×


«Դարձի՛ր իմ Վալենտինը» մրցույթի հաղթողներն հայտնի են :)

BRAVO.am-ը ու “Արմենիա Մարիոթ” հյուրանոցն այսօր ամփոփում են Սբ. Վալենտինի տոնին նվիրված մրցույթի արդյունքները:Ընդհանուր առմամբ, մրցույթին ներկայացվել էր 13 շարադրություն:

Մրցույթի հաղթող է ճանաչվել Գայանե Ասլիբեկյանը: Նա կստանա գլխավոր մրցանակը. նա եւ նրա ընտրյալը փետրվարի 14-ին ռոմանտիկ ընթրիք կանցկացնեն հյուրանոցի “Կուչինա” իտալական ռեստորանում, այնուհետեւ մեկ գիշերով կհյուրընկալվեն “Արմենիա Մարիոթ”-ում` առավոտյան վայելելով նախաճաշը: Գայանեն կստանա եւս մեկ նվեր` դեմքի հարդարման վաուչեր “Արմենիա Մարիոթ”-ում գործող Litte Medical Spa-ից:

Մրցույթի հաղթողն իր ընտրյալի հետ ռոմանտիկ ընթրիք կանցկացնի հյուրանոցի “Կուչինա” իտալական ռեստորանում


“Արմենիա Մարիոթ”-ը նախապատրաստել էր մեկ մրցանակ, բայց, քանի որ հաղթողը ներկայացրել էր շատ հուզիչ, գեղեցիկ, բայց եւ տխուր պատմություն, որոշեց տրամադրել նաեւ երկրորդ մրցանակը` մեկ այլ գեղեցիկ, բայց ավելի ուրախ պատմությանը: Եվ այսպես, երկրորդ մրցանակը ստանում է Լիլիթ Սոխակյանը. նա իր ընտրյալի հետ փետրվարի 14-ին կընթրի հյուրանոցի “Կրիստալ” բար-ռեստորանում եւ դեմքի հարդարման վաուչեր կստանա “Արմենիա Մարիոթ”-ում գործող Litte Medical Spa-ից:

BRAVO.am-ը ու “Արմենիա Մարիոթ” հյուրանոցը շնորհավորում են հաղթողներին, որոնց շարադրությունները ներկայացված են ստորեւ:

"Արմենիա Մարիոթ" հյուրանոցը


Գայանե Ասլիբեկյան
«Դարձի՛ր իմ Վալենտինը»
/իրական կյանքից  ծնված մի պատմություն/


2012 թ-ի  փետրվարի 14-ին կլրանա մեր ամուսնության 17 տարին… Երկար ու ձիգ տարիներ` լեցուն սիրով ու հույզերով, սպասումներով ու բազում երազանքներով… Երեխաներ, հոգսեր, արցունքներ` կյանքի «առագաստը» փոթորկելով անհայտ ուղղությամբ:

Ինչպես բոլոր դեռահաս աղջիկները, ես նույնպես կյանքը «վարդագույն» էի պատկերացնում:

Ահա եկավ այն օրը, որը պետք է բախտորոշ լիներ իմ կյանքում: Բաց ծով իջեցրինք «նորաթուխ առագաստը», որի տերը մենք էինք` երկուսով: Մեր սիրո առագաստը /եթե այն կարելի է կոչել սիրո/ ալիքների վրա էր` թողնելով այն բախտի կամ քամու քմահաճույքին: Յուրաքանչյուրս ընտրեցինք մեր նստարանը`ես իմ, իսկ նա դառնալով ղեկին գերի: Գերի… հեշտ է ասել գերի, քանի որ տարիներ հետո գերին էլ է ազատվում կամ… Իսկ այս մեկն ոչ այս էր, ոչ այն: Դառնալով գերի սեփական մտածելակերպին, իր «ես»-ին, գերի` կառչած կյանքի մանրունքներին… Հոգնել եմ արդեն տառապելուց, այլեւս ոչինչ չեմ ուզում, միայն ցանկանում եմ լինես իմ կողքին:

ՈՒզում եմ գոռալ, ճչալ ու բղավել`ես քեզ եմ սիրում… Բայց ոչ, անուժ եմ արդեն… Փշրվեց կախարդանքը կյանքի, հօդս ցնդեցին մեր երազանքները, սիրո առագաստը: Մոռացության տալ մի սիրո պատմություն` հոգուդ խորքում խեղդելով «վրեժխնդրություն» չարիքը: Բայց արվեց, այն էլ իմ կողմից` չսպասված:

Ներիր, սիրելի՛ս, այլ կերպ վարվել չէի կարող: Ուզում էի փախչել քեզանից, բայց ոչ քո գրկից, քո քնքշանքներից ու համբույրներից:

Անցան տարիներ: Կյանքիս ամեն մի ակնթարթը լեցուն էր լացով: Այո, լացով: Գրեթե ամեն գիշեր արցունքով էին ողողվում անկողնու այն պարագաները, որին անվանում ենք բարձ, որտեղ կարող էին հպվել մեր երկուսի գլուխները: Ես կորցրեցի քեզ, իմ սեր, իմ գանձ, հեռացար, ինչպես աշնան քամին կքշեր պոկված տերեւին: Ատում եմ աշունը, նա էր ինձ թախիծ պարգեւել: Ուզում եմ ամենքին ասել, աշխարհին պատմել, որ քեզ, միայն քեզ եմ սիրում, հետո նոր լռել, հավիտյան լռել ու ոչինչ չասել:

Մի՞թե կարող ես աչքդ փակել սիրո առաջ…

Մի՞ թե կարող ես հեքիաթային երջանկությունն անտեսել… այլեւս չեմ կարող գրել, սրտիս ցավը թույլ չի տալիս:

Երբեք մտքովս չէր անցել Ձմեռ պապիկից նվեր խնդրել, բայց այս տարի փորձեցի… ապարդյուն: Ինչեւէ, գուցե բարին էլ դա է… Տարեցտարի մոտենալով այն երջանիկ օրվան՝ սիրտս էլ ավելի է բաբախում, որի համար երբեք չեմ ափսոսալու, էլ ավելի եմ սպասելու՝ երազելով իմ ասպետ «Վալենտինին»: Սեր իմ, հոգեպես վերադարձի՛ր, գրկաբաց սպասում ենք քեզ….

Սիրում ենք քեզ ……

Լիլիթ Սոխակյան
«Դարձի՛ր իմ Վալենտինը»


Շաքեն ատում էր իր գանգուր մազերը, միշտ թաքցնում դրանք գլխարկների տակ, կամ ձիգ պոչիկ կապելով: Իր դասարանի աղջիկներն իրականում ունեին արդեն հասուն օրիորդների տեսք, շպարվում էին, երեկույթներ հաճախում, մի խոսքով՝ անում ամեն ինչ «մեծ» կյանք վարելու համար: Բայց նա այդպիսին չէր, պարզ էր եւ անկեղծ, իր տարիքից փոքր էր երեւում եւ ուներ խառը գանգուրներ:

Դասընկերուհիների «մեծ» կյանքի ծրագրերի մեջ ներառված էր նաեւ սիրահարված լինելը: Սովորաբար ամեն դասարանում լինում է մեկ­երկու տղա, ում համակրում են դասարանի բոլոր աղջիկները: Այս դեպքում հերոսը մեկն էր` գեղեցկադեմ, բարձրահասակ, խելացի, բարի եւ քաջ, մի խոսքով, անունը` Դավիթ: Ինչպես եւ դասարանի բոլոր 11 աղջիկները, Շաքեն նույնպես սիրահարված էր Դավիթին, բայց շատ գաղտնի, սիրում էր սրտի ամենախորքում, սիրում էր անկեղծ եւ առանց որեւէ հույսի կամ ակնկալիքի:

Մոտենում էր փետրվարի 14­ը` իր հետ բերելով սիրահար զույգերի տոնը` Սուրբ Վալենտինը: Այդ օրը դասարանի տղաները բացիկ­սրտիկներ պետք է նվիրեին իրենց համակրած աղջիկներին: Օդում սավառնում էր բոլորին անհանգստացնող մեկ հարց. ո՞վ կդառնա Դավիթի ընտրյալը:

Դանդաղ քայլերով՝ Շաքեն դուրս եկավ դպրոցից եւ հանկարծ նկատեց նորաբաց «Փարիզ» վարսավիրանոցը: Տեսնելով ցուցանակը՝ Շաքեի գլխում ծագեց մի հիանալի միտք. Վալենտինի օրը հարդարել իր խառը գանգուրները` դարձնելով դրանք ուղիղ եւ հարթ: «Միգուցե մոխրոտիկի նման կիրականանա նաեւ իմ երազանքը»,­ մտածեց Շաքեն եւ բացեց «Փարիզ»­ի դռները:

Արդարացան Շաքեի բոլոր սպասելիքները: Աղջնակն իրեն զգում էր ավելի մեծ, ավելի գեղեցիկ, ավելի նման իր դասընկերուհիներին:

Եկավ սպասված առավոտը, բայց, ի տարբերություն նախորդ արեւոտ օրվա, գալիս էր հորդառատ անձրեւ: Մայրիկը տվեց անձրեւանոց, որպեսզի մազերը չթրջվեն, եւ Շաքեն վազեց դպրոց: Ոչ ոք չէր ճանաչում նրան, բոլորն ասում էին  թե ինչքան է փոխվել եւ գեղեցկացել:  Իսկ անձրեւը շարունակում էր գալ` կատաղի թակելով դպրոցի պատուհանները: Երջանիկ Շաքեն մտավ դասասենյակ:

«Շատ գեղեցիկ են մազերդ,­ հանկարծ լսվեց դասընկերուհու լացակումած ձայնը,- իսկ ես չհասցրեցի հարդարել մազերս, եւ այս տեսքով ինձ ոչ ոք բացիկ չի նվիրի»,­ այս խոսքերին հաջորդեց անձրեւի նման ուժեղ լացը: Խղճալով ընկերուհուն՝ Շաքեն առանց վարանելու առաջարկեց միասին վազել վարսավիրանոց եւ արագ հարդարել մազերը: Համաձայնությունը միանշանակ էր: Եվ ահա երկու ընկերուհի անձրեւանոցի տակ ներխուժեցին «Փարիզ»: Ընդամենը կես ժամ անց ընկերուհին արդեն  հիանում էր իր մազերի գեղեցկությամբ, սակայն վճարելիս վարսավիրին, նկատեց, որ չունի բավարար գումար: Փրկելու համար իրավիճակը՝ Շաքեն առաջարկեց ընկերուհուն վերցնել անձրեւանոցը, վազել դրամի ետեւից դպրոց եւ շուտ վերադառնալ: Չէ՞ որ բացիկների հանձնմանը դեռ կար կես ժամ: Ընկերուհին հեռացավ, իսկ րոպեները անխիղճ արագությամբ վազեցին առաջ: Անցավ 20 րոպե, բայց ընկերուհին չկար, չկար նաեւ անձրեւանոց: Պատի ժամացույցը հայտարարեց ուղիղ 12-ը:

«Վերջ, Մոխրոտիկ, սպասել այլեւս չի լինի»,­ մտածեց Շաքեն եւ դուրս թռավ սառը անձրեւի տակ: Թվում էր՝ այն ավելի ուժեղացավ, կամ երեւի արցունքները գումարվեցին անձրեւի կաթիլներին: Երկու րոպե անց նա արդեն դպրոցում էր, բայց, փաստորեն, երկու րոպեն էլ էր բավարար լիովին թրջվելու համար: Թաց եւ կրկին գանգուր մազերը ողջունում էին բոլորին, դժվար էր շնչել եւ հատկապես զսպել արցունքները:

Դասարանի դուռը բացվեց, եւ նա լսեց ընկերուհու ծիծաղը եւ շնորհակալանքի խոսքերը գեղեցիկ լինելու առիթով: Բոլոր աղջիկների ձեռքերին արդեն կային բացիկ­սրտիկներ: Նա ուշացել էր, արցունքները դավաճանաբար վազեցին Շաքեի աչքերից, պետք էր փախչել դպրոցից, վերանալ այդ անշնորհակալ աշխարհից:

Շաքեն շրջվեց դեպի դուռը եւ հանկարծ տեսավ իր դիմաց կանգնած Դավիթին` ձեռքին պահած բացիկ­սրտիկ: Տղան հիացած նայեց աղջկան եւ շշնջաց.

­ Դարձի՛ր իմ Վալենտինը, լուսարձակ գանգուրներով Շաքե...

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW