×


Գարի Քյոսայանի եւ Ալլա Սահակյանի դստեր 3-ամյակն ու ԱՄՆ մեկնելու առիթը

Ջազ դաշնակահար, կոմպոզիտոր Գարի Քյոսայանը եւ Համազգային թատրոնի դերասանուհի Ալլա Սահակյանն օրերս նշել են իրենց դստեր՝ Մարիայի 3-ամյակը։ BRAVO.am-ը Սիրահարների այգում լուսանկարել է երաժշտական ընտանիքին, որն օրերս է վերադարձել Լոս Անջելեսից։

Գարի Քյոսայանը եւ Ալլա Սահակյանն՝ իրենց դստեր հետ


Աղջնակի տարեդարձը կազմակերպել են տանը՝ հարազատների հետ.«Մարիան սպասում էր նվերներին։ Արդեն ավանդույթ է, որ տորթը ես թխեմ, նա էլ կողքից ե'ւ ոգեւորում, ե'ւ խանգարում էր։ Խնջույքներին Մարիայի ամենասիրելի հատվածը երաժշտությունն է, ռիթմի լավ զգացողություն ունի, հայրիկը սովորեցնում է նվագել։ Արդեն գիտի, որ Գարիի հեղինակած «Վալս Մարիայի համար»-ն իրեն է նվիրված:): Շուտով մանկապարտեզ կհաճախի»։

Ամուսինները Միացյալ Նահանգներում ամերիկացի երաժիշտների հետ «Ջազն ընդդեմ Ցեղասպանության» խորագրով համերգ են ունեցել: Լոս Անջելեսում կայացած երեկոյի ընթացքում Գարի Քյոսայանի հետ ելույթ են ունեցել կինը, սաքսոֆոնահար Լուի Վան Թեյլորը, թմբկահար Մարվին Սմիթը, կոնտրաբասահար Հենրի Ֆրանկլինը, ֆլեյտահար Սիմոն Մակինաջյանը:

Ալլա Սահակյանը՝ դստեր հետ


Ամուսինները միասին 2-րդ անգամ են օվկիանոսից այն կողմ ելույթ ունեցել, բայց առաջին անգամ են Մարիայի հետ մեկնել.«Համերգի կազմակերպումն ու փորձերը ժամանակատար էին, բայց փոքրիկի հետ շրջեցինք հետաքրքիր վայրերով, չնայած՝ դեռ փոքր է, որ հիշողության մեջ տպավորվի»։

Համերգին հնչել են ջազ ստանդարտեր եւ կոմպոզիտորի հեղինակած գործերը, մասնավորապես՝ «Առավոտ», «Վալս Մարիայի համար», «Night in Gethsemane», բոլորովին նոր «Mirror» գործերը.«Բարձր մակարդակի ջազ երաժիշտներ են, որոնք կատարել են համաշխարհային ճանաչում ունեցող ստեղծագործություններ: Ինչ-որ բանով չես զարմացնի, բայց նվագելով Գարիի գործերը, հիացած նշեցին, որ բացահայտում էր իրենց համար: Հանդիսատեսի շարքերում տարբեր ազգերի ներկայացուցիչներ էին, ամենակարեւորը՝ ջազ երաժշտության սիրահար էին։ Մինչեւ մեր համերգը նաեւ ելույթ ունեցանք Լոս Անջելեսի հայկական միության 60-ամյակին նվիրված երեկույթին, որտեղ շեշտեցին, որ Գարի Քյոսայանի «Ավե Մարիա» ստեղծագործությունն այս տարի առաջին անգամ հնչել է Հռոմի Պապի հայաստանյան այցի առթիվ կազմակերպված համերգի ընթացքում»:

Գարի Քյոսայանը ելույթ է ունեցել Միացյալ Նահանգներում


«Համազգային» թատրոնում Ալլան նոր կերպար ունի Վիլյամ Սարոյանի «Քո կյանքի ժամերը» ներկայացման մեջ, որը բեմադրում է Արմեն Էլբակյանը, իսկ պրեմիերան կկայանա հոկտեմբերին.«Նոր դերս շատ եմ սիրում, ոգեւորությամբ սպասում եմ առաջնախաղին։ Թատրոնի կազմով երբեմն ունենում ենք հյուրախաղեր, օրինակ՝ անցյալ տարի ԱՄՆ-ում էինք, հանդիսատեսի արձագանքից հասկացանք, որ տպավորված էին»։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/ եւ զույգի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW