×


Գոհար Հովհաննիսյան.«Երեխաներիս ու ամուսնուս մեկ ամիս չեմ տեսնի»

Ժողովրդական երգեր կատարող Գոհար Հովհաննիսյանը համատեղում է երկու երեխայի խնամքն ու աշխատանքը: Երգչուհին BRAVO.am-ին տեղեկացրել է, որ մարտի սկզբից համերգներով Ռուսաստանում է: Նա Համլետ Գեւորգյանի, Դավիթ Զաքարյանի եւ Արկադի Դումիկյանի հետ մեկ ամիս շարունակ ելույթ կունենա շուրջ 30 քաղաքում։

Գոհար Հովհաննիսյանը


«Նման մեծ տուրի մասնակցել եմ երկու տարի առաջ. այդ ժամանակ 18 քաղաքում երգեցինք։ Հոգնեցուցիչ ճանապարհներ են, բայց հանդիսատեսին տեսնելով, լավ էներգիա ենք ստանում ու ոգեւորվում։ Բոլոր վայրերում գրեթե նույն համերգային ծրագիրն է, հաճախ ներկաների արձագանքից ոգեշնչված՝ նաեւ երգում եմ ակապելա։ Ելույթ ունենալով ամենատարբեր երկրներում բնակվող հայրենակիցների առջեւ՝ մեծ տարբերություն չեմ զգում, բոլորն էլ ազգագրական ու ժողովրդական երգերը մեծ կարոտով են լսում եւ ջերմ են ընդունում»,-մեզ հետ զրույցում պատմել է Գոհարը:

Երգչուհու ամուսինն ու երեխաները՝ Հարությունը եւ Գայանեն, մեկ ամիս իրեն չեն տեսնելու.«Փոքրիկներիս խնամում է սկեսուր-մայրիկս։ Աղջկաս հետ առաջին երկար բաժանումն է, իսկ տղաս նախապատրաստված ասում է՝ «Մամա ջան, արդեն սովորել եմ, գիտեմ, որ անպայման գալու ես»։ Երբ Երեւանում եմ, մեծ մասամբ  տանը նրանց հետ եմ, օրվա ընթացքում զբաղվածությունս շատ չէ, բայց միեւնույն է՝ մեկնելիս բացակայությանս համար ինձ մեղավոր եմ զգում, միշտ նվերներ եմ բերում»։

Գոհար Հովհաննիսյանը, Դավիթ Զաքարյանը եւ Համլետ Գեւորգյանը


Փետրվարին Գոհարը մեկ շաբաթով այցելել է Բելգիա, որտեղ ելույթ է ունեցել, մարտի 26-ին էլ Փարիզում կմասնակցի հայկական երաժշտական մրցանակաբաշխության. «Այս տարի պետք է շատ աշխատեմ: Երեւան վերադառնալուց հետո տեսահոլովակ կնկարահանենք։ Արտերկրից կան նոր հրավերներ, որոնք քննարկման փուլում են։ Ցավոք, Հայաստանում ժողովրդական երգի համերգները քիչ են»։


BRAVO.am
Լուսանկարները՝ Գոհար Հովհաննիսյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW