Բեմում Բեթ Հարթն էմոցիոնալ է եւ լավ իմաստով վայրի, չունի բարդույթներ, միայն հուզմունք, անսպառ էներգիա ու սեր: Բեմից դուրս Բեթը նուրբ է, երբեմն անպաշտպան, շատ ջերմ ու հասարակ: Ինչպես արդեն պատմել ենք, երգչուհին այս ամիս համերգով Երեւանում էր, մենք էլ չէինք կարող բաց թողնել առիթն ու չզրուցել նրա հետ:):
Բեթ Հարթը
-Շնորհակալություն, որ, ունենալով այդքան խիտ գրաֆիկ, համաձայնեցիք զրուցել: Շատ հաճելի է հանդիպել Ձեզ հետ:
-Վայ, ինչ եք ասում, ինձ էլ շատ հաճելի է: Հարցազրույցներն ու նկարահանումներն աշխատանքիս մի մասն են եւ որքան էլ հոգնած լինեմ, հաճույքով եմ մասնակցում:
-Այնուամենայնիվ, կա՞ հարց, որ ատում եք:
-Այ, գիտեք` ինչից եմ իսկապես զզվում, երբ զրույցում պնդում են իմ մասին որեւէ բան ու հարցնում են, թե ինչ եմ զգում, բայց իրականում նման բան չկա, եւ չեմ կարողանում համոզել, որ այդ տեղեկությունը սխալ է: Մնացած հարցերում ազատ եմ ու բաց եւ կարող եմ խոսել ցանկացած թեմայով:
-Մի քանի տարի առաջ, երբ առաջին անգամ լսեցի Ձեր մասին, ինձ հետաքրքրեց Ձեր ազգանունը: Մտածեցի, թե այն թարգմանաբար նշանակում է սիրտ, հետո, երբ տեսա գրելաձեւը, հասկացա, որ սխալվել եմ: Բայց կարծում եմ` այնքան էլ չեմ սխալվել` Ձեր երաժշտությունը սեր է, սիրտ:
- Ահ, շնորհակալ եմ: Կարծում եմ` Միացյալ Նահանգներում ազգանունս ոչինչ էլ չի նշանակում, բայց Իսրայելից շատ ընկերներ ունեմ, որոնք ասում են, որ Հարթ նշանակում է Աստծո տուն: Բեթն էլ նշանակում է նվեր: Մի խոսքով` Բեթ Հարթ` Աստծո տան նվեր:):
Բեթ Հարթը
-Իսկ երբեւէ մտածե՞լ եք` ինչպիսին կլինեիք, եթե Միացյալ Նահանգներում չծնվեիք:
-Ինչ հետաքրքիր հարց է, որովհետեւ նման հարց ինձ երբեւէ չեն տվել: Եթե Փարիզում ծնվեի, հաստատ նկարչուհի կլինեի, եթե Մեքսիկայում ծնվեի, պարուհի կդառնայի, այն հիասքանչ պարուհիներից, որ նաեւ երգում են ու այնքան հուզական, սեքսուալ եւ ուժեղ են: Ընդհանրապես մեքսիկական երաժշտություն շատ եմ սիրում: Եթե Գերմանիայում ծնվեի, հույս ունեմ, որ դասական կոմպոզիտոր կլինեի, որովհետեւ գերմաներեն օպերաների սիրահար եմ. շատ ագրեսիվ են, երբեմն գորշ գույներով, բայց միեւնույն է` սիրում եմ, ֆանտաստիկ են:
-Բայց եթե չեմ սխալվում, Դուք նաեւ նկարում եք:
-Այո, ճիշտ եք: Նկարել երբեւէ չեմ սովորել, հույս ունեմ` մեկ օր մասնագիտական կրթություն կստանամ ու ավելի լուրջ կվերաբերվեմ այս արվեստին: Հիմա նկարում եմ նյարդերս հանգստացնելու, լիցքաթափվելու համար: Նկարելիս փախչում եմ իրականությունից, մոռանում ամեն բան: Այդ ժամանակ ինձ համար գոյություն ունեն միայն գույները, կտավն ու վրձինը: Իսկ երբ երգ եմ գրում, մտածում եմ զգացմունքներիս մասին: Պահ է գալիս, որ ընդհանրապես չեմ նկարում, ինչը կարող է շատ երկար տեւել: Գիտե՞ք` վաղուց չեմ նկարել:
-Շատերի համար Դուք կուռք եք…
-Լո՞ւրջ եք ասում:):
-Դուք էլ շատ լավ գիտեք այդ մասին:): Ուզում էի հարցնել ո՞վ է Ձեր “Բեթ Հարթը”:
-Այնքան շատ սիրելի երաժիշտներ ունեմ: Նախեւառաջ Բեթհովենն է: Էմի Ուայնհաուս, Օտիս Ռեդինգ, Արետա Ֆրանքլին, Էտա Ջեյմս, Ջեյմս Թեյլոր, Օզի Օսբորն, Քրիս Քորնել... չգիտեմ… այնքան շատ են:
Բեթ Հարթը
-Հայտնի մի քանի երաժշտի հետ էլ հասցրել եք նվագել` Ջո Բոնամասա, Սլեշ, Ջեֆ Բեք, Բադի Գայ:
-Գիտեք, չէ՞, որ չգիտեի` ով է Ջո Բոնամասան մինչեւ այն պահը, երբ համագործակցության առաջարկ արեց: Ոչ էլ գիտեի, թե ով է Ջեֆ Բեքը: Բայց ամուսինս եւ մենեջերս այնքան էին ուրախացել, որ պիտի նրանց հետ համագործակցեմ, որ նրանց արձագանքից զգացի, թե ինչ տաղանդավոր ու հայտնի երաժիշտներ են: Իսկ հետո արդեն հասկացա, թե ինչու նման կերպ արձագանքեցին` Ջեֆը, Ջեքը հանճարներ են:
-Կյանքում այն շրջադարձային պահը, երբ զգացիք` ամեն ինչ փոխվել է:
-Նման պահ երբեք չի եղել, փոխարենը եղել են բազմաթիվ պահեր, իրադարձություններ, որոնք փոխել են ինձ ու օգնել կայանալ: Առաջինը առաջին անգամ դաշնամուրի առջեւ նստելն էր, այդ ժամանակ ծանոթացա հոգեւոր աշխարհիս հետ, կարծես Աստծուն հանդիպեցի: Շատ կարեւոր պահ էր, որ օգնեց ինձ կենդանի մնալ, վերածնվել, ապրել:
-Դու՞ք գտաք երաժշտությունը, թե՞ այն գտավ Ձեզ:
-Ես նրան գտա: Չէ, սկզբից Բեթհովենին բացահայտեցի ինձ համար եւ նա ինձ ոգեշնչեց, որ ցանկանամ դաշնամուր նվագել:
Բեթ Հարթը
-Իսկ ե՞րբ հասկացաք, որ ճանաչված եք, հայտնի, նաեւ պահանջված:
-Ինձ հայտնի չեմ համարում: Գուցե պատճառը կրկին Միացյալ Նահանգներն են, որովհետեւ այնտեղ, եթե դու փոփ-աստղ ես, ուրեմն` այո, մնացած դեպքերում` ոչ:
-Ձեզ երեք բառով կնկարագրե՞ք:
-Ես խենթ եմ, սիրող եւ մոլորված:
Զրուցեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Ֆոտոշարքը` Մարիամ Լորեցյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: