«Սահմանին» բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմը ճանաչում է բերել Դավիթ Աֆրիկյանին: 27-ամյա դերասանը BRAVO.am-ի հետ անկեղծ զրույցում պատմել է իր անցած ճանապարհի, հիասթափությունների, ձեռքբերումների մասին, նաեւ խոսել է դերասանուհիների հետ հարաբերությունների եւ այն մասին, թե երբ պատրաստ կլինի ընտանիք կազմել:
Դավիթ Աֆրիկյանը
«Ես ու Հայկը որոշել էինք բժիշկ դառնալ»
Երբ մեծ եղբայրն ինչ-որ բան է անում, փոքրը փորձում է նմանվել նրան: Ես ու Հայկը որոշել էինք բժիշկ դառնալ, նույնիսկ պարապում էինք դպրոցական տարիներին, բայց հետո եղբայրս մտափոխվեց, քանի որ ընկերներից մեկի հետ Թատերականում դասի էր մասնակցել ու հավանել էր այնտեղի աշխարհը: Երբ նա արդեն սովորում էր այս բուհում, հաճախ էի գնում ներկայացումները դիտելու: Թեեւ պարապում էի Բժշկականի համար, լսել էի, թե իբր կոռումպացված կառույց է, եւ եթե գումար չունես, չես ընդունվի: Արդյունքում հրաժարվեցի բժիշկ դառնալու մտքից եւ ընդունվեցի Թատերականի նախապատրաստական կուրս` ծանոթանալու դերասանական արվեստին` մտածելով, որ եթե չհավանեմ, կգնամ բանակ: Մեկ տարի ուսանեցի Ռուբեն Մարուխյանի կուրսում եւ դերասանի մասնագիտությունն ինձ գրավեց:
Ճիշտը եւ սխալը
Շատ ուրախ եմ, որ սովորել եմ լուսահոգի Արմեն Մազմանյանի կուրսում: Դերասանական արվեստի հմտություններից բացի, նրանից սովորել եմ մարդ լինել: Նա մի անգամ ասաց` «Ինչքան էլ բողոքեն ինձնից, ասեն` վատն եմ, վատ ներկայացումներ եմ բեմադրում, վատ դերասան եմ, անտանելի բնավորություն ունեմ, խմող եմ եւ այլն, ու գուցե նրանք ճիշտ են, բայց կյանքում կա մի բան, որը, վստահ եմ, ճիշտ եմ անում ու մինչեւ կյանքիս վերջ կանեմ. դա ամեն առավոտ բակի ծիտիկների համար հաց փշրելն ու կերակրելն է»: Միշտ հիշում եմ վարպետիս այդ խոսքերը, ճիշտ է` ամեն օր չի ստացվում, բայց երբեմն հետեւում եմ իր օրինակին: Մտածում եմ` ինչ-որ մեկը գուցե ասի` Դավիթ Աֆրիկյանը վատ դերասան է, լավ չի խաղում, բայց այդ հարցում ոչ ոք չի կարող ասել, որ սխալ եմ անում:
«Կյանքում ամեն ինչ կներեմ, բայց ոչ` այդ երկուսը»
Ավելի լավ է լինել լավ մարդ, քան հանճարեղ դերասան ու վատ մարդ: Ատում եմ այն դերասաններին, ովքեր մարդ տեսակը չեն պահում: Ատում եմ սուտը, դավաճանությունը, որոնք մարդուն զրկում են մարդ կոչվելուց: Երբ իմանում եմ` ինչ-որ մեկը ստել է կամ դավաճանել, թեւերս կոտրվում են: Կյանքում ամեն ինչ կներեմ, բայց ոչ` այդ երկուսը: Մարդը հիմնվում է այդ երկու կարեւորագույն սյուների վրա, եւ եթե դրանցից մեկը կաղում է, կամ երկուսն էլ կաղում են, ուրեմն վերջ, մարդը դառնում է փալաս:
«Ինձ դավաճանեցին»
Ցավոք, հիասթափություն, դավաճանություն ապրել եմ կյանքիս 27 տարիների ընթացքում: Իսկապես, չէի ցանկանա անցնել նման բաների միջով, որովհետեւ հիմա հիշելով վերապրում եմ այդ անտանելի զգացողությունը: Նրանք այնպիսի անձնավորություններ էին, որոնց որպես մարդ դասել եմ առաջին հորիզոնականներում ինչպես ընկերական շրջապատում, այնպես էլ անձնական դաշտում: Միակ դրական կողմն այն է, որ երբ պետք է խաղամ հիասթափություն, միանգամից հիշում եմ ու հեշտ մտնում դերի մեջ, ինչի համար իսկապես շնորհակալ եմ նրանց: Դադարեցնում եմ շփումը նման մարդկանց հետ, որովհետեւ շատ երկար կարող եմ հանդուրժել, բայց նաեւ ունակ եմ վերջնական խաչ քաշել:
Դավիթ Աֆրիկյանը
«Չեմ հաճոյանա, կծեծեմ»
Բանակից վերադառնալուց հետո` 2010 թվականին, առաջարկ ստացա նկարահանվել «Արմենիա TV»-ի մանրապատումներում: Դրանից հետո առաջարկներ ունեի սերիալներից, ֆիլմերից, բայց հրաժարվում էի, քանի որ հիասթափվել էի ոլորտից: Արժեքային համակարգն այժմ այնքան է փոխվել, որ մարդիկ գնում են այլ բաների հետեւից, ես էլ չէի կարողանում ինձ դրսեւորել, որովհետեւ դրա համար պետք է հաճոյանայի ինչ-որ մեկին, բայց ես չեմ կարող նման քայլ անել, ավելի շուտ կծեծեմ:
«Այդ աշխատանքն իմը չէր»
Դադարի շրջանում փորձեցի զբաղվել ֆիլմերի պրոդյուսինգով: 2012-2013 թվականներին նկարահանվեց «Հանի-մանի» տրագիկոմեդիան, որի փոխտնօրենն էի: Հայաստանում այն միայն փակ դիտում ունեցավ, հուսամ` առաջիկայում մեծ էկրաններ կբարձրանա, որովհետեւ իսկապես տարբերվող ֆիլմ է. Կանադայում փառատոնի է մասնակցել ու լավագույն մրցանակի արժանացել:
Ինձ այդ ընթացքում առաջարկում էին նաեւ ռեստորանի մենեջեր աշխատել շատ բարձր աշխատավարձով, նույնիսկ փորձաշրջան անցա, բայց հասկացա, որ իմը չէ: Պարզապես ուզում էի աշխատել. հաճելի չէր այն վիճակը, որ պետք է ծնողներիցս գումար վերցնեի: Այժմ էլ, եթե պետք լինի, բանվորություն էլ կանեմ, բայց ամերիկյան ժպիտով եւ «օսլայած» ձայնով մենեջերի աշխատանքն իմը չէր:
«Չգիտեմ` հետո էլի կկարողանամ գրել»
Սցենար սկսել եմ գրել դեռ ուսանողական տարիներին: Կուրսընկերոջս հետ 2007-ին սարսափ ֆիլմի սցենար էինք գրել, որն առաջինը կլիներ Հայաստանում, բայց մեկ էլ փողոցում տեսանք առաջին սարսափ ֆիլմի պաստառը ու հրաժարվեցինք այդ մտքից: Այժմ նոր սցենարի վրա եմ աշխատում. կատակերգություն է, որը տարբերվում է եղածներից: Առաջնորդվել եմ ամերիկյան կոմեդիայի ստեղծման սկզբունքներով: Գրքեր կան, որ խորհուրդ կտամ հայ սցենարիստներին կարդալ: Դրանցում բացատրվում է, թե ծիծաղից հետո քանի րոպե պետք է թողնես հանդիսատեսը հանգստացնի մկանները, նոր կրկին նրան ծիծաղ պարգեւես, կամ էլ ինչ կարգի հումոր մատուցես ու հասնես գագաթնակետին: Հուսամ, այս աշնանը կկարողանամ նկարել ֆիլմս, քանի որ այժմ աշխատանքներ են տարվում պրոդյուսերների եւ հովանավորների հետ: Ժամանակին պրոդյուսերներից մեկը ցանկություն է հայտնել գնել այս սցենարը, բայց չեմ վաճառում, որովհետեւ չգիտեմ` հետո էլի կկարողանամ գրել:
«Փորձում եմ մեր աստղերին»
Ամենաչսիրածս բանը` երբ մարդ չի զբաղվում իր գործով: Երբեք չեմ ասում` սցենարիստ եմ: Տասը տարի խաղում եմ թատրոնում, չեմ ասում` դերասան եմ, բայց այսօր մեկն ինչ-որ ստուդիա է ավարտում եւ ասում` դերասան է: Մեկ-մեկ արդեն ամաչում եմ ասել` դերասան եմ:
Այսօր շատ են ասում, թե կրթությունը պարտադիր չէ, կարեւորը բնատուր տաղանդն է, բայց ես կարծում եմ, որ նման մարդիկ մի քանի դարը մեկ են ծնվում: Իսկ Հայաստանում բոլորը ուզում են հայտնի դառնալ, ավելացնել իրենց «լայքերը» սիրվել ու փողոցում լուսանկարվել:
Այսօրվա մեր աստղերին հաճախ փորձելու համար տարրական հարցեր եմ տալիս: Անհնար է, որ դերասանը չիմանա, օրինակ` Չեխովին, կամ հարցնում եմ` Ստանիսլավսկու այս գործը հիշում ես, ասում է` «վայ, չէ, շուտ եմ կարդացել»:
Դավիթ Աֆրիկյանը
«Միմյանցից դեր են գողանում, իրար տակ են փորում»
2006-2013 թվականներին աշխատել եմ «Գոյ» թատրոնում` որպես դերասան: Ի դեպ, առաջին անգամ բեմ բարձրացել եմ Եգիպտոսում, երբ թատրոնը հյուրախաղերի էր մեկնել «Իմ մահը» ներկայացմամբ: Հետո դուրս եկա թատրոնից ինչ-ինչ պատճառներով. այն կրթությունը, արժեհամակարգը, որ իմ մեջ փորձել է ներդնել Մազմանյանը, թույլ չտվեց մնալ ու լինել մի միջավայրում, որում պարզապես բացակայում էր այդ ամենը:
Ինձ համար թատրոնը տաճար է, բայց այսօրվա թատրոնը դարձել է գարեջուր խմելու, նարդի խաղալու վայր, միմյանցից դեր են գողանում, իրար տակ են փորում, «շեֆի» հետ լավ են լինում, որ դեր ստանան եւ այլն: Մի խոսքով, նողկալի վիճակ, մթնոլորտ, որը չի կարելի:
«Գաղափարը գրավեց ինձ»
Երկար դադարից հետո հրավեր ստացա «Շանթ»-ից նկարահանվել «Սահմանին» բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմում: Երբ զանգահարեցին ու հրավիրեցին քասթինգի, մտածեցի` հերթական սերիալն է ու չցանկացա գնալ, բայց ասացին, որ տարբերվող նախագիծ է: Եվ իսկապես այն գրավեց ինձ հայրենասիրական գաղափարի, սցենարի եւ թիմի շնորհիվ: Անիմաստ կլիներ մերժելը, քանի որ ինձ մի տեսակ ժանգոտած էի զգում, ներքին մղում կար, որ պետք է գնամ ու իմ գործով զբաղվեմ. ես ոչ պրոդյուսեր եմ, ոչ էլ սցենարիստ: Ես ու կերտածս կերպարը` Կարենը, ինչ-որ առումով նման ենք: Իմ մեջ էլ կա հայրենասիրություն. իմ հողն ու ջուրը շատ եմ սիրում, բայց նա ավելի հավասարակշռված է: Ես բռնկուն եմ, իսկ Կարենը գիտի` որ պահին ինչ անի. ճիշտ զինվորական է:
«Նվերներ էին ուղարկել»
Այս ֆիլմի շնորհիվ ճանաչում եմ ձեռք բերել: Դեռահաս աղջիկները բազմաթիվ նամակներ են գրում, հաճախ էլ նեղանում են, բայց անհնար է բոլորին արձագանքել: Ուրախ եմ, որ սիրվեց Կարենի կերպարը: Նկատել եմ, որ նույնիսկ քննարկում են, թե հերոսուհին ում կընտրի` Կարենին, թե մյուս զինվորականին:
Երկրպագուներս շատ ուշադիր են. Ամանորին մեր տուն նվերներ էին ուղարկել` տարվա խորհրդանիշ կապիկ, իմ սիրած խմիչքը եւ այլ բաներ: Եղել է, որ շատ լավ հեռախոս են նվիրել, հագուստ:):
Դավիթ Աֆրիկյանը
«Շատ եմ ուզում ծնող դառնալ, բայց…»
Երբ նայում եմ ընկերներիս, ովքեր ունեն կին, երեխաներ, ինքս էլ շատ եմ ուզում ծնող դառնալ. երեխայից հանճարեղ բան չկա կյանքում, բայց ամուսնական կյանքին պատրաստ չեմ: Ընտանիք կազմելը մեծ պատասխանատվություն է, իսկ ես ազատ ապրող մարդ եմ, ժամ ու պատարագ չունեմ: Պետք չէ ամուսնանալ, եթե չես կարող շատ-շատ բաներից հրաժարվել: Դեռ պետք է կայանամ որպես մասնագետ. մտադիր եմ արտերկրում ուսանել, եւ եթե այժմ ընտանիք կազմեմ, դրանք կմնան: Գիտեք, եթե ընտանիք կազմելու նպատակով նայեմ այս կամ այն աղջկան, ապա կստացվի ու կհանդիպեմ իմ ապագա երեխաների մայրիկին: Իսկ հիմա ոչ կասեմ` ընկերուհի ունեմ, ոչ էլ կասեմ, թե չունեմ:
«Չեմ ուզում կյանքս կապել դերասանուհու հետ»
Եղել է շրջան, երբ մտածել եմ` ընկերուհիս կդառնա կինս, եղել է նաեւ, որ երկար ընկերություն ենք արել, բայց իմացել եմ` չենք ամուսնանա: Այ, հիմա հասկանում եմ, որ իմ ոլորտի այդ աղջիկներից ոչ մեկի հետ էլ չէի կարող ապրել: Չափից դուրս նվիրվող եմ, բայց երբ դա չի գնահատվում, շատ վատ է: Լինելով դերասան` չեմ կարողանում հարմարվել դերասանուհու կյանքին: Հաստատ գիտեմ, որ չեմ ուզում դերասանուհու հետ կյանքս կապել. ինչքան էլ ժամանակակից հայացքներ ունեմ, չեմ ընդունում շատ բաներ, որ անում է ամուսնացած դերասանուհին:
«Դեռ շուտ է, ձագուկ»
Դոստոեւսկին ասել է` «Ես ապրում եմ` կյանքը դիտարկելով», ինքս էլ ֆիքսող մարդ եմ: Շատ կուզեի հանդիսատեսի հետ հաղորդակցվել նաեւ ներկայացման միջոցով: Այդպես ավելի արտահայտիչ ու հասկանալի կլիներ, թե կճուճի մեջ ինչքան բան եմ կուտակել: Զգում եմ թատրոնի կանչը: Արմեն Աղասիչին միշտ ասում էի`«Կլինի՞ մոնո խաղամ», ինքն էլ պատասխանում էր` «Չէ, դեռ շուտ է, ձագուկ, մի քիչ էլ աճի, նոր»: Կարծում եմ` մի քիչ աճել եմ:):
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: