Ֆրանսիայում ազնավուրյան օրեր են՝ Ֆրանսիան ամբողջ աշխարհում ներկայացրած լեգենդին այսօր հարգանքի տուրք են մատուցում նրան նվիրված գեղարվեստական ֆիլմով։
Հոկտեմբերի 23-ից ֆրանսիական կինոթատրոններում ցուցադրվում է ֆրանսահայ մեծանուն երգիչ, երգահան Շառլ Ազնավուրի պատմությունը ներկայացնող «Պարոն Ազնավուր» կենսագրական ֆիլմը: Գլխավոր դերում ալժիրական արմատներով ֆրանսիացի դերասան Թահար Ռահիմն է։ Ֆիլմի ռեժիսորներն են Մեհդի Իդիրը եւ Ֆաբիեն Մարսոն (Grand Corps Malade):
Պրեմիերան մեծ շուքով է նշվել, ներկա են եղել հանրաճանաչ բազմաթիվ հյուրեր, Ազնավուրի ընտանիքի անդամները, նրա քույրը՝ 101-ամյա Աիդա Ազնավուրը, դուստրը՝ Կատյա Ազնավուրն ու ամուսինը՝ Ժան-Ռաշիդ Կալուշը, ով ֆիլմի համապրոդյուսերն է։
Ֆիլմն առաջին ցուցադրության օրը գերազանցել է 100 հազար այցելուն կինոթատրոններում, իսկ շաբաթվա վերջում գրանցել է շուրջ կես միլիոն այցելություն՝ դառնալով այս տարի թողարկված 5-րդ լավագույն ֆիլմը Ֆրանսիայում։
Հետաքրքրական է, որ մամուլի եւ հասարակության կարծիքները տարբեր են. լրատվամիջոցներից ոչ բոլորի կարծիքներն են հիացական, այնինչ կինոդիտողները շարունակում են ավելացնել դիտումների թիվն ու միմյանց հորդորում բացահայտել Ազնավուրին։
Ինչպե՞ս նմանվել Ազնավուրին
Խոսակցությունները շատ էին՝ արդյոք Թահար Ռահիմը կկարողանա լեգենդին մարմնավորել՝ Ազնավուրին ֆիզիկապես բոլորովին նման չլինելով։ Դերասանը խոստովանում է. «Ինքս էլ զարմացած էի, երբ առաջարկեցին Ազնավուրի դերը, նախ որովհետեւ մեծության հետ գործ ունեինք, հետո՝ նման չեմ նրան։ Բայց բարդություն հաղթահարելու եւ մարտահրավերն ընդունելու գայթակղությունը մեծ էր, եւ ես համաձայնեցի, սակայն գիտեի՝ մեծ աշխատանք ունեմ անելու»։
Նա պատմել է, որ Շառլին նմանվելու համար ամեն նկարահանումից առաջ 3-4 ժամ դիմահարդարում են արել, նաեւ միկրոպրոթեզներ է կրել. «Սկզբում հատուկ միկրոպրոթեզ էի դնում՝ նրա քիթն ունենալու համար, երբ նկարում էինք այն ժամանակաշրջանը, երբ դեռ չէր արել քթի պլաստիկ վիրահատություն, հետո քիթս փոխվեց»։
Կադրը՝ «Պարոն Ազնավուր» ֆիլմից
Թահար Ռահիմն ասել է, որ օրերով տեսանյութեր է դիտել՝ Շառլ Ազնավուրին ճանաչելու, նրա կերպարը հասկանալու եւ կեցվածքն ընդունելու համար։
Հարազատներն ասում են՝ դերասանն այնքան էր տարվել Ազնավուրի կերպարով եւ փորձել նմանվել նրան, որ մի քանի ամիս իրենց տանն Ազնավուրն էր ապրում։
Ընդհանուր նմանություն, իհարկե, հաջողվել է ստանալ, եւ չնայած՝ Թահարն արդեն մեկ անգամ եղել էր հայի դերում, բայց դերասանին պակասում էին հայի աչքերը՝ Շառլի աչքերը։
Ո՞վ է երգում ֆիլմում
Դերասանը որոշել է հանդգնել եւ նույնիսկ դա փորձել՝ երգել Ազնավուրի փոխարեն։ Ի սկզբանե որոշված է եղել, որ ձայնն իրենը չի լինելու, բայց ինքն իրեն ասել է. «Իսկ ինչո՞ւ ոչ» եւ սկսել է երգի դասերի գնալ։ 6 ամիս վոկալի դասերից հետո Թահարը «որսացել» է նաեւ Շառլի ձայնը։ Որոշ տոնայնությունների ճշգրտության համար նրա ձայնը զուգակցել են եւ միքսել Ազնավուրի ձայնի հետ։
Պատրաստեց՝ Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանը/BRAVO.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: