարթ չէ, հարաբերությունները պետք է ալեկոծվեն, որ միշտ հետաքրքիր լինի: Ձանձրույթը կարող է կործանել ամեն ինչ: Մենք շատ ժամանակ ենք անցկացնում միմյանցից հեռու, Արսինեն նկարահանումների է, ես` նույնպես: Բայց հենց այդ հեռավորությունն է ստիպում մեզ անդադար մտածել միմյանց մասին ու կարոտել, կարծում եմ` դա խթանի նման մի բան է:

Զրուցեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Լուսանկարները` Mana Litta-ի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW