Արեւիկ Գեւորգյանին BRAVO.am-ը ներկայացրել է դեռ երկու տարի առաջ, երբ նա գեղեցկության միջազգային մրցույթում արժանացել էր “Միսս տաղանդ” տիտղոսին: Սերիալային դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ զուգահեռ մասնագիտանում է հեռուստառեժիսուրայի ոլորտում, գրում է սցենարներ, պատրաստում բատիկ աշխատանքներ, ցանկություն ունի թատրոնում հանդես գալ եւ դժվար է համարում սիրելի աշխատանքի ու սիրելի մարդու միջեւ ընտրություն անելը:):
Արեւիկ Գեւորգյանը
Մոդելային ասպարեզում այժմ դադար եմ վերցրել. ցուցադրությունների, մրցույթների չեմ մասնակցում, դեռ չգիտեմ էլ` կշարունակեմ աշխատել որպես մոդել, թե` ոչ:
Ունեմ իմ հիմնական մասնագիտությունը. 2012-ին ընդունվել եմ Մանկավարժական համալսարանի ռեժիսուրայի բաժնի մագիստրատուրա, սովորում եմ Խաչիկ Չալիկյանի ղեկավարած կուրսում: Ընտրել եմ հեռուստառեժիսուրան. շատ սիրում եմ այս ոլորտը: Մինչեւ ընդունվելս փորձեցի մյուս ուսանողների սովորածը կարճ ժամանակահատվածում ընկալել, սովորել ու քննություն հանձնել:
Արեւիկ Գեւորգյանը
Մյուսների նման սովորական ուսանող եմ: Իհարկե, դասախոսներս տեղյակ են սերիալային գրաֆիկիս, ինձ օգնում են, որ բաց թողած դասերս լրացնեմ, ես էլ փորձում եմ չչարաշահել նրանց լավ վերաբերմունքը:
“Գեներալի աղջիկը” սերիալում դերախաղիս հետ կապված քննադատություններին հետեւում եմ. լսել եմ դրական ու բացասական կարծիքներ: Վստահ ասում եմ, որ բարդ է խաղալ տեսողական խնդիրներ ունեցող աղջկա կերպար: Առաջին խնդիրն այն էր, թե դրական կերպարս ինչպես է բարկանում, ինչ էմոցիաներ ունի:
Սցենարիստը հերոսուհու անունն ընտրել էր նախքան դերն ինձ առաջարկելը: Սկզբում դրանից նեղվում էի ու այնքան խորթ էր ինձ համար իմ անունը. երբ Արեւիկ էին ասում, կարծես, կերպարիս անունն էին արտաբերում: Բայց այս կերպարս իմ ամենասիրելիներից մեկն է:
Արեւիկ Գեւորգյանը
Մարտին սերիալը կվերջանա: Եթե լինեն առաջարկներ, գուցե նորից խաղամ: Դերասանական կրթություն չունեմ, մասնագիտական բացը լրացնում եմ պրակտիկայի միջոցով, հետեւում եմ ռեժիսորի, դերասան-ընկերներիս խորհուրդներին:
Մանկուց նկարում եմ. դիզայնն իմ առաջին մասնագիտությունն է ու իմ մասնիկը: Այդ ճանապարհն անցնելով` հասել եմ դեպի ռեժիսուրա, որը հնարավոր է` այդքան չսիրեի, եթե ինքս չհասնեի այս կետին:
Հիմա կենտրոնացած եմ բատիկայի վրա, նկարում ու բացիկներ եմ պատրաստում: Աշխատանքներս երբեմն վաճառում եմ, բայց կարծում եմ` նախասիրությունս փոքր բիզնես չի դառնա: Եթե նկարեի, օրինակ, նուռ կամ Արարատ լեռը, որոնք պահանջարկ ունեն, գումար կաշխատեի, բայց ես հոգեվիճակս եմ արտահայտում կտորի վրա եւ հոգեկան բավարարվածություն եմ ստանում: Հետագայում կուզեի բացիկների փոխարեն մեծ գործեր նկարել:
Արեւիկ Գեւորգյանը
Սցենարներ եմ գրել եւ ուզում եմ ֆիլմեր նկարահանել: Վերջերս ուսանողական ընկերներով կարճամետրաժ ֆիլմ նկարելու փորձ արեցինք, որի սցենարի հեղինակն եմ, բացի այդ, խաղում եմ “Մհեր Մկրտչյան” թատրոնի դերասան Հրաչյա Ներսիսյանի հետ: Թեման տղա-աղջիկ հարաբերություններն են, գործողությունները կատարվում են բնակարանում: Խաղարկային այս ֆիլմն անվանել ենք “Սիրու՞մ ես”, որի նշանաբանն է` “Ո̒չ քեզ հետ եմ կարողանում, ո̒չ առանց քեզ”: Ընկերներով երկար մտածում էինք` ինչ ասելիք ունենք, արդյոք պետք է նկարել, ընթացքում անընդհատ դժվարություններ էին լինում, բայց նկարահանումներն ավարտեցինք, հիմա արդեն մոնտաժման փուլն է:
Պետք է նաեւ իմ ավարտական կարճամետրաժ ֆիլմը նկարեմ: Այս անգամ միայն կադրից դուրս կլինեմ: Գիտեմ, որ ռեժիսորի աշխատանքը շատ բարդ է, ամեն ինչ քո ուսերին է, պետք է գիտակցված գործես, համոզես թիմին, շատ խոչընդոտների միջով անցնես… Ավելի շատ ապրելակերպ է, քան մասնագիտություն:
Արեւիկ Գեւորգյանը
Ինձ համար հետաքրքիր մեկ այլ աշխարհ է թատրոնը, որտեղ խաղալու մասին միշտ մտածել եմ: Սերիալներոմ նկարվելով` դժվար թե կարողանամ աշխատել թատրոնում, բայց ի ուրախություն ինձ, վերջերս այդպիսի մի առաջարկ ստացա: Դեռ չեմ կարող փակագծերը բացել, բայց հույս ունեմ, որ մի բեմադրության մեջ կխաղամ:
Մասնագիտությունն ամուսնու պես է, եթե սիրում ես այն, երկար ժամանակ ես անցկացնում, ապրում ես, ինչպես կապրես քո ընտանիքի հետ: Սիրելի աշխատանքի ու սիրելի մարդու միջեւ ընտրություն անելը շատ դժվար է, չգիտեմ` իմ կյանքում ինչպես կստացվի:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արշավիր Եղիազարյանի եւ Արեւիկ Գեւորգյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: