×


Արսեն Գրիգորյանը

Արսեն Գրիգորյանը` զգացմունքները ճիշտ արտահայտելու, Լուիզա Ղամբարյանի եւ մանկության հուշերի մասին

Դերասան Արսեն-Վիտալի Գրիգորյանը կինոյում առաջին քայլերի, թատրոնի, վերապրած զգացմունքները փոխանցելու իր տարբերակի, «Բացիր աչքերդ» հեռուստանովելում իր կերպարի, նկարահանումների ժամանակ միշտ իրեն օգնողի եւ, իհարկե, իր մանկության քաղաք Օդեսայի մասին պատմել է BRAVO.am-ին:

«Պետք է հավատաս կերպարիդ»
Թատրոնը դպրոցն է. ինչ մասնագետ էլ դառնաս, ամենից առաջ պետք է գնաս դպրոց, ստանաս տասնամյա կրթություն, որպեսզի ճիշտ հիմք ունենաս, եւ թատրոնն այն տեղն է, որտեղ հնարավորություն կա այնպիսի զգացմունքներ վերապրել, ինչպիսիք կինոյում շատ դեպքերում չի ստացվում, սրա պատճառներից գլխավորն այն է, որ Հայաստանում նախ ֆիլմարտադրությունն է քիչ։ Թատրոնում դու ես, հանդիսատեսն է, եւ եթե ճիշտ աուրա է ստեղծվում, կողքից ոչինչ այլեւս չի խանգարում, պետք է պարզապես ճիշտ ներկայացնես վերապրածդ զգացմունքներն ու էմոցիաները, ոչ թե բեմ բարձրանաս ու մտածես, որ պետք է անես ամենալավը, ամենակատարյալը. ես երբեք չեմ բարձրացել բեմ այն մտքով, որ այնպես խաղամ՝ բոլորը զարմանան։ Պետք է հավատաս կերպարիդ ցանկացած տեսարանում. եթե ինքդ հավատում ես կերպարիդ, շանսերն ավելի մեծանում են, որ հանդիսատեսը նույնպես կհավատա։ Թատրոնից հետո շարունակությունը, կարելի է ասել, հեռուստատեսությունն է: Բայց թեեւ շատ հայտնի դերասաններ կինոյում իրենց տեղը չեն գտել, դրանից չեն դադարում լինել մեծություն։

«Չնայած տասը տարվա փորձիս՝ ոտքերս դողում էին»
Եվ հեռուստատեսությունում, եւ թատրոնում ես ինձ լավ եմ զգում։ Խաղալով նաեւ Փոփոխությունների ինտերակտիվ թատրոնում՝ Ջոկերի կերպարը, որը կապող օղակ է հանդիսանում հանդիսատեսի եւ բեմի միջեւ, որտեղ առաջին անգամ, չնայած տասը տարվա փորձիս, ոտքերս դողում էին, զգացի, որ սրանք ուրիշ զգացողություններ են, նույնը նաեւ կար հեռուստատեսությունում, կինոյում՝ առաջի՜ն նկարահանումները, առաջի՜ն քայլերը։

Արսեն Գրիգորյանը


Ֆիլմերի մասին
Միանշանակ պետք է լինեն մեկանգամյա դիտելու ֆիլմեր եւս: Տարբեր երկրներում ընդունված է, մենք սիրում ենք օրինակ բերել Հոլիվուդը, որտեղ նման ֆիլմերի թիվը գերազանցում է իննսուն տոկոսը: Սրանք պետք է լինեն, բայց չպետք է մոռանանք նաեւ Խորհրդային Միությունից մեզ մնացածը, օրինակ՝ «Գարնան 17 ակնթարթ» ֆիլմը, որը հանճարեղ գործ է։

Եվրոպականի եւ ասիականի մասին
Մենք Եվրոպայի եւ Ասիայի ուղիղ մեջտեղում ենք, մենք ինքներս մեզ համար չենք որոշել` արդյոք մենք ասիացի ենք, թե եվրոպացի: Մեզ պետք է պարզապես հասկանալ` որ ուղիով ենք ուզում գնալ. դեպի Եվրոպա՝ ազատ կյանք, թե՞ Ասիա` ահա սա է մեր խնդիրը։

Արսենի մասին
Շատ ուրախ եմ, որ մասնակիցը եղա այդ հեռուստանովելի, կերպարն ինձ համար նոր էր, հետաքրքիր, չեմ ասի, թե բարդ էր, որովհետեւ իրական Արսենի հետ նմանություններ կային` սկսած անունից: Ուսուցչի այս կերպարը շատերի համար ընդունելի ու սիրելի դարձավ, շատերի համար անհասկանալի էր, որ կայուն, խելացի կնոջ՝ Ալլայի կերպարի կողքին կարող էր հայտնվել այդ կերպարը, ինչը նկատելի էր եւ սոցիալական ցանցերում` մեկնաբանությունների տեսքով, եւ իրական կյանքում։

Արսեն Գրիգորյանը


Լուիզա Ղամբարյանի մասին
Դերասանի համար շատ ավելի հաճելի է մարդու աչքերի մեջ նայելով խոսել, քան լարվել ու նայել մի կետի, պատկերացնել, որ դա այն կերպարն է, ում հետ պետք է խոսես` այդժամ արդեն գործի դնելով դերասանական բոլոր կարողությունները: Սրա համար ես շնորհակալ եմ Լուիզային, որովհետեւ միշտ մնում է այդ տեսարանների ժամանակ ու մնալով ստեղծում մթնոլորտ, որն իսկապես օգնում է։

«Մոտենում են, ժպտում…»
Կարծիքները շատ են եւ տարբեր: Լինում են եւ շատ դրական արձագանքներ. հաճախ դրսում տեսնում են, մոտենում, ժպտում, ինչի համար շնորհակալ եմ:

Արսեն Գրիգորյանը` պապիկի հետ


Մանկության քաղաքի մասին
Շատ եմ սիրում ճանապարհորդել, փորձում եմ տարվա մեջ մեկ-երկու անգամ որեւէ նոր երկիր կամ քաղաք այցելել։ Շատ եմ սիրում քայլել, հնարավոր է, որ ամբողջ օրը շրջեմ քաղաքով մեկ, լուսանկարեմ` չմոռանաալով նաեւ ծանոթանալ պատմությանը։ Եղել եմ շուրջ 22 երկրում, իմ սիրելի վայրերն են՝ Թել Ավիվը, Լիսաբոնը եւ Օդեսան։ Բացի սիրելի վայր լինելուց, Օդեսան մանկությանս քաղաքն է. հայրս այնտեղից է։ Հիշում եմ Օդեսան, պապիս, բժշկուհի տատիս, համեղ կերակուրները, ծովափը եւ այն մեկ ռուբլին, որով բաց չէի թողնում Օդեսայի եւ ոչ մի կինոթատրոնի եւ ոչ մի նոր ֆիլմ, կարճ ասած՝ մանկության եւ պատանեկության լավագույն տարիներս։ Հիշում եմ, որ տատս ամեն առավոտ մեկ ռուբլի էր տալիս, ինչն այն ժամանակ մեծ գումար էր, ես վազում էի քաղաք, շրջում քաղաքի բոլոր կինոթատրոններով եւ որտեղ մի նոր ֆիլմ էի տեսնում, անպայման դիտում էի, օր էր լինում, երբ անգամ երկու-երեքն էի դիտում, հետո վազում դեպի տուն, որ տատիս ու պապիս հետ հասցնեմ գնալ ծովափ։ Տատս խոհանոցում հիանալի էր, այնպես որ, ես ու պապս լողափին սոված չէինք մնում։): Տատս ու առհասարակ երեւի բոլոր օդեսացի տատիկները հակված էին այն մտքին, որ եթե երեխան նիհար է, ապա հիվանդ է, դե, պատկերացրեք, թե ինչքան կարող էր ուտեցնել այդ տատն այդ «հիվանդ» թոռանը, այնքան, որ Երեւան վերադառնալիս կարող էի օրերով չուտել:):

Տեքստը` Անահիտ Առաքելյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արսեն Գրիգորյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW