Նկարչուհի, դիզայներ Արմինե Աղայանցը, ում մասին պատմելու առիթ BRAVO.am-ն արդեն ունեցել է, հեղափոխության օրերին Միացյալ Նահանգներում է եղել: Այդ իրողություններով ոգեշնչված՝ նա որոշել է անհատական ցուցահանդես-վաճառք կազմակերպել՝ հասույթը տրամադրելով «Իմ քայլը» հիմնադրամին: Այդպիսով նկարչուհին իր քայլն է անում հեղափոխության ճանապարհին եւ իր ներդնումն ունենում երկրի մշակութային կյանքն ակտիվացնելու գործում: «Իմ հոգու ներկապնակը» խորագրով ցուցահանդեսի բացմանը ներկա էին Արմինե Աղայանցի մտերիմները, դասախոսները, ինչպես նաեւ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ու Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:
Արմինե Աղայանցի «Իմ հոգու ներկապնակը» խորագրով ցուցահանդեսին
Վերջինս իր խոսքում շնորհակալություն հայտնեց նման նախաձեռնության համար եւ ընդգծեց, որ մշտապես ողջունելի են այդպիսի գաղափարները.«Այս ցուցահանդեսով մեզ հնարավորություն եք տալիս ծանոթանալ Ձեր այն աշխատանքներին, որոնք իրականացնում եք Հայաստանից դուրս, եւ միեւնույն ժամանակ բարի գործ եք կատարում, ինչը միանշանակ իր նպատակին կծառայի: Հիանալի եւ հետաքրքիր կտավեր են»,- նշեց նախարարը:
Աննա Հակոբյանն ու Լիլիթ Մակունցը միջոցառման սկզբում շրջեցին ցուցասրահում, ծանոթացան նկարչուհու աշխատանքներին եւ հույս հայտնեցին՝ նախաձեռնությունը կհասնի իր նպատակին.«Հրաշալի գործեր են այստեղ ներկայացված: Ինքս էլ շատ կցանկանայի ունենալ դրանցից: Տեսնենք, թե քանի աշխատանք կվաճառվի, որքան կկազմի հասույթը: Կարծում եմ` յուրաքանչյուրը կշահի, եթե իր տանը նման կտավներ լինեն»,- նկատեց վարչապետի տիկինը, ով նաեւ «Իմ քայլը» հիմնադրամի հիմնադիրն է, եւ հավելեց, որ ցուցահանդես-վաճառքից ստացված հասույթը կտրամադրվի հատկապես մշակույթի ոլորտին.«Այդպես ճիշտ կլինի»:
Արմինե Աղայանցը
Արմինե Աղայանցն էլ պատմեց, որ ցուցահանդեսի միտքն առաջացել է, երբ տեղեկացել է «Իմ քայլը» հիմնադրամի մասին: Մտածել է՝ իսկ ինչու ինքն էլ իր ներդրումը չունենա այդ հարցում.«Այս ցուցահանդես-վաճառքով ես իմ համեստ քայլն եմ անում Հայաստանի համար: Ցավոք, Թավշյա հեղափոխության օրերին ես ԱՄՆ-ում էի: Այնտեղ միջազգային մի քանի ցուցահանդեսի էի մասնակցում, բայց մշտապես հետեւում էի այստեղ կատարվող իրադարձություններին, որոնցով էլ մեծապես ոգեշնչվել եմ»:
Նկարչուհուց հետաքրքրվեցինք, թե ինչով են պայմանավորված այն վառ գույները, որոնք առկա են նրա բոլոր կտավներում.«Երեւի իմ հոգում վառ գույներ են: Ինչպես նկատեցիք, ցուցահանդեսի վերնագիրն էլ խոսում է այդ մասին: Սրանք տարբեր տարիներին արված աշխատանքներ են եւ որեւէ հստակ ուղղություն կամ թեմա չեն ներկայացնում: Ինձ համար ավելի հաճելի եւ հետաքրքիր է բազմաոճ լինել: Ընդհանրապես արվեստի մեջ կարեւորն ասելիքն է, եւ ես դա կարողանում եմ փոխանցել գույների միջոցով»:
Արմինե Աղայանցի «Իմ հոգու ներկապնակը» խորագրով ցուցահանդեսին
Ցուցահանդեսի շրջանակում ներկայացված աշխատանքների մեջ կան նաեւ որոշ նկարներ, որոնք չեն վաճառվում: Դրանցից է «Գեղեցկուհի մայրս» կտավը, որն Արմինեն վերջերս է նկարել եւ իր ամենահոգեհարազատ նկարն է համարում. «Իհարկե, չի վաճառվում: Պարզապես ցանկացա, որ այս ցուցահանդեսում այն ներկայացված լինի»:
Հավելենք, որ ցուցահանդեսը բաց է լինելու մինչեւ հոկտեմբերի 22-ը, եւ դուք էլ ձեր քայլը կարող եք անել հայաստանյան կարեւոր խնդիրների լուծման համար՝ գնելով Արմինե Աղայանցի կտավներն ու ձեր տանն ունենալով նրա ներկապնակից մի քանի գույն: Ինչպես արվեստագիտության պրոֆեսոր Արմեն Բուբուշյանն է ասում (նա Արմինեին դասավանդել է առաջին կուրսից մինչեւ մագիստրատուրա), պարծանքի տեղ ունեն մեր բոլոր հայրենակիցները, որ Արմինեի նման երիտասարդ հայ արվեստագետ կա, ով բազմաթիվ մրցանակներով է վերադարձել միջազգային հեղինակավոր հարթակներից:
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: