Հայաստանը պատրաստվում է մայիսի 5-ին Վիեննայում կայանալիք “Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2012”-ի կիսաեզրափակչին, իսկ մրցույթի եզրափակիչը մայիսի 11-ին է: Ինչպես հայտնի է, մեր երկիրը ներկայացնելու է 15-ամյա քանոնահար Նարեկ Կազազյանը:
“Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2012”-ի Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Կազազյանը
“Այս մրցույթն իր ձեւաչափով ավելի փոքր մասշտաբ ունի, անցկացվում է երկու տարին մեկ, մասնակիցները 15-ից 19-ը տարեկան պատանի երաժիշտներ պետք է լինեն եւ ներկայացնեն ստեղծագործություններ, որոնք հնարավոր կլինի նվագել սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ: Երաժշտական գործիքի սահմանափակում չկա”,-BRAVO.am-ին ասել է Գոհար Գասպարյանը:
“Եվրատեսիլ”-ի հայաստանյան պատվիրակության ղեկավարը նաեւ հետեւյալն է նշել. “Մեր ներկայացուցիչը կներկայացնի ազգային նվագարան: Ի տարբերություն մյուս “Եվրատեսիլներ”-ի, այստեղ քվեարկելու եւ գնահատելու է պրոֆեսիոնալ ժյուրին: Կիսաեզրափակչից եզրափակիչ կանցնի 7 հոգի”:
“Եվրատեսիլ”-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը
Նարեկ Կազազյանը կիսաեզրափակչում կներկայացնի Ծովինար Հովհաննիսյանի “Էքսպրոմտ”-ը, Նիկոլո Պագանինիի “Վենետիկյան պարահանդես”-ը եւ Խաչատուր Ավետիսյանի “Անընդհատ շարժում”-ը, իսկ եզրափակչում կնվագի Խաչատուր Ավետիսյանի երկրորդ կոնցերտը:
“Միշտ հետաքրքրվում էի, մի օր էլ զանգեցին ինձ ու ասացին, որ “Եվրատեսիլ”-ը նման ձեւաչափ էլ ունի”,-BRAVO.am-ին ասել է պատանի քանոնահարն ու հավելել.“Բոլոր գործերն էլ սիրով եմ նվագում, բայց Պագանինիի “Վենետիկյան պարահանդես”-ն ավելի լարված կնվագեմ, ճանաչված գործ է”:
“Պագանինիի “Վենետիկյան պարահանդես”-ը ավելի լարված կնվագեմ. ճանաչված գործ է”. Նարեկ Կազազյան
Նարեկ Կազազյանը 2009 թվականին Կրեմլում Հայաստանը ներկայացրել է “Ծագող աստղեր” փառատոնին եւ դիպլոմ ստացել ՌԴ առաջին տիկին Սվետլանա Մեդվեդեւայի կողմից, 2010-ի “Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանն” արժանացել է “Պատանի վիրտուոզ” հատուկ մրցանակին, երիտասարդական 6-րդ բաց Դելփյան խաղերի ոսկե մեդալակիր է:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Luxury ամսագրի եւ Նարեկ Կազազյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: