×


Արմեն Սարգսյանն ամուսնացել է. հարսանիքի լուսանկարներն ու հետաքրքիր դրվագները :)

Հաղորդավար Արմեն Սարգսյանը եւ սիրելին՝ երգչուհի Նարե Համբարձումյանը երեկ ամուսնացել են: Նրանց պսակադրությունը կայացել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, որտեղ զույգը փոխանակել է ամուսնական մատանիները եւ միմյանց հավերժ սիրելու խոստում տվել: Հարսանեկան միջոցառմանը ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, լուսանկարել օրվա հետաքրքիր դրվագները եւ զրուցել հաղորդավարի հետ:

Հիշեցնենք, որ Նարե Համբարձումյանը օպերային երգչուհի Քրիստինե Սահակյանի դուստրն է: Արմենն ու Նարեն հանդիպել են մոտ մեկ տարի առաջ ընդհանուր ծանոթներից մեկի միջոցով: Հաղորդավարն ասում է՝ իրենց դեպքում ամեն ինչ շատ արագ է ստացվել՝ հանդիպումներից մինչեւ նշանադրություն եւ ամուսնություն. «Դա էլ երեւի նրա շնորհիվ է, որ բնավորության ու մտածելակերպի առումով մենք շատ ընդհանրություններ ունենք, միմյանց շատ նման ենք»,- նկատեց նա:

Արմեն Սարգսյանի եւ Նարե Համբարձումյանի հարսանեկան միջոցառմանը


Արմեն Սարգսյանը նշեց, որ առաջիկայում իրենք մեղրամսի չեն մեկնելու, քանի որ երկուսն էլ այժմ խիստ զբաղված են եւ ստիպված են ամռանն ակտիվ աշխատել: Հանգստանալու կմեկնեն աշնանը, իսկ թե որտեղ, դա էլ առայժմ չեն որոշել. «Հավանաբար, կգնանք Եվրոպա կամ Ամերիկա, դեռ մտածում ենք: Մեր ընկերներն ամեն տեղից կանչում են, մնում է՝ ընտրենք :)»:

Նշենք, որ Արմեն Սարգսյանն այժմ մշակութային տարբեր նախագծեր է իրականացնում պետական կառույցների հետ համագործակցության շրջանակում, թեեւ խոստովանում է, որ հեռուստատեսություն վերադառնալու մտադրություն միշտ էլ ունի. «Նախ՝ հարմար առաջարկ չկա, հետո էլ՝ ժամանակս չի բավարարում: Եթե կարողանայի ժամանակ գտնել հեռուստատեսային որեւէ ծրագրում աշխատելու համար, ապա ցանկացած պահի ինքս էլ իմ նախագծով կներկայանայի: Բայց առայժմ չեմ կարող այլ նախագծերի շուրջ մտածել, քանի դեռ ընթացիկ ծրագրերն ավարտին չեմ հասցրել»:

Արմեն Սարգսյանի եւ Նարե Համբարձումյանի պսակադրությանը


Արմենի եւ Նարեի հարսանեկան արարողության ամենասպասված պահերից մեկն էլ տոնական խնջույքն էր, քանի որ աշխարհի տարբեր ծայրերից եկել ու հավաքվել էին զույգի մտերիմ ընկերներն ու հարազատները: Նշանադրությունից հետո նրանք սպասում էին այն հարմար պահին, երբ ընկերների մեծ մասը կկարողանար միանալ իրենց ուրախությանը: Ի վերջո, սպասված հանդիպումը կայացավ, Արմենի եւ Նարեի միությունն էլ հաստատվեց ամուսնությամբ:

BRAVO.am-ը շնորհավորում է զույգին եւ երջանկություն մաղթում:

Արմեն Սարգսյանի եւ Նարե Համբարձումյանի հարսանեկան միջոցառմանը


Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին