Պարային ու ակրոբատական տարրեր պարունակող բրազիլական ազգային մարտարվեստ կապոեիրա. մտածեցիր` ի՞նչ կապ կարող է ունենալ այն հայերիս հետ:): BRAVO.am-ը դեռ 2011-ին պատմել է, որ Հայաստանում կապոեիրայի մասնագետ կա` Սերգեյ Հակոբյանը, որը որպես մարզիչ իր խմբին այս մարտարվեստի նրբություններին է ծանոթացնում: Իսկ օրերս հայերի համար վարպետության դասընթաց է անցկացրել բրազիլացի Շիկինյոն:
Սերգեյ Հակոբյանը եւ Շիկինյոն
Նա համարվում է կապոեիրայի լավագույն մասնագետներից եւ Երեւան է ժամանել Սերգեյի առաջարկով ու Հայաստանում Բրազիլիայի դեսպանության աջակցությամբ: Շիկինյոն ժպիտով նշել է, որ մինչ այս երբեւէ չէր լսել մեր մասին.“Հրավերը ստանալով` միանգամից բացեցի քարտեզն ու սկսեցի փնտրել Հայաստանը:)”:
Ինչպես Սերգեյ Հակոբյանի սաներին, այնպես էլ այլ ցանկացողների բրազիլացի վարպետը երեք օր շարունակ սովորեցրել է կապոեիրայի տեխնիկական գաղտնիքները, նաեւ ազգային երգեր ու երաժշտական գործիքներ նվագել:
Բրազիլացի Շիկինյոն հայերին կապոեիրա է սովորեցրել
Շիկինյոն կապոեիրայով է զբաղվում 11 տարեկանից: Վարպետը հիշում է, որ այն փողոցում, որտեղ մեծացել է, միայն ինքն էր սիրում ֆուտբոլ խաղալ, իսկ կապոեիրայի դպրոց սկսել է հաճախել ավագ եղբոր խորհրդով.“Այս մարտարվեստը սկզբում չէի սիրում, բայց առաջին անգամ մասնակցելով դասընթացի` այնպիսի էներգիա զգացի, որ որոշեցի մասնագիտանալ: Կապոեիրան կյանք է, ինքնաարտահայտման ձեւ, որի շնորհիվ կարողանում ես ցույց տալ հույզերդ ու զգացմունքներդ”:
Նա ճանապարհորդում է եւ վարպետության դասընթացներ անցկացնում աշխարհի տարբեր երկրներում: Շիկինյոյի կարծիքով` այս մարտարվեստին լավ են տիրապետում ֆրանսիացիները, որովհետեւ եվրոպական երկրներից առաջինը կապոեիրան զարգացել է հենց Ֆրանսիայում:
Բրազիլացի Շիկինյոն հայերին կապոեիրա է սովորեցրել
Բրազիլացի կապոեիրիստը նշել է, որ թեեւ չի հասցրել զբոսնել մեր մայրաքաղաքում ու շփվել երեւանցիների հետ, արդեն հզոր էներգիա է զգում.“Հազվադեպ է լինում, որ միանգամից ինձ զգամ ինչպես տանը: Մարդիկ այստեղ շատ ջերմ են, արեւն էլ պայծառ է”:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: