×


Գոհար Հովհաննիսյանի հարսանեկան ընտրությունը

Ժողովրդական երգեր կատարող Գոհար Հովհաննիսյանը հուլիսի 6-ին կներկայացնի իր նոր՝ «Հարսանեկան» երգի տեսահոլովակը, որը երկրորդ երեխայի լույս աշխարհ գալուց հետո առաջին աշխատանքն է։

Գոհար Հովհաննիսյանը


Նկարահանումը տեղի է ունեցել մեկ օրում՝ Կոտայքի մարզում, ռեժիսորն Արեն Բայադյանն է, ոճաբանը՝ Ալբերտ Գրիգորյանը, որոնց հետ երգչուհին առաջին անգամ է աշխատում։ Տեսահոլովակում կներկայացվի հայկական հարսանեկան պար Արման Ջուլհակյանի բեմադրությամբ, հենց նա էլ հանդես է գալիս փեսայի կերպարում:

«Ինձ համար նոր շնչով արված եւ սպասված տեսահոլովակ է։ Արենը մեծ թիմով այնպես է աշխատում, որ երգիչը չի հոգնում. մանր հարցերով զբաղվելու փոխարեն ինձ մնում էր նկարահանվել»,-BRAVO.am-ին ասել է երգչուհին։

Գոհարի խոսքով՝ նկարահանման օրը եղանակային փոփոխություններ են եղել, ինչը, սակայն, չի խանգարել.«Պարբերաբար անձրեւ ու կայծակ էր, բայց վստահ էինք, որ ստանալու ենք ռեժիսորի ուզած կադրերը։ Արենն առաջին անգամ է ժողովրդական երգի տեսահոլովակ նկարահանում, ես էլ հումորով նշել եմ, որ իր հաջողությունը հենց այստեղից է սկսվելու»։

Գոհար Հովհաննիսյանի «Հարսանեկան» տեսահոլովակի նկարահանումներին


«Հարսանեկան» երգի հեղինակն Աշուղ Գեւորգն է, որը երգը նվիրել է Գոհարին, գործիքավորումն արել են Կարենն ու Սեւակը.«Իմ երգացանկի գրեթե կեսը աշուղ Գեւորգի երգերն են, կարծում եմ՝ նրա յուրաքանչյուր երգը մնայուն արժեք է։ Անկեղծ է գրում, ես էլ ավելի հավատով եմ երգում։ Նորաձեւ երգերի ետեւից չեմ ընկնում, ուզում եմ, որ ազգագրական երգերը տարիներ շարունակ լսեն։ «Հարսանեկան» պարային ռիթմիկ երգը կոմերցիոն բնույթ է կրում, կկատարեմ հարսանիքներին, բայց այս թեմայով մյուս երգերից բովանդակությամբ ու որակով տարբերվում է։ Հուսով եմ՝ խնջույքներին ժողովրդական հարսանեկան երգն իր տեղը կունենա»։

Ինչպես հայտնել է երգչուհին, կարողանում է համատեղել աշխատանքն ու երեխաների՝ Հարությունի եւ Գայանեի խնամքը. «Աղջիկս այնքան երաժշտական է, ողջ օրը երգում է, ինձ երգով արթնացնում է քնից։ Տղաս շատ է սիրում քույրիկին, ոգեւորվում է, երբ հանձնարարում եմ խնամքի հարցերում ինձ օգնել։ Աղջիկս կրակի կտոր է, տղայիս համեմատ ակտիվ ու ճարպիկ է, շտապում է շուտ մեծանալ:)»։

Գոհար Հովհաննիսյանի «Հարսանեկան» տեսահոլովակի նկարահանումներին


Սեպտեմբերին Գոհարը եւ Ռուբեն Սասունցին համերգ կունենան Լոս-Անջելեսում. «Ուզում եմ միայն տղայիս ինձ հետ տանել, չնայած` աղջիկս ճանապարհի իսկական ընկեր է, նեղություն չի տալիս։ Ամուսինս նույն ժամանակահատվածում կլինի Նյու Յորքում, քանի որ դասավանդում է Հայորդաց տանը. ողջ կազմով մեկնելու են հյուրախաղերի, այդ թվում` նաեւ նրա դհոլահարների խումբը»:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Գոհար Հովհաննիսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW