×


Բնականի եւ արհեստականի երկխոսություն Կասկադում

Արծիվ, անգղ, նապաստակ, կենգուրու ու այլ կենդանիներ մինչեւ մայիսի 15-ը “կբնակվեն” Կասկադում: Այս կենդանիների քանդակները մեկ հարկի տակ են հավաքվել “Մեկուսացում. ուրբանիզացիան հակընթաց բնությանը” խորագրով ցուցահանդեսի շրջանակում, որը մարտի 12-ից գործում է Գաֆեսճյան արվեստի կենտրոնի “Սասունցի Դավիթ” պարտեզի սրահում:

“Մեկուսացում. ուրբանիզացիան հակընթաց բնությանը” խորագրով ցուցահանդեսին ներկայացված քանդակներից


Ներկայացված 14 աշխատանքի միջոցով այցելուներին ցույց է տրվում կենդանական աշխարհի ու բնության պարզ, միեւնույն ժամանակ խոր էությունը: Գաֆեսճյան արվեստի կենտրոնի հանրային կապերի եւ մարքեթինգի տնօրեն Լիլիթ Սոխակյանը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է` ամերիկացի, անգլիացի, ճապոնացի արվեստագետների հեղինակած գործերը դիտողին եւս մեկ անգամ կմղեն տեսնելու, թե մարդկությունն ինչքան է օտարվել կենդանական աշխարհից ու բնությունից:

“Նյու Յորք” կինետիկ քանդակը


Ցուցադրության առանցքային նմուշը Ֆրեդերիկ Պրեսկոտի “Նյու Յորք” կոչվող շարժվող քանդակն է, որը ներկայացված է որպես ժամանակակից ուրբանիստական զարգացման ցայտուն օրինակ. “Աշխարհի ամենահայտնի քաղաքի` Նյու Յորքի շենքերը, լույսերը, մեքենաները ներառված են այս գունեղ ու գրավիչ քանդակում, որը հակասության մեջ է կենդանիների ու բնության խաղաղ ներկայության հետ”:

Գաֆեսճյան արվեստի կենտրոնի հանրային կապերի եւ մարքեթինգի տնօրեն Լիլիթ Սոխակյանը


Նշենք, որ ներկայացված բոլոր ցուցանմուշները Ջերարդ Գաֆեսճյանի անձնական հավաքածուից են, բացի “Նյու Յորք” կինետիկ քանդակից, մյուս ստեղծագործություններն առաջին անգամ են ցուցադրվում:

“Մեկուսացում. ուրբանիզացիան հակընթաց բնությանը” խորագրով ցուցահանդեսին ներկայացված քանդակներից


Ինչպես տեղեկացրել է Գաֆեսճյան արվեստի կենտրոնի հանրային կապերի եւ մարքեթինգի տնօրենը, հաջորդիվ սպասվում են նոր ցուցահանդեսներ, այդ թվում` օրեր առաջ կյանքից հեռացած գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի աշխատանքների ցուցադրությունը:

“Մեկուսացում. ուրբանիզացիան հակընթաց բնությանը” խորագրով ցուցահանդեսին ներկայացված քանդակներից


Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW