×


Գյուրջիեւյան մեղեդիներ

Նոր ձայնասկավառակ ու վերադարձ հայրենիք

Գյուրջիեւի անվան ժողովրդական նվագարանների համույթի ձայնասկավառակի շնորհանդեսն երեկ էր` Գաֆեսճյան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների դահլիճում: Միջոցառման ընթացքում համույթը նաեւ ելույթ է ունեցել:

Ձայնասկավառակը թողարկվել է 2011 թվականի հուլիսին գերմանական “ECM Records”-ի կողմից: Ի դեպ, այս ընկերությունը համագործակցել է աշխարհահռչակ Չիկ Քորեայի, Գիդոն Կրեմերի, Քեյթ Ջարեթի, ինչպես նաեւ Տիգրան Մանսուրյանի հետ, որը եւս ներկա էր շնորհանդեսին:

Գյուրջիեւի անվան ժողովրդական նվագարանների համույթը


Ձայնասկավառակը ջերմ ընդունելության է արժանացել ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաեւ ամբողջ աշխարհում: “BBC Music Magazine”, “The Guardian”, “The Financial Times”, “The USA National Public Radio” եւ հայտնի այլ լրատվամիջոցներ անդրադարձել են համույթին եւ նրա ստեղծագործական աշխատանքներին: Բրիտանական “Songlines Magazine”-ն էլ ընդգրկել է մեր հայրենակիցների ձայնասկավառակը վերջերս լույս տեսած աշխարհի 10 լավագույն ալբոմների շարքում, իսկ Ավստրալիայի պետական ռադիոն սեպտեմբերին այն ճանաչել է շաբաթվա լացագույն ալբոմ:

Համույթը ստեղծվել է 2008 թվականին, գեղարվեստական ղեկավարն ու հիմնադիրն է Լեւոն Իսկէնեանը: Այժմ համույթը հանդես է գալիս հետեւյալ կազմով` բլուլահար Ավագ Մարգարյան, քամանչահար Արմեն Այվազյան, ուդահարներ Արամ Նիկողոսյան եւ Լեւոն Թորոսյան, քանոնահար Մերի Վարդանյան, սանթուրահար Վլադիմիր Պապիկյան, թառահար Դավիթ Ավագյան, դհոլահար Մեսրոպ Խալաթյան, սազահար Արմեն Եգանյան,  թմբակահար Ռեզա Նեսիմի եւ դուդուկահարներ Էմմանուել Հովհաննիսյան, Հարություն Չխոլյան, Տիգրան Կարապետյան, Արթուր Աթոյան:

Գյուրջիեւի անվան ժող. նվագարանների համույթի հիմնադիր Լեւոն Իսկէնեանը



Ձայնասկավառակում ընդգրկված է 20-րդ դարի հայազգի փիլիսոփա, երաժիշտ, պարուսույց եւ գրող Գեորգի Գյուրջիեւի հեղինակած ստեղծագործությունները: Այս մեղեդիները հիմնված են Արեւելքի տարբեր ազգերի ժողովրդական եւ հոգեւոր երաժշտության վրա: Գյուրջիեւի թելադրանքով` այս մեղեդիները դաշնամուրի համար գրի է առել իր աշակերտ Թոմաս դը Հարթմանը: Թվով երեք հարյուր գրառումից տասնյոթը մշակվել եւ վերագործիքավորվել են Լեւոն Իսկէնեանի կողմից:

Գյուրջիեւը ծննդով Գյումրեցի է: Երաժիշտների խոսքերով` ստեղծագործությունների նոր մշակումները մեծն փիլիսոփային իր ակունքներն են վերադարձնում, ծրագիրն էլ անվանել են “Գյուրջիեւի վերադարձը հայրենիք’’:

Գյուրջիեւի անվան ժող. նվագարանների համույթը ձայնասկավառակ է թողարկել


Համույթի հիմնադրումից վեց ամիս անց երաժիշտներն արդեն սկսել են հանդես գալ համերգներով: Ի դեպ, առաջին համերգը տեղի է ունեցել փիլիսոփայի ծննդավայրում` Գյումրիում: “Մենք ցանկանում ենք լինել բոլոր այն վայրերում, որտեղ կա այս երաժշտությունը լսելու հետաքրքրություն’’,- ասել է համույթի գեղարվեստական ղեկավար Լեւոն Իսկէնեանը: Համույթն արդեն բազմաթիվ առաջարկներ ունի արտերկրից. փետրվարին երաժիշտները մեկնելու են Մոսկվա, ապրիլին` Շվեյցարիա եւ Գերմանիա, մայիսին` Բելգիա եւ Իսպանիա:

Գյուրջիեւի ստեղծագործությունները տպագրվել են տարբեր լեզուներով, սակայն նրա հայերեն շատ գործեր դեռեւս տպագրված չեն: Լեւոնը նշել է` իրենց նպատակներից մեկն էլ հետագայում գիրք տպագրելն է` արդեն հայերենով. “Սկսել ենք երաժշտությունից: Հիմնական շեշտը երաժշտության վրա է, եւ ուրախ եմ, որ մեր ձայնասկավառակի միջոցով հետաքրքրություն ենք արթնացնում Հայաստանում Գյուրջիեւի ստեղծագործությունների հանդեպ’’:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW