×


«Ֆուլ հաուս. վայրէջք» ֆիլմի պրեմիերան, խոստովանություններն ու հյուրերը

Մարջան Ավետիսյանը, Գրիգոր Դանիելյանը, Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանը, Անի Երանյանը, Գոռ Հակոբյանը, Մոսո Կարապետյանը, Գարիկ Սեփխանյանը եւ Աղաս Մանուկյանը վերակենդանացրել են «Ֆուլ հաուս» սիթքոմից հայտնի իրենց կերպարները «Ֆուլ հաուս. վայրէջք» գեղարվեստական ֆիլմի համար: Տարիները փոխել են կերպարների կյանքը՝ ոմանց դարձնելով ավելի խոհեմ, մյուսներին էլ մղելով անսպասելի արարքների:

Պրեմիերան երեկ էր՝ «Կինոմոսկվա»-ում: Ռեժիսորը Կարեն Ամյանն է, որը յոթ տարի շարունակ հեռուստաեթերում ցուցադրված սիթքոմն է նկարահանել։  Գլխավոր պրոդյուսերը Արմեն Պետրոսյանն է, սցենարի համահեղինակները՝ Գրիգոր Դանիելյանն ու Գարիկ Սեփխանյանը։ 


Ստեղծագործական թիմն անկեղծացել է, որ անհամբեր սպասել են վերամիավորման օրվան։ Արմեն Պետրոսյանը (Մենչ) լրագրողների հետ զրույցում կատակել է՝ կարծես իրենց «վիպուսկնոյը» լինի՝ այդքան ոգեւորված ու ուրախ են, իսկ սցենարիստ Գարիկ Սեփխանյանն էլ հավելել է․ «Ես անգամ հարսանիքիս այսքան հուզված չէի»։


BRAVO.am-ի հարցին, թե տարիներ հետո արդեն ծանոթ կերպարների համար սցենար գրելն ավելի բա՞րդ չէր եւ արդյոք չէին վախենում սխալվելուց, Արմեն Պետրասյանն արձագանքել է. «Մի փոքր ավելի դժվար էր, քանի որ ֆիլմը չպետք է կրկներ սիթքոմի բովանդակությունը: Հայաստանյան սիթքոմերի պատմության մեջ առաջինն է, որ որպես ֆիլմ է բարձրանում էկրան։ Ֆիլմում ուղիղ կատակներ չկան. հումորային իրավիճակներ են: Նաեւ ուզում էինք, որ այն միայն հումորային չլինի, այլ զգացմունք, սեր ու դրամա ունենա։ Փորձել ենք այդպես անել ամեն դեպքում»։


Ֆիլմում իրականացել է Մարջան Ավետիսյանի կերպարի երազանքը. չափազանց հուզական Թամարան բազմազավակ մայր է: Դերասանուհու խոսքով՝ այս նախագիծն իրենց կյանքից չի հեռանում. «Չափազանց երկար տարիներ ու ժամանակ ենք ապրել այս կերպարների հետ։ Կարեւորն այն է, որ նոր սցենարը քննարկելիս բոլորիս գաղափարները լսել են ու երբեմն էլ հաճույքով ներառել սյուժեում: Մեր աշխատանքը միշտ եղել է թիմային: Նայելով հին կադրերը՝ հասկանում ենք, որ մեծացել ենք, բայց խաղն ու հույզերը նույնն են։ Հույս ունեմ՝ հանդիսատեը նույնպես կզգա այդ էմոցիաները»։

Նախագիծը ճակատագրական դարձավ Արփի Գաբրիելյանի եւ Միհրան Ծառուկյանի համար, որոնք համատեղ աշխատանքի ընթացքում սիրահարվել են ու ընտանիք կազմել։ 


Մոսո Կարապետյանի խոսքով՝ իր մարմնավորած կերպարը՝ Հրաչը, լրջացել, մեծացել եւ բարիացել է։ Ֆիլմի նկարահանումներին չի կարողացել մասնակցել սիթքոմում Զառային մարմնավորող Քրիստինա Եղոյանը արտերկրում գտնվելու պատճառով:


«Ֆուլ հաուս. վայրէջք»-ի գլխավոր ուղերձը, ինչպես նշում է Արմեն Պետրոսյանը, սերն է. «Այն այսօր շատերի կյանքում բացակայում է։ Ի վերջո, անկախ ամեն ինչից, եթե մարդիկ սիրում են իրար, հարգում են եւ միասին են, կարող են հասնել ամեն ինչի՝ անկախ նրանից, թե ինչի մասին է խոսքը։ Եկեք, որպես ամփոփում, ֆիլմի համար ընտրենք այս բառերը՝ սեր, հոգատարություն, համախմբվածություն, ընկերություն»։

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW