Ժողովրդական ու գուսանական երգեր կատարող Արաքսյա Ամիրխանյանն ու երաժիշտ, գործիքավորող Լազարոն իրենց կյանքը միմյանց են կապել։ Զույգը նշանադրվել է հունիսին, ինչպես BRAVO.am-ին պատմել է երգչուհին, ավանդական նշանադրության փոխարեն ամուսնության ռոմանտիկ առաջարկ է ստացել.«Նա անակնկալ կերպով մատանի նվիրեց, երբ երկուսով էինք։ Ինձ համար անսպասելի էր, որովհետեւ մտածում էի՝ դեռ վաղ է։ Բայց որոշմանդ մեջ վստահ ես լինում, երբ շփվելով ու ճանաչելով, հասկանում ես, թե ինչպիսի մարդ է, ինչպես է ուզում քեզ երջանկացնել»։
Լազարոն եւ Արաքսյա Ամիրխանյանը
Լազարոն վերջին տարիներին բնակվում ու աշխատում է Նյու Յորքում, այժմ էլ կրկին վերադարձել է Միացյալ Նահանգներ, Արաքսյան հանրությանը հայտնի է դարձել «Հայ սուպերսթար 5» նախագծից. «Հեռակա կարգով իմացել ենք իրար, քանի որ նույն ասպարեզից ենք, բայց վերջերս ենք մտերմացել ու մեր հարաբերությունները կառուցել։ Հարսանիքի մասին դեռ չեմ կարող խոսել, բայց մոտ ապագայում այն տեղի կունենա»։
Հարութ Փամբուկչյանը եւ Արաքսյա Ամիրխանյանը
Երգչուհին այժմ համագործակցում է Հարութ Փամբուկչյանի հետ, մասնակցել է նրա երեւանյան մենահամերգին, որից հետո միասին ձայնագրում են ոչ շատ հայտնի ժողովրդական երգեր.«Արդեն մի քանի անգամ միասին երգել ենք կորպորատիվ միջոցառումների ժամանակ։ Այժմ աշխատանքներ են տարվում նոր տեսահոլովակ նկարահանելու համար։ Մանկուց լսել եմ Ձախ Հարութի երգերը, ինձ համար մեծ պատասխանատվություն է մեր համատեղ աշխատանքը։ Նա բեմից դուրս հասարակ ու մարդասեր է, ավելորդ լարվածություն չկա, հեշտությամբ համաձայնության ենք գալիս։ Այնպես է շփվում, որ անկախ տարիքից՝ կարող եմ համարել ինձ ընկեր։ Հաճույք եմ ստանում իր հումորներից ու դրական շփումից»։
Լազարոն եւ Արաքսյա Ամիրխանյանը
24-ամյա երգչուհին «Kohar» սիմֆոնիկ երգչախմբի ու նվագախմբի մենակատարներից է, նաեւ վոկալ է դասավանդում Նոր Նորքի Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցում։ Վերջերս փոքր մենահամերգ է ունեցել Շանթի «Արենա լայվ» ծրագրի շրջանակում. «Ներկայացրի Սայաթ Նովայի «Նազանի», «Բրոյի-բրոյի» եւ այլ երգեր։ Այժմ ձայնագրում եմ ժողովրդական երգեր ու շարաններ, այդ ժանրում եմ ինձ հիմնավորված զգում։ Կա կարծրատիպ, որ ժողովրդական երաժշտությունը հիմնականում մեծ տարիքի մարդիկ են լսում, ուզում եմ, որ նոր սերնդի կատարողներով ապրեցնենք ու նոր մոտեցմամբ ներկայացնենք մեր հին երգերը։ Իհարկե, կան երգեր, որ իրավունք չունենք արմատապես փոխել, բայց կարող ենք նոր գործիքավորումներով ավելի լսելի դարձնել»։
Նրա երգերի մի մասը գործիքավորում է Լազարոն.«Երաժշտական առումով մեր ճաշակներն ու մտածողությունը նման են, ոչ մի անհամաձայնություն դեռ չենք ունեցել։ Ըստ իս՝ նա տաղանդավոր երաժիշտ է, իր ոճում կայացած լինելով, նաեւ հետաքրքիր մտածելակերպ ունի իմ ժանրում։ Միասին շատ անելիքներ ունենք»։
BRAVO.am
Լուսանկարները` Արաքսյա Ամիրխանյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: