“Միսս Հայաստան 1998”, “Միսս ԱՊՀ 1999” եւ “Միսիս գլոբ 2009” տիտղոսները կրող Գոհար Հարությունյանը գեղեցկության էտալոն է համարում Անջելինա Ջոլիին, Շառլիզ Թերոնին, շատ է հավանում նաեւ Քիմ Քարդաշյանին. յուրաքանչյուր կնոջ մեջ է գեղեցկություն փնտրում:
Գոհար Հարությունյանը դուստրերի հետ
Գոհարը գեղեցկության սրահներում շատ քիչ է լինում, հայելու առջեւ էլ ժամերով չի կանգնում, առօրյայում նախընտրում է հարմարավետ հագուստ եւ “Chanel” օծանելիք, կյանքի ամենամեծ հաղթանակը սեփական ընտանիքն է համարում:
Գեղեցկուհի Գոհար Հարությունյանը Golden Tulip Yerevan հյուրանոցի ձմեռային այգում զրուցել է BRAVO.am-ի հետ, վերհիշել է իր անցած ճանապարհն ու խոսել ընտանիքի, ապագա ծրագրերի մասին:
-Ինչպե՞ս առաջին անգամ հայտնվեցիր գեղեցկության մրցույթի բեմում:
-Դա շատ շուտ էր` 13 տարի առաջ: Ցուրտ ու մութ տարիներից հետո հետաքրքիր նորություն էր ինձ համար: Ամեն ինչ շատ անսպասելի էր. բարդույթներով ու անինքնավստահ եմ մեծացել, ինձ համար ամեն փուլն ու քայլը անակնկալ է եղել: Առաջին անգամ հաղթել եմ դպրոցի շրջանավարտների միջեւ գեղեցկության մրցույթի ժամանակ, մինչ այդ միգուցե ծանոթ էլ չէի, որ նման մրցույթներ կան:
-Իսկ ինչպե՞ս քեզ հասանելի դարձավ այդ հետաքրքիր նորությունը:
-Ինձ ոչ ոք չի օգնել, կողմնակի անձիք ե՛ւ քաջալերում էին, ե՛ւ փորձում կանխել իմ այդ քայլը: Մայրիկս բացարձակ անտարբեր էր, չէր ուզում միջամտել, քանի որ դրական կամ բացասական ազդեցությունն իրեն վախեցնում էր. հայրս շուտ է մահացել, եւ իր վրա էր ողջ պատասխանատվությունը, աշխատում էր ձեռնպահ մնալ այդ հարցում: Այն ամենին, ինչ ունեմ, ինքնուրույն եմ հասել:
Գոհար Հարությունյանը
-Ի՞նչ նշանակություն ունեին այդ մրցույթները քեզ համար:
-Պարզապես խաղ էին: Մինչեւ հիմա դրանք ինձ համար մնացել են որպես մի մոլուցք, կիրք: Ոչ մի անգամ չեմ հուզվել, անգամ հաղթելուց կամ պարտվելուց, պարզապես այդ ընթացքն ու ձգտումն ինձ համար շատ հետաքրքիր էր: Կյանքում կոմպլեքսավորված էի, բայց սիրում էի բեմը, երեւի, դա էլ օգնում էր, որ հաղթահարեի բարդույթներս: Երբեմն, շպարի տակ կարմրում էի, ու որպեսզի միայնակ բեմ դուրս գալիս կարմրությունս չերեւա, մտածում էի ` պետք է շպարս մուգ լինի:):
-Ի՞նչ տվեցին քեզ տիտղոսներդ:
-Ես երջանիկ աստղի տակ ծնված մարդ եմ, տիտղոսներս ինձ շատ բան են տվել: Ամեն քայլ, որ արվել է` Միացյալ Նահանգներ գնալը, մոդելի կարիերան, ճանապարհորդությունները, ուսումը, դրանց շնորհիվ է:
-Եթե հիմա նույն տարիքում լինեիր, կմասնակցեի՞ր գեղեցկության մրցույթներին:
-Անպայման: Մեր ժամանակ չկային դիզայներներ, մենք զրկված ենք եղել այն հնարավորություններից, որոնք կան այսօր: Հիմա մասնակիցը մեծ հնարավորություն ունի հագուստի ընտրության, ինչպես նաեւ դիմահարդարման հարցում: Ես 17 տարեկանում ինչպես դիմահարդարվեցի, այդպես էլ մրցույթի ժամանակ բեմ բարձրացա:
Գոհար Հարությունյանը դուստրերի հետ
-Հաղթանակներդ հեշտությա՞մբ են տրվել:
-Ոչ: Շատ դեպքեր են եղել, որոնց մասին չեմ էլ ուզում խոսել, որոնք իմ կարծիքով` շոու-բիզնեսում շատերի հետ եղած կլինեն: Բայց շատ ուրախ եմ, որ այդ տարիներին ոտքս քարին չի դիպչել, առանց խորհրդատուի բոլոր քայլերս ճիշտ եմ արել: Իմ մրցույթներից միայն դրականն եմ քաղել:
-Երբեւէ մտածե՞լ ես` “Ինչո՞ւ հենց ես”:
-“Միսիս գլոբ 2009”-ից առաջ մրցույթի երիտասարդ լուսանկարիչը բոլորին հավաքեց ու ասաց, որ միշտ հաղթում է այն աղջիկը, որը շատ չի կարեւում մրցույթն ու հաղթանակը: Իհարկե, այդպես չի կարող լինել, բայց երբ բեմ էի բարձրացել, ուրախությունից թռվռում էի: Ինձ համար դա ոչ թե հաղթանակի մասին մտածելու առիթ էր, այլ երջանկություն. երեխաս 8 ամսական էր, թվում էր` կյանքս ավարտվել է, էլ չի լինելու բեմ, չի լինելու այդ ամենը, բայց ես կրկին բեմում եմ`գեղեցիկ մարմնով ու զգեստով:):
Ինձ համար շատ երջանիկ պահ էր, բեմն իմն էր: Երբեք չեմ մտածել հաղթանակի մասին, անգամ պարտվելու ժամանակ: Կա մարդ, ում բեմն ու շպարը չեն սազում, իմ կարծիքով` ես բեմի մարդ եմ:
-Ի՞նչ է պետք աղջկան գեղեցկության մրցույթի մասնակցելու համար:
-Գեղեցկուհին առաջին հերթին պետք է ունենա ժպիտ ու հմայք, այդ 90-60-90 ստանդարտներին ես չեմ հավատում, կարեւորը բարի եւ երեխաների համար օրինակելի լինելն է: Նա իրավունք չունի ինչ-որ տեղ նստել ծխախոտը ձեռքին ու ոտքը ոտքին գցած… Ես դեմ չեմ, չեմ ասում, թե մոդելները պետք է չծխեն, բայց ինձ համար գեղեցկուհին պետք է իր ներկայությամբ մարդկանց հաճելի լինի: Գնահատում եմ ներքին գեղեցկությունը: Մրցույթների ժամանակ հանդիպել եմ գեղեցկուհիների, որոնց արտաքին տվյալներն այդքան էլ տպավորիչ չեն, բայց իրենց պահվածքով, խոսելաձեւով ստիպում են մտածել, որ հասարակ չէ, ծնված է գեղեցկուհի լինելու համար:
Գոհար Հարությունյանը
-Ամուսինդ ինչպե՞ս է վերաբերվում կարիերայիդ, տիտղոսներիդ:
-Իր համար մեծ հպարտություն է այդ ամենը: “Միսիս գլոբ 2009”-ի ժամանակ ինքն է ինձ քաջալերել, հովանավորել, որ մասնակցեմ: Կողքիս է եղել, վերջում էլ, երբ արդեն հաղթել էինք, եռագույնն ուզում էր ուսերիս գցել: Ամուսինս շատ հայրենասեր է, եթե օրինակ` Բրազիլիան ներկայացնեի, բնականաբար, չէր թողնի մասնակցել:
-Իսկ ինչպե՞ս ծանոթացաք:
-Մեզ ծանոթացրել են մեր ընդհանուր ընկերները: Նա Ռուսաստանից է, մայրը ռուս է, փոքր տարիքից ասել է, որ հայ կին է ունենալու: Հայաստանում իրեն տարբեր աղջիկների հետ են փորձել ծանոթացնել, հերթական “զոհը” ես էի:):
-Երկու աղջիկ ունես` Մելինեն եւ Բիայնան: Կցանկանա՞ս նրանց էլ տեսնել գեղեցկության մրցույթներում:
-Ինձ թվում է` մեծ աղջիկս` Մելինեն, տվյալներ ունի: Խոսքը արտաքինի մասին չէ. նա սիրում է առաջինը լինել, հագուստներ եւ այլն: Գեղեցիկ քայլվածքն անգամ ժառանգաբար է փոխանցվում: Դեմ եմ մանկական մրցույթներին. երեխան շատ փխրուն հոգեբանություն ունի, եղել է, որ ժյուրիի կազմում եմ եղել ու տեսել, թե ինչպես են բեմի ետեւում արտասվում: Աղջիկներիս մրցույթներից ոչինչ չեմ պատմել, նրանք իմ թագերն էլ չեն տեսել:
Գոհար Հարությունյանը դստեր հետ
-Ի՞նչ է ընտանիքը քեզ համար:
-Ամենանվիրական գործն է, ամենամնայունը: Ամեն ինչ կմոռացվի, կանցնի, իսկ երեխաները կբազմանան սերնդեսերունդ: Երկար ժամանակ տանից դուրս չեմ եկել, երեխաներով եմ զբաղվել, բայց երբեք չեմ զղջա դրա համար: Ուզում եմ` ընտանիքս մեծանա. մտածում եմ երրորդ բալիկի մասին: Յուրաքանչյուր աղջկա համար կարեւորն այս կյանքում ճիշտ ընտրություն կատարելն ու լավ ընտանիք ունենալն է: Ես իմ բոլոր հաղթանակներից հետո, երբ գլուխս դնում էի բարձին, ինքս ինձ ասում էի` ոչինչ չունեմ: Դա, իհարկե, փոխվեց ամուսնությունից հետո:):
-Մրցույթների մասնակցության այլ առաջարկներ ստացե՞լ ես:
-Միայն տատիկների համար նախատեսվածին, եթե կազմակերպեն:): Այլ մրցույթ չկա, “Միսս աշխարհ“-ն է, բայց քանի որ իմ “Միսիս Գլոբ”-ը կարելի է ասել` բացարձակ չընդունվեց Հայաստանում, երեւի չեմ մասնակցի:
Գոհար Հարությունյանը
-Իսկ ի՞նչն էր “բացարձակ չընդունվելու” պատճառը:
-Ես Ավստրիայից զանգահարել ու հեռուստաընկերություններից մեկի աշխատակցի միջոցով բոլորին տեղեկացրել եմ հաղթանակիս մասին: Չգիտեմ, միգուցե մամուլն ավելի կոմերցիոն է դարձել, ավելի հետաքրքիր թեմաներ ունի: Ինչպես իմ թագը չեմ գնել, չեմ գնի նաեւ մամուլը: Ինձ չեմ գովում, բայց փաստ է, որ “Միսիս գլոբ”-ը “Միսս ԱՊՀ“-ից հետո մեր միջազգային 2-րդ հաղթանակն է:
-Արտերկրում ընդունված է, որ գեղեցկուհուն հրավիրում են հաղորդումներ վարելու կամ ֆիլմերում նկարահանվելու, դու նման առաջարկներ ստացե՞լ ես:
- Ֆիլմերի առաջարկներ Միացյալ Նահանգներում եմ ստացել, բայց իմ վիզան ինձ թույլ չէր տալիս նման գործունեությամբ զբաղվել, ստիպված մի քանի ֆիլմերից հրաժարվեցի: Հիմա մի հաղորդման վրա ենք աշխատում, մանրամասներ դեռ չեմ կարող հայտնել:):
Զրուցեց Սիրանուշ Եղիազարյանը /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/ եւ Գոհար Հարությունյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: