×


“Արմմոնո”-ի 10-րդ մեկնարկը տրվել է:)

Փետրվարի 29-ից մարտի 5-ը Երեւանում կանցկացվի “Արմմոնո” մոնոներկայացումների միջազգային 10-րդ թատերական փառատոնը, որի բացումը կայացել է երեկ` Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում:

“Արմմոնո”-ի բացման խոսքով հնադես է եկել փառատոնի տօրեն Մարիաննա Մխիթարյանը


ՀՀ մշակույթի նախարարության հրավերով` փառատոնին մասնակցում է Լիտվայի պաշտոնական պատվիրակությունը` Լիտվայի մշակույթի փոխնախարար Դեւիդաս Ստանպոնկուսի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Լիտվայի մշակույթի նախարարության կանցլեր Նոմեդա Զենկենեն եւ անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռեգիմանտաս Ադոմայտիսը:

“Արմմոնո”-ի բացման խոսքով հանդես է եկել փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, ապա բեմ հրավիրել Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանին: “Այս տասը տարիները ցույց են տալիս, որ փառատոնը կայացել է, դարձել մեր մշակութային իրականության մի մասը”,-ասել է Ղազանչյանն ու հավելել, որ այս տարի “Արմմոնո”-ի շրջանակներում կանցկացվի նաեւ Վահրամ Փափազյանի անվան “Շեքսպիրյան” փառատոնը, որը կրկին անցնում է մոնոներկայացման ձեւաչափին:

Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը


Ողջույնի խոսքով հանդես են եկել նաեւ Լիտվայի մշակույթի փոխնախարար Դեւիդաս Ստանպոնկուսն ու ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, որը ներկայացրել է նախարար Հասմիկ Պողոսյանի ուղերձը:

Փառատոնի պաշտոնական բացումը հայտարարելուց հետո Մարիաննա Մխիթարյանը բեմ է հրավիրել  ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռեգիմանտաս Ադոմայտիսին, որին Հակոբ Ղազանչյանն անվանել է ԽՍՀՄ կանանց, հանդիսատեսի կուռք: Ստեղծագործական երեկոյի ընթացքում ԽՍՀՄ ժողովրդական արտիստը հայ հանդիսատեսին պատմել է իր ստեղծագործական գործունեությունից, մեծ էկրանին զուգահեռաբար ցուցադրվել են կադրեր նրա կերտած դերերից:

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռեգիմանտաս Ադոմայտիսը


“Բեմում լինելու համար էներգիա է պետք, եթե այն չկա, պետք է հեռանալ”,-ասել է 75-ամյա դերասանը: Շնորհավորելով “Արմմոնո” մոնոներկայացումների միջազգային 10-րդ թատերական փառատոնի կազմակերպիչներին ու մասնակիցներին` Ռեգիմանտաս Ադոմայտիսը նշել է մոնոներկայացման առավելությունները. “Մոնոներկայացումը թույլ է տալիս դերասանին անել այնպես, ինչպես ուզում է, արտահայտվել այնպես, ինչպես ուզում է”:

Դերասան Արթուր Կարապետյանը


“Արմմոնո” եւ “Շեքսպիրյան” փառատոնների ընթացքում հայ դերասաններից մոնոներկայացումներով հանդես կգան Սամվել Բաղինյանը (“Աշխարհը վերջանում է իմ մեջ”), Արամ Հովհաննիսյանը (“Համլետ”), Արթուր Կարապետյանը (“Կույրը”) եւ այլք: Երեւանյան բեմում փառատոնի շրջանակներում հանդես կգան նաեւ Լիտվայի, Ռուսաստանի, Վրաստանի, Միացյալ Թագավորության, Լեհաստանի արտիստներ: Փառատոնի հանդիսավոր փակումը կկայանա մարտի 5-ին:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW