×


Երկաթյա նյարդեր ունեցող «Իմ սուպեր զոքանչը». Բաղինյանի համեղ կերակուրներն ու սիրո հաղթանակը

Չազազանց փողասեր ու շահամոլ զոքանչ Սաթենիկը (Մարգարիտա Խաչատրյան) եւ ամուսինը՝ Աշոտը (Սամվել Բաղինյան), որը սեփական ձայնի իրավունք չունի եւ հիմնականում ենթարկվում է կնոջ քմահաճույքներին, «Իմ սուպեր զոքանչը» ներկայացման գլխավոր հերոսներն են։ 

Ընտանիքը կարեւոր հյուրի է սպասում. նրանց է այցելելու Աշոտի մանկության ընկերոջ որդին՝ նորանշանակ նախարարը։ Զոքանչի մտքում արդեն ծրագիր կա. ցանկանում է դստերը՝ Զառային (Սաթենիկ Հազարյան), ամուսնացնել նրա հետ: Բայց դուստրն էլ հեշտ համաձայնողներից չէ ու արդեն ընտրյալ ունի, որին մարմնավորում է բեմադրության ռեժիսոր Վարդան Կուղյանոսյանը։ Բոլորն ու ամեն ինչ խառնվում են իրար, եւ յուրաքանչյուրը խնդիրը փորձում է յուրովի լուծել, ինչի արդյունքում մեծ խառնաշփոթ է առաջանում։

Կուղյանոսյանը ներկայացումը նախ բեմադրել է Հրազդանի դրամատիկական թատրոնում, որտեղ ծնողների դերերում լուսահոգի Լալա Մնացականյանն ու Արա Սարգսյանն էին։ Դերասանը ներկայացման նոր տարբերակում եւս ընդգրկված է, սակայն առողջական խնդիրների պատճառով նրան փոխարինել է Սամվել Բաղինյանը։


«Սիրված ներկայացումը Հրազդանում շատ եք ցուցադրել։ Հաճախ էին հարցնում, թե ինչու էլ չենք խաղում, ու որոշեցինք այն վերականգնել այլ մեկնաբանությամբ, երաժշտական ձեւավորմամբ ու դերասանական կազմով։ Բոլորովին նոր ներկայացում է ստացվել, որովհետեւ ամեն դերասան իր էներգիան է բերում։ Զոքանչին հիանալի է մարմնավորում ու անկրկնելի է Մարգարիտա Խաչատրյանը։ Ժամանակին տեսել եմ, թե Պարոնյան թատրոնում «Իմ զոքանչը» ներկայացման մեջ ինչպես է խաղում Սվետլանա Գրիգորյանը, եւ նրա լուսանկարն էլ մեր հերոսների բնակարանում կա. նա մեր զոքանչի մայրն է։ Սամվել Բաղինյանը փոխարինում է Սարգսյանին: Ապաքինվելուց հետո նա նույնպես կխաղա։ Ամեն մեկը յուրովի հետաքրքիր ու տարբեր է։ Եվ մեզ հետ է սիրելի Սաթենիկ Հազարյանը: Իսկ ես առաջին անգամը չէ, որ խաղում եմ իմ բեմադրություններում, ինչն, իհարկե, դժվար է, բայց կողքից հետեւելու դեպքում ավելի շատ եմ լարվում»,- կիսվել է նա։ 

Վարդան Կուղյանոսյանի խոսքով՝ չնայած ներկայացումն արդեն երկար տարիներ հայկական բեմում է, ասելիքի առումով շատ արդիական է։ Թեեւ տեխնոլոգիաներն առաջ են գնացել, ու արդեն արհեստական բանականությունն է շատ հարցեր լուծում, զոքանչի արհեստական տարբերակ երբեք էլ չի լինում։ Ու քանի դեռ կան զոքանչներ, փեսաներ, սկեսուրներ ու հարսներ, ամեն ինչ շարունակվելու է:


Նրա հետ համաձայն է «սուպեր զոքանչ» Մարգարիտա Խաչատրյանը, որը մեկ անգամ չէ, որ եղել է այդ դերում, սակայն ամեն անգամ նորովի ու տարբեր է մարմնավորում կերպարը։ Նրա Սաթենիկը երկաթյա նյարդեր ունի եւ կարող է ցանկացածին հունից հանել։

«Պետք է խոստովանեմ՝ բախտավոր եմ, որովհետեւ բեմելս միշտ ինձ համար շատ տաղանդավոր ու սիրելի մարդկանց հետ է լինում։ Կերպարը մարմնավորելիս բառ առ բառ ու ժեստ առ ժեստ լսել եմ Վարդանի հրահանգները, եւ ստացել ենք բոլոր զոքանչներից տարբերվող կերպար։ Նա աղջկան ամուսնացնելու այնպիսի մեծ մարմաջ ունի ու այնքան է այդ ամենով տարված, որ տպավորություն է, թե ինքն է ընտանիք կազմելու այդ պաշտոնյայի հետ։ Բոլոր մայրերն էլ մտածում են դստեր ապագայի մասին, ուղղակի պետք է պահել չափի զգացումն ու սեփականատիրոջ դիրքից հանդես չգալ։ Սաթենիկը երբեմն զսպում է իրեն, բայց հիմնականում չի կարողանում։ Կարեւորն այն է, որ վերջում սերը հաղթում է»,- կիսվել է նա։ 


Դերասանուհին կարծում է, որ ներկայացումը նախ ծիծաղ է առաջացնելու եւ օգնելու է վերանայել հարաբերություններն ընտանիքում։ Իրենք փորձել են ցույց տալ, թե ինչպես կարելի է անհամաձայնություններից ձերբազատվել։

Սամվել Բաղինյանը Կուղյանոսյանին շնորհալի դերասան է համարում, իսկ վերջերս նրան բացահայտել է նաեւ որպես վառ ու հետաքրքիր երեւակայությամբ օժտված բեմադրիչի, որն անդրադարձել է «Պահանջվում է ստախոս» ու «Ատամնաբույժն արեւելյան» հայտնի գործերին։ Կուղյանոսյանը Հրազդանի թատրոնում խաղացել է Բաղինյանի բեմադրած «Ծառերը կանգնած են մահանում» ներկայացման մեջ, իսկ հիմա նրանք տեղերով փոխվել են։


«Այս անգամ էլ չէի կարող մերժել Վարդանին, որպեսզի գործը չձախողվեր։ Իմ լավ ընկերն ու մեր սիրելի Արա Սարգսյանը առողջական խնդիրներ ուներ: Փառք Աստծո, արդեն ապաքինվում է։ Համաձայնեցի այն պայմանով, որ ապաքինվելուց հետո մեր Արան վերադառնա ու շարունակի խաղալ։ Բավական ժամանակ ենք տրամադրել փորձերին. ափալ-թափալ չենք արել։ Ջանասիրաբար ենք աշխատել եւ երկու անգամ արդեն խաղացել ենք Հրազդանում ու Արտաշատում: Հիմա էլ ներկայացրինք Պարոնյան թատրոնում, որտեղ տարիներ առաջ աշխատել եմ,- պատմել է դերասանը։

Բաղինյանն իր հերոսին բնութագրում է որպես կնոջը ենթարկվող, ալկոհոլի նկատմամբ սեր ունեղող, բայց երբեմն պոռթկացող ու ազնիվ տղամարդու։ Ի վերջո նա նաեւ համարձակություն է ունենում միանալ կնոջ դեմ կազմակերպված դավադրությանն ու օգնել դստերը երջանիկ լինել:


«Շատ հետաքրքիր կերպար է ու ինձ համար ինչ-որ առումով նորություն, քանի որ հիմնականում դրամատիկ դերերում եմ զբաղված եղել։ Վարդանի օգնությամբ կերպարի հարցում որոշ հաջողությունների եմ հասել եւ հույս ունեմ՝ հանդիսատեսը լավ կընկալի։ Ուրախ եմ իմ վաղեմի ծանոթ Մարգարիտա Խաչատրյանի հետ խաղալ, ինչպես նաեւ բեմում աշխատել սիրելի Սաթենիկի հետ»,- ասել է նա:

Սաթենիկ Հազարյանն էլ կիսվել է, որ սովորաբար ավելի երիտասարդների հետ է խաղացել, իսկ այս անգամ հաճույքով է հետեւել ու սովորել իր ավագ գործընկերներից։ 


«Նայելու ու վարպետությունը գողանալու հատկություն ունեմ, որքան էլ ինքս նույնպես փորձառու եմ։ Պարոն Ծատուրյանն էլ էր ասում, որ սպունգի պես քաշելու ունակություն ունեմ։ Փորձերը շատ հետաքրքիր ու լավ են անցել: Սամվել Բաղինյանը խոհարարական վարպետություն ունի եւ ամեն անգամ մեզ համեղ մսային կերակուր էր մատուցում։ Որպես մարդ ու դերասան՝ շատ լավն է։ Մարգարիտա Խաչատրյանի հետ էլ է հաճելի աշխատել իր թեթեւության ու հումորների շնորհիվ։ Թեեւ նրա հետ փորձերի դժվար ընթացք ենք ունեցել, սակայն վերջում ամեն ինչ լավ է ստացվել։ Իմ շատ սիրելի ընկեր Վարդանի հետ «Թատրոն տանիքում»-ի «Քեզ համար» ներկայացման մեջ խաղընկերն ենք եղել։ Այնտեղ նա լրիվ ուրիշ մարդ էր, արի ու տես՝ ինձ սիրեց ու առաջարկեց խաղալ այս ներկայացման մեջ։ Համաձայնեցի, քանի որ տաղանդավոր է ու նրա հետ հաճելի է աշխատել։ Կարծում եմ՝ պետք է ավելի շատ բեմադրություններ անի»,- անկեղծացել է Հազարյանը։


«Իմ սուպեր զոքանչ» ներկայացման երեւանյան հաջորդ ցուցադրությունը նախատեսված է նոյեմբերի 27-ին, իսկ նոյեմբերի 30-ին այն կխաղան Սանկտ Պետերբուրգում։ Տոմսերն արդեն վաճառվել են, իսկ հանդիսատեսն անհամբերությամբ սպասում է դերասանների հյուրախաղին։

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Կարդալ ավելին

Quality Sign BW