×


Ռոզի Ավետիսովա. «Իմ ամառային անմոռանալի համբույրը եղել է Արցախում»

Թեեւ ամառն ավարտին է մոտենում, Ռոզի Ավետիսովայի հետ այն որքան հնարավոր է երկարացնում ենք ջերմ հիշողություններով: Դերասանուհու հետ BRAVO.am-ի նոր զրույցը ձեզ կտանի նավով զբոսանքի եւ կոգեշնչի սեր խոստովանել, եթե սիրահարված եք, բայց թաքցնում եք ձեր զգացմունքները: 

- Ինչո՞ւ եք սիրում կամ հակառակը՝ այդքան էլ չեք հավանում այս եղանակը:

- Ամառը տարվա իմ ամենասիրելի եղանակն է: Ես արեւի ու տաքության մարդ եմ: Մրսկան եմ ու այդ պատճառով մնացած եղանակներն իմը չեն: Թեեւ աշնանն եմ ծնվել ու այն էլ իմն եմ համարում, բայց ամռանը ծաղկում եմ, որովհետեւ արեւ ու արեւային համբույրներ կան:

- Ամառային ի՞նչ սովորություն կամ արարողակարգ ունեք։

- Տեւական ժամանակ է՝ ամռանը ծանրաբեռնված աշխատում եմ: Չգիտեմ էլ՝ դա ինչ արարողակարգ ու սովորություն է, լավ է, թե վատ, բայց ամեն դեպքում ամառը մասամբ եմ վայելում, քանի որ գերծանրաբեռնված շրջան է թատրոնում ու նկարահանումների առումով:


- Ինչպե՞ս է ամառն ազդում Ձեր ստեղծագործական էներգիայի վրա:

- Բավական լավ է ազդում, քանի որ արդեն փաստացի որերորդ տարին աշխատում եմ: Թեեւ շոգ է լինում, բայց իմ առույգության ու աշխուժության վրա վատ ազդեցություն չի ունենում, ու ստեղծագործական էներգիայի պակաս դեռեւս չեմ զգացել:

- Ամենաանմոռանալի ու թեժ ամառը: 

- 3 տարի առաջ 40 օր անցկացրել եմ Իտալիայում, որից 3 շաբաթը Լիգուրիայում ծովի ափին էի: Իմ կյանքի անմոռանալի ամառն էր, քանի որ 3 շաբաթ ծովում լինելու հնարավորություն մեկ էլ չգիտեմ՝ երբ կունենամ: Իսկ ես ջրի, ծովի, ավազի եւ արեւի մարդ եմ: Գուցե շատերի համար արեւի տակ երկար պառկելը կամ լողափին լինելը ձանձրալի զբաղմունք է, բայց ինձ համար կյանքի ամենահրաշալի պահերից է: Կարծես թե երջանիկ լինելու համար ինձ շատ բան պետք չէ՝ մի հետաքրքիր գիրք, արեւապաշտան քսուք, ծով ու արեւ:  

- Արդյոք ունեցե՞լ եք ամառային սիրավեպ, որը մինչ օրս հիշում եք:

- Ամառային սիրավեպ երբեք ու ոչ մի տեղ չեմ ունեցել (ծիծաղում է,-հեղ.): Իմ կյանքում այդպես էլ ծովափնյա սիրավեպ չի եղել, դրա մեջ որեւէ հետաքրքրություն չեմ գտել, կամ գուցե այդ մեկին չեմ հանդիպել: 

- Ի՞նչ կտանեք Ձեզ հետ անմարդաբնակ կղզի:

- Պարտադիր պետք է գիրք եւ հետաքրքիր ֆիլմեր ունենամ ձեռքիս տակ, որովհետեւ առանց դրանց իմ գոյատեւումը որպես մարդ հնարավոր չէ պատկերացնել:

- Սիրելիի հետ ի՞նչ հետաքրքիր ամառային արկած կցանկանաք ունենալ: 

- Կցանկանամ, որ ծովում լինի, քանի որ այնտեղ ամեն դեպքում որոշակի վտանգ ու էքստրիմի չափաբաժին կա, ինչն իմ դուրը գալիս է: Կուզեմ մեծ նավով շրջագայության մեկնենք. ծովի վրա շաբաթներով ապրելու միտքը սրտովս է: Երեւի դա միակ բանն է, որ դեռեւս չեմ փորձել, եւ ուզում եմ այդ սխալը շատ շուտ ուղղել:

- Ո՞րն է կատարյալ ամառային ժամադրությունը:

- Այն, չգիտես՝ ինչու, պատկերացնում եմ Իտալիայի հարավում՝ ծովին շատ մոտ, պարտադիր երեկոյան կամ մայրամուտին, մեկ գավաթ ապերոլ շպրիցով եւ մի մարդու հետ, որի հետ առաջին հերթին հետաքրքիր կլինի երկար խոսել: 


- Ինչպե՞ս է ամառն ազդում սիրելու կամ սիրահարվելու վրա:

- Կարծում եմ՝ ամառն անհարմար շրջան է սիրելու եւ սիրահարվելու համար (ծիծաղում է,-հեղ.), թեեւ իմ կյանքում պատահել է, բայց էմոցիաների ու զգացողությունների առումով ավելի շատ աշնան մարդ եմ:

- Ո՞րն է եղել ամառային անմոռանալի համբույրը եւ որտե՞ղ:

- Իմ ամառային անմոռանալի համբույրը եղել է Արցախում: Այն շատ տաքուկ ու տխուր հույզերով եմ այս պահին հիշում:

- Որո՞նք են ամռանը սիրելիի հետ նախընտրած հետաքրքրիր զբաղմունքները:

- Չեմ կարող նշել, քանի որ այս պահին սիրելի չունեմ, եւ ցանկացած մարդու հետ զբաղմունքներն ու հետաքրքրություններն այլ են:

- Ինչպե՞ս էիք փոքր տարիքում սիրում անցկացնել ամառը:

- Փոքր տարիքում ամառն ինձ համար ասոցացվում էր դպրոցի ավարտի եւ անվերջանալի բակային խաղերի հետ: Դրանք մանկության հետ կապված  ամենահաճելի հիշողություններն են: Այդ տարիներին մի ուրիշ ուրախությամբ էինք նշում Վարդավառը: Գուցե երեխա էինք ու այդ տոնը մեզ համար կրկնակի հետաքրքիր էր: Միշտ սրտատրոփ էին սպասում ամռանը:

- Ի՞նչ եք հասցրել առաջին անգամ անել այս ամռանը: 

- Այս ամռանը բարեբախտաբար հասցրել եմ ինձ համար բացահայտել Կիպրոսը: Թեեւ կարճ, բայց հանգստացել եմ, հետո կրկին լծվել աշխատանքին: 

- Ամառային սիրելի ուտելիքները: 

- Ամռանը շատ եմ սիրում խորոված բանջարեղեն: Մրգերից կառանձնացնեմ թութը: Այն ինձ համար ասոցացվում է ամառվա սկզբի հետ ու ամենահաճելի պահերից մեկն է:

- Ուտեստներ, որ կարողանում եք պատրաստել:

- Չեմ կարող առանձնացնել, քանի որ այն, ինչ պատրաստում եմ, գրեթե միշտ համեղ է լինում:

- Զովանալու տարբերակներ:

- Կարող է զարմանաք, բայց ինձ համար զովանալու տարբերակներից առաջինը տաք թեյն է, իսկ լողավազանի տարբերակը, դե, գիտենք, որ կա ու կա:

- Ամռանը դիտելու ֆիլմ կամ սերիալ:

- Ամռան հետ ասոցացվող ֆիլմը «Վիկի Քրիստինա Բարսելոնա»-ն է:

- Լավագույն գրքերը առման մասին:

- «Կեր, աղոթիր, սիրիր»-ը թերեւս լավագույն ընտրություններից է ամռան համար: 

- Հայաստանում ամռանն այցելելու 3 վայր:

- Դիլիջան, Դենդրոպարկ ու Սեւան՝ Ճայերի կղզի:

- Ինչպե՞ս եք պահում մարզավիճակն ու ի՞նչ առողջ սովորություններ ունեք:

- Ամռանը մարզավիճակս պահում եմ ինչպես թատրոնի ակտիվ փորձերի, այնպես էլ նրա շնորհիվ, որ անկախ եղանակից՝ ամեն դեպքում հաճախում եմ մարզադահլիճ:

- Ի՞նչն է տարվա այս եղանակին Ձեզ ամենաշատը ոգեշնչում:

- Երեւի ոգեշնչում է այն միտքը, որ ծով գնալու ու այն վայելելու հնարավորություն կա:

- Ո՞րն է կատարյալ ամառը Ձեզ համար:

- Կատարյալ ամռանը ցերեկը դու վայելում ես ալիքներն ու ջուրը, իսկ հետո ակտիվ երեկոյան կյանք ունես: Ի միջի այլոց, ցանկացած հանգստի դեպքում սիրում եմ աղմկոտ երեկոներ ու գիշերներ. գերպասիվ հանգիստն ինձ համար չէ:


- Ի՞նչ է պետք անպայման հասցնել անել այս ընթացքում:

- Ցանկալի է հասցնել շատ գնալ լողավազան, եւ իմ դեպքում՝ ավարտել նոր ներկայացումներս: 

- Ինչի՞ բույրն առնել:

- Անպայման շնչել թարմ մրգի ու բանջարեղենի հոտը, որովհետեւ ամռանը դրանք առանձնահատուկ են բուրում:

- Ի՞նչ շոշափել:

- Ծովն ու ավազը:

- Ի՞նչ դիտել:

- Պարտադիր դիտել սիրունագույն ֆիլմեր կամ սերիալ, իսկ եթե ավելի մեծ հնարավորություններ կան, շատ-շատ տեսարժան վայրերում լինել, որոնք հատկապես գեղեցիկ են ամռանը: 

- Որտե՞ղ լինել:

- Լինել այն վայրերում, որտեղ երազում եք: Թեկուզ կարճ ժամանակով, բայց լինել:  

- Ո՞ւմ գրկել պարտադիր:

- Գրկել ամենասիրելի մարդկանց, որոնց գուցե հնարավորություն չի ընձեռվել տարվա ընթացքում տեսնել, եւ հիմա հիանալի առիթ է դա անելու: 

- Ի՞նչ սովորել:

- Սովորել լողալ:

- Կարդալ:

- Մի փոքր կարդալ ճապոնական պոեզիա, եթե դա եւս չեք հասցրել:

- Լսել:

- Պարտադիր լսել սիրելի մարդկանց եւ լավ երաժշտություն:

- Ի՞նչ չթաքցնել:

- Երբեք չթաքցնել, որ սիրահարված եք: Կարծում եմ՝ մարդն ամենագեղեցիկն ու իսկականը հենց սիրահարված ժամանակ է:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Ռոզի Ավետիսովայի անձնական արխիվից


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW