Արամ MP3-ի “Not Alone” եվրատեսիլյան երգը պրեմիերայի օրվանից ոչ ոքի “մենակ չի թողնում”:): “YouTube”-ում մրցույթի պաշտոնական էջում հայաստանյան տեսահոլովակն այս պահի դրությամբ ունի ամենաբարձր արդյունքները` 725.493 դիտում: BRAVO.am-ը ներկայացնում է մեր նախորդ տարիների մասնակիցների կանխատեսումները “Եվրատեսիլ 2014”-ում Հայաստանի հաղթանակի հավանականության վերաբերյալ:
Անդրեն "եվրատեսիլյան" բեմում
Անդրե.“Հաղթանակի հոտ եմ առնում”
Երբ առաջին անգամ լսեցի երգը, ասացի, որ այն ունի շատ հզոր էներգետիկա եւ ուժ: Լավ կանխազգացումներ ունեմ (ժպտում է-հեղ.): Հաղթանակի հոտ եմ առնում: Տա աստված… Սրտացավորեն հետեւում եմ նաեւ երգի գրանցած հաջողություններին Եվրոպայում: Պրեմիերայի օրը 1 ժամվա ընթացքում եվրոպական ամենահայտնի բուքմեյքերական ընկերությունում Հայաստանը 5-րդից բարձրացավ երրորդ հորիզոնական, ապա դարձավ առաջատար: Եվրոպացիների արձագանքը շատ բուռն է: Մեր մասնակիցն ու երգը քննարկվում են այնպես, ինչպես դեռ երբեւէ չի եղել: Ես իսկապես շատ ուրախ եմ եւ երջանիկ:
Հայկոն "եվրատեսիլյան" բեմում
Հայկո. “Ինձ դուր է գալիս “Վիտամին” ակումբի տղաների համախմբվածությունը”
Երգն ինձ շատ է դուր եկել: Նրա մեջ ժամանակի շունչը կա: Շատ գեղեցիկ է ստացվել նաեւ տեսահոլովակը: Բացի նրանից, որ Արամին համարում եմ շատ տաղանդավոր երաժիշտ, ինձ դուր է գալիս նաեւ “Վիտամին” ակումբի տղաների համախմբվածությունը: Այս ամենն ինձ ոգեշնչում է: Այս օրերին հետեւում եմ նաեւ եվրոպական բուքմեյքերական ընկերությունների տվյալներին. մեր երգն առաջին հորիզոնականում է: Նշեմ, որ այս ընկերությունները շատ հազվադեպ են սխալվում: Այնպես որ, կարծում եմ` Հայաստանը հատկապես այս տարի մեծ շանսեր ունի հաղթելու:
Սիրուշո .“Երգն իսկապես լավն է”
Ինձ հատկապես դուր է եկել երգի առաջին հատվածը: Անկախ “Եվրատեսիլ”-ից` այն իսկապես լավն է թե՛ տրամադրությամբ, եւ թե՛ օգտագործված գործիքներով, Արամն էլ շատ գեղեցիկ է կատարում:
Ինգա եւ Անուշ Արշակյանները "եվրատեսիլյան" բեմում
Ինգա եւ Անուշ Արշակյաններ.“Փորձը ցույց է տալիս, որ լավ արդյունքի հասնում են ուրույն ոճ ունեցողները”
Հրաշալի երգ եւ գերազանց կատարում: Իհարկե, հաղթանակի շանսերի մասին դժվար է խոսել, քանի որ ամեն տարվա եզրափակիչ փուլի արդյունքները անսպասելի են եւ վիճելի: Դժվար է մշակել մի բանաձեւ, որին կարող ենք հետեւել մասնակիցների հաղթանակը որոշելիս: Փորձը ցույց է տալիս, որ լավ արդյունքի հասնում են նրանք, ովքեր ուրույն ոճ են գտնում եւ զարգացնելով հասնում են վարպետության: Մեզ համար Արամի կատարումն արդեն լավագույնն է` անկախ մրցույթի արդյունքներից:
Եվա Ռիվասը "եվրատեսիլյան" բեմում
Եվա Ռիվաս.“Մեզ անհրաժեշտ է այս հաղթանակը, եւ Արամը կարող է այն բերել”
“Not Alone”-ը շատ արտասովոր, հետաքրքիր ու ազդեցիկ է: Այն շատ սազում է Արամին: Ինչ վերաբերում է Եվրոպայի արձագանքներին, դրանք միշտ շատ անկանխատեսելի են, բայց հուսով եմ, որ երգը կընդունվի ու կսիրվի եվրոպացիների կողմից: Արամին մաղթում եմ, որպեսզի կարողանա գերել հանդիսատեսի եւ հեռուստադիտողների սրտերը, եւ Հայաստանը գրավի ամենաարժեքավոր տեղը “Եվրատեսիլ 2014”-ում: Մեզ անհրաժեշտ է այս հաղթանակը, եւ Արամը կարող է այն բերել:
Էմմին "եվրատեսիլյան" բեմում
Էմմի. “Եթե 10 բալանոց համակարգով գնահատենք Արամին ու նրա երգը, ես կգնահատեմ…”
Թե՛ երգի ու տեսահոլովակի, թե՛ արտիստի ընտրությունն այս տարի ինձ շատ ոգեւորել է: Դրական եմ տրամադրված: Եթե 10 բալանոց համակարգով գնահատենք Արամին ու նրա երգը, ես կգնահատեմ 15:): Ինձ շատ ոգեւորում է նաեւ այն, որ շրջապատում բոլորը հավանել են երգը: Արամին մաղթում եմ հաջողություն: Եթե անգամ ֆիզիկապես չկարողանանք նրա կողքին լինել, չնայած` կկարողանանք (ծիծաղում է-հեղ.), ապա հոգեպես նրա հետ ենք:
Dorians-ը "եվրատեսիլյան" բեմում
Գոռ Սուջյան (Dorians). “Միայն կասեմ, որ երգն ինձ շատ է դուր եկել”
Մեր երգի հաղթելու շանսերի մասին խոսել չեմ կարող: Կսիրվի, կընդունվի Եվրոպայի կողմից, թե` ոչ, դժվար է կանխատեսել: Միայն կասեմ, որ այն ինձ շատ է դուր եկել:
Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: