×


Գոհար Գասպարյանը

Գոհար Գասպարյանը՝ «Եվրատեսիլ 2019»-ին Սիրուշոյի մասնակցության եւ Սեւակի շոուի փոփոխության մասին

Ավարտվեց  «Դեպի Եվրատեսիլ»-ի նոր եթերաշրջանը, եւ ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Եվրատեսիլ 2018»-ում Հայաստանը կներկայացնի Սեւակ Խանաղյանը՝ «Քամի» երգով: Շատերին է հետաքրքրում՝ արդյոք փոփոխություններ չեն կրելու այն բեմադրությունը եւ հանդերձանքը, որով Սեւակը ներկայացել էր նախագծին: Կամ՝ որքանով է երգչի հայերեն կատարումը համապատասխանում մրցույթի ոճին ու ձեւաչափին: Այս եւ թեմային առնչվող այլ հարցերի շուրջ BRAVO.am-ը զրուցել է «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի հետ:

Վերջինիս խոսքով` «Դեպի Եվրատեսիլ» նախագծի այս տարվա ընթացքն է՛լ ավելի հետաքրքիր էր եւ անակնկալներով լի: Նա ընդգծեց` կարծես թարմացրին հայկական էստրադան.«Մրցույթի ժամանակ ի հայտ եկան շատ հեռանկարային, ինքնատիպ կատարողներ, որոնց համար «Դեպի Եվրատեսիլ»-ում հաջող ելույթ ունենալը մեծ առաջընթաց էր: Եվրատեսիլյան տարիների փորձը մեզ թույլ տվեց լավագույնս կազմակերպել մրցույթը: Անխափան ուղիղ եթերն անչափ բարդ գործ է, ամիսների աշխատանք: Իսկ լավ թիմային աշխատանքը լավ արդյունք է տալիս»:

Ըստ Գոհարի` այս տարվա քվեարկության իրենց ընտրած ձեւաչափը (միջազգային ժյուրի եւ հեռուստադիտող) նախ օգնեց ճիշտ կողմնորոշվել մեծամասնության նախընտրության հարցում, իսկ «Եվրատեսիլ»-ում, ինչպես ինքն է ասում, հաղթում է մեծամասնության կարծիքը.«Քվեարկության արդյունքները նաեւ զարմացրին ու անակնկալի բերեցին մեզ: Ես, օրինակ, կարծում էի, որ Թամար Կապրելյանը միանշանակ կանցնի եզրափակիչ փուլ, քանի որ նա ուներ ե՛ւ բեմական հմայք, ե՛ւ շոու, ե՛ւ հետաքրքիր երգ: Բայց, ցավոք, հայաստանաբնակ երկրպագուների հաղորդագրությունների թիվը չբավականացրեց: «Գաթա» բենդը, ի տարբերություն Թամարի, հաղորդագրությունների թվով 3-րդ տեղում էր, բայց էլի չանցավ, քանի որ ժյուրին ցածր էր գնահատել: Շատ կուզեի` հայկական հնչերանգներ լինեին եզրափակչում»:

Գոհար Գասպարյանը եւ Սեւակ Խանաղյանը


Նշենք, որ Սեւակ Խանաղյանը Հայաստանը ներկայացնող առաջին մասնակիցն է, որը «Եվրատեսիլ»-ի բեմում ողջ ընթացքում երգելու է հայերեն: Գոհարին հարցրինք, թե որքանով է Սեւակին ու նրա հայերեն կատարումը տեսնում եվրատեսիլյան բեմում, նա էլ ասաց՝ երբ միջազգային ժյուրիի եւ հեռուստադիտողների մեծամասնությունը նրան բարձր գնահատեց, ավելի համոզվեց` Սեւակը կարող է հիանալի ելույթ ունենալ ու հետաքրքրել եվրոպացի հանդիսատեսին.«Նախորդ տարի մրցույթում հաղթեց Պորտուգալիան ներկայացնող Սալվադոր Սոբրալը՝ ապացուցելով, որ հաղթելու համար պարտադիր չէ անգլերեն երգել: Բավական է լավ երաժշտություն ու անկեղծություն մատուցել բեմում: Մարդիկ հոգնել են ճոխ բեմականացումներից, իրենց կոտորող պարախմբերից: Նրանք ուզում են լավ երաժշտություն ու լավ կատարում լսել: Սեւակն ունի այս ամենը»:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե արդյոք մայիսին կայանալիք մրցույթում չի փոխվելու այն շոուն եւ հանդերձանքը, որով Սեւակը ներկայացել էր «Դեպի Եվրատեսիլ»-ին: Հայաստանյան պատվիրակության ղեկավարն ասաց, որ փոփոխություն, իհարկե, լինելու է, քանի որ նախագծի բեմը, լույսերը, լեդերն ավելի փոքր էին ու բոլորովին տարբերվում են Լիսաբոնի բեմից.«Պետք է պահպանենք տրամադրությունը, բայց ավելի դիտարժան ու ազդեցիկ դարձնենք բեմականացումը: Հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ: Հագուստը վերջնական կորոշվի բեմադրության լուսային դրամատուրգիան հասկանալուց հետո»:

Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, թե հաջորդ տարի երգչուհի Սիրուշոն է ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ»-ում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել նաեւ երգիչ, երգահան, գործիքավորող Նիկ Էգիբյանը: Գոհար Գասպարյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք իրականում նման մտադրություն կա: Նա ասաց, որ չի հանդիպել նման գրառումների կամ քննարկումների, իսկ Նիկը, հավանաբար, իր ցանկությունն է պարզապես հայտնել այդ առիթով, ինչպես շատ այլ մարդիկ.«Սիրուշոն միշտ սպասված արտիստ է ցանկացած մեծ նախագծում, այդ թվում նաեւ եվրատեսիլյան երկրպագուների շրջանակում: Սա խոսում է այն մասին, որ նա այն եզակիներից է, ում հաջողվել է իր ուրույն հետքը թողնել մրցույթում: Իսկ մենք դեռ պատրաստվում ենք այս տարվա Եվրատեսիլին: 2019-ին կանդրադառնանք ամռանը»,- եզրափակեց նա:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Առաջին ալիքի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport