×


Դայդո Մորիյամա.«Ամեն քաղաք, անկախ իր տեսքից, արվեստի գործ է»

Փարիզ, Կարտիե ժամանակակից արվեստի հիմնադրամ. առաջին անհատական ցուցահանդեսից տասներեք տարի անց Դայդո Մորիյաման կրկին ուշադրության կենտրոնում է: Շնորհիվ Ժան Նուվելի նախագծած ապակյա թափանցիկ շինության, որտեղ այսօր գտնվում է Կարտիե հիմնադրամը, փողոցից արդեն իսկ կարելի է նկատել Դայդո Մորիյամայի «աղմկոտ» լուսանկարները: Դրանք գրավում են, ներս կանչում Ռասպայ պողոտայի անցորդներին` տեսնելու Տոկիոյի ժամանակակից լավագույն լուսանկարիչներից մեկի աշխատանքները: 

Դայդո Մորիյամայի լուսանկարների ցուցահանդեսին


«Դայդո. Տոկիո» խորագիրը կրող ցուցադրությունը ներկայացնում է վերջին երկու տասնամյակների ընթացքում Մորիյամայի ստեղծած թերեւս լավագույն աշխատանքները: «Dog and Mesh Tights» (Շուն եւ ցանցագուլպաներ) գունավոր լուսանկարների շարքը ստեղծվել է Կարտիե հիմնադրամի պատվերով, հատուկ այս ցուցահանդեսի շրջանակում: Մոտ ինն ամսվա ընթացքում Դայդո Մորիյաման լուսանկարում էր իր այցելած բոլոր քաղաքները (Տոկիո, Հոնկոնգ, Թայպեյ, Հյուսթոն, Լոս Անջելես): Այդ աշխատանքի արդյունքում ստեծվում է աշխարհի լուսանկրչական յուրատեսակ մի քարտեզ­փազլ: Հիմքում քաղաքն ու իր բնակիչներն են, կապող օղակը` իրենց միջեւ եղած բարդ հարաբերությունները: «Ամեն քաղաք, անկախ իր տեսքից, արվեստի գործ է»,-ասում է նա:

Մորիյամայի համար լուսանկարչական ապարատն իր մարմի շարունակությունն է, անբաժան մասնիկը: Շարժման վայրկենական նրբագեղություն` այսպիսի բնորոշում է տալիս իր աշխատանքներին արվեստագետը:

Դայդո Մորիյամայի լուսանկարների ցուցահանդեսին


Տոկիո. Մորիյաման պարզապես հիացած եւ տարված է Տոկիոյի գույներով, հատկապես Շինջուկու թաղամասի, որտեղ նա տեղափոխվում է ապրելու Օսակայում գրաֆիզմի ուսումն ավարտելուց հետո: 2000 թվականից Դայդո Մորիյաման ստեղծում է բացառապես գունավոր լուսանկարներ եւ հետո դրանք դարձնում սեւ ու սպիտակ:

«Սեւ ու սպիտակ լուսանկարներն իմ ներաշխարհն են, զգացողություններն ու ապրումները, երբ ես աննպատակ քայլում եմ Տոկիոյի կամ այլ քաղաքների փողոցներով: Իսկ գույներն արտահայտում են այն, ինչ ես տեսնում եմ զբոսանքի ընթացքում: Սեւ ու սպիտակը հարուստ է հակադրութուններով, այն լիովին արտացոլում է իմ միայնակ էությունը, գույնը կիրթ է, խելացի. ճիշտ այնպիսին, ինչպիսին ես ինձ ներկայացնում եմ աշխարհին»,­ասում է լուսանկարիչը:

Դայդո Մորիյամայի լուսանկարների ցուցահանդեսին


Հազարավոր լուսանկարներ, մտազբաղ անցորդներ, գովազդային ցուցանակներ, փողոցային աղմուկ եւ գիշերային կյանք` այս ամենը կարելի է տեսնել մինչեւ հունիսի հինգը` Փարիզում, Կարտիե ժամանակակից արվեստի հիմնադրամում:

Տեքստը եւ լուսանկարները` Լիլիթ Սոխակյանի/BRAVՕ.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW