Մերօրյա գյուղացու կյանքն` իր լավ ու վատ կողմերով, առօրյա հոգսերով ու երազանքներով, ֆիլմաշարի տեսքով այս ամիս ցուցադրում է Առաջին ալիքը: 16 մասից բաղկացած “Մեր գյուղ”-ի բեմադրող ռեժիսորը Ելենա Արշակյանն է, սցենարի հեղինակներն են Հովհաննես Երանյանը եւ Սարգիս Հովսեփյանը, իսկ նկարահանումներն իրականացվել են Լոռու մարզի Դսեղ գյուղում:
\"Մեր գյուղը\" ցուցադրում է Առաջին ալիքը
Հայ գյուղի ողջ գունապնակը փորձում են ներկայացնել Վրույր Հարությունյանը, Ջուլիետա Ստեփանյանը, Դավիթ Հակոբյանը, Սոֆիկ Սարգսյանը, Արա Դեղտրիկյանը, Գուրգեն Սարգսյանը, Արեւիկ Գեւորգյանը եւ այլ դերասաններ, որոնցից մի քանիսը BRAVO.am-ին պատմել են իրենց մարմնավորած կերպարների մասին եւ ոչ միայն:
Արեւիկ Գեւորգյանը վերջին օրը տխրել է
Կարինեի դերակատար Արեւիկ Գեւորգյանի խոսքով` իր իրական եւ ֆիլմային ընտանիքները նմանություններ ունեն:).“Սցենարի որոշ հատվածներ ինձ համար հենց այդ պատճառով շատ ծիծաղելի էին. թվում էր` իմ ընտանիքի պատմությունն է: Ստեղծագործական թիմով էլ մի մեծ ընտանիք էինք դարձել, ապրում էինք հյուրանոցում: Դսեղում հիանալի աշուն էր, մթնոլորտը շատ ջերմ էր, ավելի մտերմացանք, երեւի հեռավորությունից էր, անդադար շփումից, փոքրիկ կոնֆլիկտներից ու համաձայնություններից: Շատ տխուր էի նկահարանման վերջին օրը”:
Արեւիկ Գեւորգյանը
Վերլուծելով իր կերպարը` նա ասել է, որ վերջինիս նման երազկոտ է եւ համարձակ.“Ես էլ գրքերի հանդեպ թուլություն ունեմ, նաեւ պլանավորում եմ գարնանն ընտանիքիս հետ հանգստանալ Դսեղում:)”:
Արա Դեղտրիկյանի “հեղինակություն տատիկը” :)
Արա Դեղտրիկյանը ֆիլմում մարմնավորում է գյուղապետ Կարայանին, որի համար հեղինակություն է տատիկը.“Շատ ծիծաղելի է, որ գյուղը վերջինիս անունով է: Անգամ գյուղապետարանի իր սենյակում փակցված է տատիկի նկարը:)”,-ասել է նա եւ հավելել.“Այսպիսի գյուղապետեր հիմա մեր շրջապատում կան: Ֆիլմում մրցակից գյուղապետերի քայլերը եւս նման են մերօրյա իրականությունում տեղի ունեցող դեպքերին”:
Կերպարը կերտելու համար դերասանին ոգեշնչել են թե´ Դսեղի չնաշխարհիկ բնությունը, թե´ այն, որ քաղաքից հեռու են եղել.“Հումորով ասում էինք` դառել ենք դսեղցի, մեզ պետք է գյուղի բնակչի կարգավիճակ տան: Դե, Երեւանի մեր գործերն էլ չէինք անտեսում. պատահել է, որ գիշերը ժամը երեքին նկարահանումից հետո ճամփա ենք ընկել դեպի քաղաք, որ այստեղի մեր ներկայացումներին, փորձերին հասնենք”:
Արա Դեղտրիկյանը
Նրա խոսքով` նկարահանման աբողջ ընթացքը բավական աշխատատար ու դժվար է եղել.“Անձնակազմը ջանք ու եռանդ չէր խնայում, որպեսզի սերիալը լավ ստացվի եւ հաջողություն ունենա: Կարծում եմ` այս աշխատանքն առանց գնահատականի չի մնա, եւ յուրաքանչյուր հերոս կսիրվի հեռուստադիտողի կողմից”:
Թեեւ նկարահանման պրոցեսում Դսեղը Արա Դեղտրիկյանին շատ է դուր եկել, այնուամենայնիվ, որպես բնակավայր Երեւանն իր համար անփոխարինելի է.“Ես քաղաքի տղա եմ, այստեղ եմ մեծացել, Երեւանում իմ աշխատանքն է, իմ տունը... Երեւի, տարիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնեմ Լուսակերտի առանձնատանս: Հիմա էլ դժվարությամբ եմ վերադառնում այնտեղից. թռչունների ծլվլոցը, մաքուր օդը հանգստացնում են”:
Գուրգենի կերտած “խելառ” Արմոն :)
Զրուցել ենք նաեւ Գուրգեն Սարգսյանի հետ, ով “մեր գյուղի” Արմոն է.“Մի քիչ խելառ տղա է:): Ինքնս գյուղից եմ ու ստեղծել եմ գյուղացի տղայի հավաքական կերպար, թեեւ իմ եւ Արմոյի միջեւ ընդհանուր ոչինչ չգտա”:
Դերասանը մտավախություն է ունեցել, որ նոր կերպարը կնմանվի նախկինում մարմնավորած աուտիզմով հիվանդ Գուգոյին.“Բայց հպարտությամբ կարող եմ ասել, որ մի քանի տարվա մեջ կերտեցի իրարից տարբեր երկու “տարօրինակ” կերպար”:
Գուրգեն Սարգսյանը
Գուրգենի համար Դսեղում աշխատելը որոշակի դժվարություններ է առաջացրել.“Ամեն ինչին պետք էր համակերպվել` ցրտին, միջավայրին, մեկ էլ տեսար` նկարահանման ժամանակ շունն էր հաչում...:) Բայց կարոտել եմ այդ պրոցեսը, ստեղծագործական թիմին: Նոր ընկերներ եմ ձեռք բերել”:
“Մեր գյուղի” մասին մեր ընթերցողների կարծիքները կկարդանք մեկնաբանությունների հատվածում:):
Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Առաջին ալիքի եւ դերասանների անձնական արխիվներից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: