×


Էլվինա Մակարյանի՝ 2007-ին չկայացած համերգի հուզումնառատ իրականացումը նրա 75-ամյակի օրը

Մթության մեջ լսվեց մի ձայն. «Ինձ թվում էր, թե ես ոչ մեկին պետք չեմ ու ոչ ոք ինձ չի հիշում: Օպերա, ջազ բենդ, 2007 թ.: Իզուր համաձայնեցի»։ 

Առաջին իսկ վայրկյանից հանդիսատեսը դարձավ Էլվինա Մակարյանի՝ հայկական Էդիթ Պիաֆի ողբերգական ճակատագրի լուռ վկան: Մտովի երգչուհու հետ քայլեցինք բոլոր այն ճանապարհներով, որոնք ռեժիսոր Արթուր Սահակյանը ներկայացրել էր նրբանկատորեն ու հետաքրքիր լուծումներով՝ Ռուզան Մինասյանի սցենարի հիման վրա: 

Իլոնա Սագիեւան


Հանդիսատեսի ձեռքը բռնած՝ Էլվինա Մակարյանի ապրումներին հաղորդակից դարձրեց ջազ երգչուհի, դերասանուհի Իլոնա Սագիեւան։ Նա կարողացավ փոխանցել Էլվինայի խառնվածքը, ներաշխարհն ու ապրումները, երբ ամեն անգամ նրա առջեւ փակվում էին դռները։ Պատահական չէ, որ ռեժիսորը Սագիեւային տվել է «դերարար» բնորոշումը: Իսկ ինչո՞ւ «Չկայացած համերգ»։ Տարիներ առաջ Արթուր Սահակյանին առաջարկում են կազմակերպել Էլվինայի համերգն Օպերային թատրոնում՝ ջազ բենդի մասնակցությամբ։ Որոշված էր անգամ համերգի օրը՝ 2007 թ.-ի մայիսի 30-ին: Բայց համերգը չկայացավ, իսկ հուլիսի 9-ին երգչուհին հեռացավ աշխարհից:

18 տարի անց՝ երգչուհու ծննդյան օրը, չկայացած համերգը նույն ծրագրով կայացավ Երգի պետական թատրոնում, բայց առանց Էլվինայի... Մոտ երկու ժամ հանդիսատեսը շունչը պահած հետեւում էր բեմադրությանը՝ կարծես վերապրելով այն տարիները, երբ արտիստը դուրս էր գալիս բեմ, եւ հնչում էր նրա թավշյա ու խռպոտ ձայնը։ Ձայն, որը հուզում էր: Իսկ Իլոնան հրաշալի էր կերտել մեծ արտիստի, իսկական երեւանցու կերպարը՝ անչափ բնական ու զգացմունքային: 


Բեմադրիչ Արթուր Սահակյանը համադրել էր Էլվինայի կենսագրությունը համապատասխան երգերի հետ՝ դարձնելով ամբողջական պատմություն. «Նրա հետ կյանքումս երկու անգամ էի հանդիպել: Երրորդ անգամ պետք է հանդիպեինք այս համերգի համար, բայց չստացվեց: Երկու անգամ եմ հանդիպել, բայց նա ինձ համար հարազատ մարդ էր: Ես շատ ծանր եմ տանում այս հուզմունքը...»։

Բեմադրիչ Արթուր Սահակյանը


Իլոնա Սագիեւայի համար համերգն առանձնահատուկ էր. «Սցենարը սովորելիս հուզվում էի, երգերը երգելիս լաց էի լինում: Մենք բնավորությամբ շատ նման ենք, եւ գիտեմ, թե ինչ դժվար է այդպես ապրելը, պատեր ջարդելը: Էլվինայի գույնն անհրաժեշտ է բոլորիս: Իհարկե, այս գնով չէի ցանկանա մարմնավորել իր կերպարը: Ցավում եմ, որ արվեստագետներին լքում են, վռնդում, փոխարենը գնահատեն կենդանության օրոք»։

Երգչուհին անդրադարձավ նաեւ այն մեկնաբանություններին, թե ինքն ու Մակարյանը նման են արտաքին եւ ձայնային տվյալներով. «Դիմում եմ այն մարդկանց, որոնք ասում են, թե ինչքան էլ ուզեմ, Էլվինա չեմ դառնա: Իհարկե, չեմ դառնա: Ես չեմ ուզում նմանվել իրեն: Նա հանճարեղ էր, ես ունեմ իմ գույնը»: 

Մոնոներկայցման գաղափարը ծագել է «Գաֆեսճյան» կենտրոնում տեղի ունեցած համերգից հետո։ «Առավոտ» օրաթերթի լրագրող Ռուզան Մինասյանը, որն Էլվինա Մակարյանի մտերիմներից է, այդ միջոցառման ընթացքում միացրել է 30-ամյա վաղեմություն ունեցող ձայնագրությունն ու հուշեր պատմել երգչուհուց։ Ռեժիսոր Արթուր Սահակյանն էլ հորդորել է հուշերը թղթին հանձնել:

Սցենարի հեղինակ Ռուզան Մինասյանը


«Միշտ վախենում եմ հուշերը մարդկանց փոխանցելուց, որովհետեւ հուշագրության մեջ սարսափելի պատասխանատվություն կա, եւ վախը մեծության հանդեպ թույլ չի տալիս շահարկել մտերմությունը»,- ասաց սցենարի հեղինակ Ռուզան Մինասյանը: 

Հետագայում արդեն Արթուր Սահակյանը հուշագրություն-սցենարից հուզումնառատ ու ազդեցիկ ներկայացում ստացավ: «Իլոնան իրապես դերն արարեց, ոչ թե կատարեց: Դահլիճում այն զգացողությունն ունեի, որ Էլվինան սկզբից մինչեւ վերջ մասնակցեց իր տարեդարձին, ինչի համար ասում եմ՝ շնորհավոր, թանկ ներկա»,- ընդգծեց Ռուզան Մինասյանը: 

Իլոնա Սագիեւան


Հ․Գ. Ռեժիսոր Արթուր Սահակյանն Իլոնա Սագիեւային նվիրել է կրծքազարդ, որն  իրեն նվիրել էր Էլվինա Մակարյանը։ Սահակյանն ասում է՝ էլվինայի գործածն է, Իլոնան էլ շեշտում, որ կրծքազարդն իր համար թալիսման է դարձել:

Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW