Bentley-ն ներկայացրել է նոր Continental GT S եւ GTC S մոդելները, որոնք ոգեշնչված են Supersports սահմանափակ սերիայից եւ ընդլայնում են Continental մոդելային շարքի ընտրությունը։ Համադրելով տպավորիչ արտաքինը նորագույն հիբրիդային ուժային համակարգի եւ Continental GT Speed-ի հենասարքի տեխնոլոգիաների հետ՝ S մոդելները ստեղծված են այն վարորդների համար, ովքեր գնահատում են բարձր արտադրողականությունը։ Չորրորդ սերնդի Continental GT S մոդելները պատմության ընթացքում երբեւէ S նշանը կրողներից ամենաարագընթացն ու ամենահզորն են եւ ստեղծված են նույն վարորդակենտրոն հայեցակարգի հիման վրա՝ ինչ եւ Supersports-ը։
Նոր High Performance Hybrid հիբրիդային ուժային համակարգը զարգացնում է 680 ձիաուժ հզորություն եւ 930 Նմ ոլորող մոմենտ, ինչը 130 ձիաուժով ավելի է նախորդ սերնդի GT S-ից։ Լիարժեք ակտիվացված ռեժիմում այն ապահովում է ապշեցնող արագացում՝ զարգացնելով 0-ից մինչեւ100 կմ/ժ ընդամենը 3,3 վայրկյանում (0-ից 100 կմ/ժ՝ 3,5 վրկ-ում) եւ հասնելով մինչեւ 300 կմ/ժ առավելագույն արագության, ընդ որում դա ուղեկցվում է սպորտային արտանետման համակարգի տպավորիչ հնչողությամբ՝ ընդգծելով 4,0 լիտրանոց V8 շարժիչի բնորոշ ձայնը։ Ուժային ագրեգատների ոլորտում ինժեներական մտքի այս հրաշքը՝ High Performance Hybrid-ը, հզորության, ոլորող մոմենտի եւ ընդհանուր արտադրողականության բոլոր ցուցանիշներով գերազանցում է անգամ նախորդ սերնդի W12 Speed-ը, ինչպես նաեւ ունակ է անցնելու մինչեւ 80 կմ՝ զուտ էլեկտրական ռեժիմում։
Առաջատար ուժային համակարգին զուգահեռ՝ ավտոմեքենան համալրված է հենասարքով, որը նախկինում հասանելի էր միայն GT Speed եւ GT Mulliner մոդելներին՝ Bentley Performance Active Chassis։ Այն ներառում է ակտիվ լիաքարշակ համակարգ, երկփականային ամորտիզատորներ, ոլորող մոմենտի բաշխում (առջեւից դեպի ետ եւ առանցքների միջեւ), կողաթեքվածքի ակտիվ ճնշման 48 վոլտանոց համակարգ Bentley Dynamic Ride, նոր սերնդի ESC ծրագրային ապահովում եւ, առաջին անգամ Continental GT S-ում, LSD դիֆերենցիալ ու բոլոր անիվների կառավարման համակարգ (AWS)։ Սա Bentley-ի ամենաառաջադեմ եւ վարորդակենտրոն լիաքարշակ համակարգն է, որ մշակվել է առավելագույն սպորտային վարքագիծ եւ հնարավորություններ ապահովելու համար։
Այսպիսի կարգավորումները վարորդին հասանելի են դարձնում վարման առավել բազմազան ռեժիմներ եւ ճանապարհային կամ մրցուղային վարքագծի տարաբնույթ հնարավորություններ։ ESC կատարելագործված համակարգն ամբողջովին միացված լինելու պարագայում վերահսկվում է կցորդումը ճանապարհի հետ։ Դինամիկ ռեժիմում ենթադրվում է ավտոմեքենայի հետեւի սռնիի որոշ սահք՝ վարորդին հնարավորություն տալով վերահսկելու ավտոմեքենայի վարքը շրջադարձերում, ըստ այդմ՝ պահպանելով վստահությունն առ այն, որ մեքենան անհրաժեշտության դեպքում կվերադառնա իր հետագծին։ Հնարավոր է նաեւ ամբողջությամբ անջատել ESC համակարգը, ինչի դեպքում վարորդը կարող է հավասարակշռել ավտոմեքենայի դիրքը շրջադարձերում՝ արագացուցիչի ոտնակի օգնությամբ, ինչն էլ ապահովում է վարումից ստացված իսկապես գրավիչ զգացողություններ։
Նոր S մոդելների սպորտային բնույթն ի հայտ է գալիս առաջին իսկ հայացքից։ Blackline կոմպլեկտացիայում արտաքին տեսքը լրացվում է մուգ գույնի ստորին առջեւի սպոյլերով՝ փայլուն սեւ մատրիցային վանդակաճաղով, իսկ Bentley սեւ թեւերը եւ BENTLEY գրությունը տոն են թելադրում՝ հաղորդելով նպատակասլաց, սլացիկ եւ հզոր կերպար։ Կատարողականության այս վիզուալ նշանները լրացվում են Beluga կողային հայելիների սեւ հիմքերով, դռնաշեմերի լայնացումներով եւ հետեւի դիֆուզորով։ Մատրիցային լուսադիոդային լուսարձակները՝ մուգ երանգավորմամբ եւ Bentley Precision դիզայնով, միայն GT Speed մոդելին բնորոշ առանձնահատկություն է։ Հետնամասում S կոմպլեկտացիան ներառում է մգացված լապտերներ եւ սպորտային արտանետման համակարգի խողովակների ծայրակալներ։ Ստանդարտ համալրմամբ Continental GT S-ն առաջարկվում է 22 դյույմանոց՝ արծաթագույն տասը ճաղով թեթեւաձույլ անվահեծերով, սակայն հասանելի են նաեւ անիվների այլ տարբերակներ՝ ներառյալ թեթեւաձույլ անվահեծեր՝ մետաքսափայլ սեւ գույնի տասը ճաղով՝ փայլեցված մակերեսներով եւ ամբողջովին փայլուն սեւ գույնի անվահեծեր։
Նմանատիպ մանրակրկիտ ուշադրություն է դարձվել նաեւ սրահին՝ Continental GT S մոդելներին տալով յուրահատուկ վիզուալ կերպար։ Սրահի երկգույն առանձին երեսպատումն այս մոդելների բացառիկ առանձնահատկությունն է եւ նստատեղերի ակոսավոր դիզայնի հետ զուգակցված ստեղծում է նպատակասլաց վարման միջավայր՝ կենտրոնացած բարձր արտադրողականության վրա։ Հպման հիմնական մասերում՝ ղեկ, փոխանցումների փոխարկման լծակ, նստատեղեր եւ դռների ներդիրներ, օգտագործվում է Dinamica գործվածքը։ «Piano Black» ստանդարտ հարդարումը համահունչ է Blackline կոմպլեկտացիայի արտաքին դիզայնի հայեցակարգին, թեեւ որպես ընտրանք առաջարկվում են նաեւ փայլուն հարդարում կարբոնով եւ այլ նյութերով։ Լրացուցիչ տարբերակների թվում են ամբողջությամբ կաշվե երեսպատումը եւ մուգ երանգի քրոմապատ հարդարումը սրահի ինտերիերի բոլոր մետաղական տարրերի համար։
Հարմարավետություն ապահովող Azure-ից մինչեւ անզուգական արտադրողականությամբ GT Speed՝ Bentley Gran Turismo շարքն առաջարկում է բազմաթիվ տարբերակներ, որոնցից յուրաքանչյուրը համապատասխանում է ավտոմեքենան վարող անձի արժեքներին։ Այժմ արտաքին դիզայնի, ինտերիերի համալրման եւ դինամիկ հենասարքի եզակի համադրությունը նոր Continental GT S մոդելներին թույլ է տալիս զբաղեցնելու իրենց ուրույն տեղը մոդելային շարքում։ Սպորտային էսթետիկայի եւ վարելու ընթացքից ստացած իսկական հաճույքի շեշտադրում կրող S մոդելներն ընդլայնում են առաջարկվող իրական Gran Turismo դասի ավտոմեքենաների ընտրության հնարավորությունները։


×
91







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: