×


Մարիամ Ալեքսանյանը եւ Գոռ Համբարձումյանը

Գոռ Համբարձումյան. «Պատանեկությունս անցել է բակում` ամեն օր կռիվներ, կապտուկներ»

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի շրջանավարտ Գոռ Համբարձումյանն այս շրջանում նկարահանվում է «Բացիր աչքերդ» սերիալում: Թե ինչ ճանապարհ է անցել, երբվանից է աշխատում Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, ում է պարտական դրա համար եւ այլ հարցերի շուրջ դերասանը խոսել է BRAVO.am-ի հետ անկեղծ զրույցում:

«Նրա կորուստը շատ ցավալի էր»

Շատերի համար Թատերական ինստիտուտը միայն շենք է, որտեղ կարելի է սովորել եւ դիպլոմ ձեռք բերել, բայց ես այնտեղ շատ գիտելիքներ եմ ստացել իմ սիրելի վարպետի` Ալեքսանդր Գրիգորյանի շնորհիվ: Նրա կորուստը մեզ համար շատ ցավալի էր, քանի որ նրանից կարելի էր անվերջ սովորել: Նա է եղել ինձ ուղղորդողը թատերական ասպարեզում, եւ ես իսկապես պարտական եմ նրան, քանի որ այն պաշարը, որ այժմ ունեմ, իմ եւ վարպետիս աշխատանքի արդյունքն է:

Գոռ Համբարձումյանը


5 տարի բեմում

Վարպետիս շնորհիվ է, որ արդեն 5 տարի աշխատում եմ Ստանիսլավսկու անվան թատրոնում: Ճիշտ է, կրթությունս հայկական է, մտածելակերպս նույնպես, բայց դա ինձ չի խանգարում բեմում: Շնորհակալ եմ խաղընկերներիս` հանձինս իմ տաղանդավոր ավագ ընկերների` Ռոբերտ Հակոբյանի, Ֆրեդ Դավթյանի, Սերգեյ Մաղալյանի, քանի որ նրանցից շատ մանրուքներ եմ սովորում: Չեմ կարող երախտագիտությունս չհայտնել նաեւ իմ սերնդակից գործընկերներին, որոնց հետ նույնպես մեծ պատիվ ունեմ խաղալու:

Առաջին գլխավոր դերը

Ընկա հիշողությունների գիրկը, քանի որ սերիալային շատ դերեր եմ ունեցել: Առաջին քայլերս հեռուստատեսությունում եղել են Ելենա Արշակյանի շնորհիվ. խաղացել եմ նրա «Քույրը» սերիալում` մարմնավորելով մարդկային բարձր հատկանիշներով օժտված կերպարի: Իսկ «Բացիր աչքերդ» սերիալի շնորհիվ առաջին անգամ հանդես եկա գլխավոր կերպարով. բարդ դեր է` նույնպիսի բնավորությամբ հերոսով, ում կյանքը դժվար ու փորձություններով լի է:

Գոռ Համբարձումյանը` քույրիկի հետ


«Հայտնի լինելը հաճելի է»

Մինչ մասնագիտություն ընտրելն ընդհանրապես կապ չեմ ունեցել այս ասպարեզի հետ, մտքովս անգամ չի անցել, որ կհայտնվեմ հեռուստատեսությունում, թատրոնում: Ինչպես բոլոր տղաների պատանեկությունը, իմն էլ անցել է բակում. ամեն օր կռիվներ, կապտուկներ, եւ այսքանից հետո` դերասան: Ինձ համար էլ անհավատալի էր, բայց մի քանի օրվա մեջ որոշեցի, գործերս հանձնեցի եւ ընդունվեցի: Այժմ ինձ համար կարեւոր է լինել ճանաչված եւ սիրված դերասան: Ոչ ոք չի կարող հերքել, որ հայտնիությունը հաճելի է:

«Կյանքի դժվարությունները պատրաստ եմ ժպիտով ընդունել»

Իմ եւ Գոռի տարբերությունները շատ են. ես ընտանիքի մարդ եմ, սիրում եմ ջերմություն, հարազատություն, առհասարակ` շփում, հավասարակշռված եմ, վճռական եւ պատրաստ եմ կյանքի դժվարությունները ժպիտով ընդունել ու ճանապարհել, իսկ Արմենը փակ, փնթփնթան, չկողմնորոշվող, անկայուն տղա է: Այս բացահայտումները մենակ չեմ արել. իմ շատ սիրելի Լալա Մնացականյանի հետ խոսելիս, քննարկելիս, ինչու` ոչ, հոգեբանական սեանսներ անցկացնելիս ենք նման եզրակացության եկել: Իմ կյանքում շատ քիչ մարդիկ կան, որոնց իսկապես շնորհակալ եմ, եւ Լալա մաման նրանցից մեկն է, շատ եմ սիրում նրան, նրա մարդ տեսակը եւ միասին աշխատելիս մեծ բավականություն եմ ստանում: Գիտեմ, երբ կարդա այս տողերը , անպայման կասի` պե՞տք էր որ:

«Բացիր աչքերդ» սերիալի կազմը


«Ուժեղները չեն նեղանում, այլ հետեւություններ են անում»

Ես իմ մորը երբեք չեմ հասցնի արցունքների, եթե արցունք` ուրեմն միայն երջանկության: Կերպարս նեղացկոտ է, իսկ ես կյանքում չեմ նեղանում. թույլ մարդիկ են նեղանում, իսկ ուժեղները անում են հետեւություններ եւ հեռանում են, կամ էլ այնքան մեծահոգի են, որ ուշադրություն չեն դարձնում: Ես եւ Արմենը նման ենք ժեստերով, էներգիայով, խոսելաձեւով. եթե նա իմ եղբայրը լիներ, հաստատ լավ ընկերներ կլինեինք:

Տեքստը`Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Գոռ Համբարձումյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW