×


«Mallորված»-ի տոնածառային պրեմիերան, Մալենկոյի գաղտնիքը եւ բոլորին զարմացրած Լեոն

Ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի նոր ֆիլմի պրեմիերայի առթիվ երեկ «ԿինոՄոսկվա»-ի հարակից տարածքում հայտնվել էր տոնածառ ու Նոր տարվա մթնոլորտ ստեղծել: Այս անգամ, ոչ թե ամերիկացի էր կորել ու մոլորվել Հայաստանում, այլ փոքրիկ տղա, ու այն էլ՝ մոլում: Հենց այդ բառախաղի արդյունքում էլ ֆիլմն անվանել են «Mallորվածը»: Այն պատմում է դեկտեմբերի 31-ին մի խումբ մարդկանց կյանքում տեղի ունեցող խառնաշփոթի մասին: 

Նոր չէ ֆիլմի գաղափարը. համաշխարհային կինեմատոգրաֆում հաճախ են օգտագործել չարաճճի ու հնարամիտ երեխայի միջոցով չարագործների հախից գալու փորձը: 

Միհրան, Գոռ եւ Կարո Կիրակոսյանները


Ֆիլմի դերասանական կազմը մեծ է, եւ ոչ բոլորն էին հասցրել ներկայանալ ասուլիսին, եւ լրագրողների հարցերին պատասխանեցին Գոռ Կիրակոսյանը, Գրիգոր Դանիելյանը, Գարիկ Սեփխանյանը, Արման Նավասարդյանը, Լեո Մկրտչյանը, Դիանա Մալենկոն, Ռոզի Ավետիսովան, Ռաֆայել Երանոսյանը եւ Ներսես Ավետիսյանը:

Գրիգոր Դանիելյան. Այսպիսի ֆիլմ ստեղծելու գաղափար ունեցել ենք դեռ 2018 թվականից։ Բանն այն է, որ հայկական կինոդարանում Նոր տարվան համահունչ ֆիլմ չունենք, ու տոներին սովորաբար ցուցադրում են Գոռ Կիրակոսյանի այլ գործեր, մասնավորապես՝ «Մեծ պատմություն փոքր քաղաքում»-ը. մահացած մարդկանց մասին կինոն ցուցադրվում է Ամանորին։ 

Գարիկի հետ շուկան ուսումնասիրեցինք եւ մտածում էինք, թե ում հետ մեր գաղափարն իրականացնենք։ Գոռին մեր մտահղացման մասին հայտնեցինք 2020-ին, ու նա այն հավանեց։ Բայց պատերազմի ծանր ընթացքն էր, եւ աշխատանքները մեկնարկեցին 2022-ին. Գոռն ու Նարեկ Մարգարյանը սկսեցին գրել սցենարը։ 

Ռաֆայել Երանոսյան. Ինձ այսօր էլի են հարցրել, թե ֆիլմը նմա՞ն է «Տանը մենակ»-ին... Այնպես չէ, որ մենք հեծանիվ ենք հորինել, պարզապես լրիվ հայկական ու գեղեցիկ ֆիլմ ենք ստացել, դերասաններն էլ յուրովի են այն հարստացրել։ 


Գարիկ Սեփխանյան. Իհարկե, «Տանը միայնակ» ֆիլմից ոգեշնչում կա, որովհետեւ այն չկրկնվող է ու իր տեսակի մեջ լավագույններից մեկը։ 

Գոռ Կիրակոսյան. Բնականաբար, ուսումնասիրել ենք այդ ֆիլմի բանաձեւն ու սցենարային գծերը, բայց մերն ենք ստեղծել: Սյուժեի հիմքում երեք պատմություն է, որոնք միաձուլվում են։ «Տանը միայնակ»-ին հարգանքի տուրքը մեկ դրվագում ենք արտահայտել, երբ հերոսները 2 անգամ մեքենայով հարվածում եմ աղբամանին. նման տեսարան կա նաեւ այնտեղ։ 

Ֆիլմը ծանր պայմաններում ենք նկարել. երբեք ձմռանն այսքան նկարահանում չէի արել։ Ես մեծացել ու ապրել եմ Կալիֆոռնիայում, որտեղ հիմնականում տաք է, ու ինձ համար իսկապես դժվար էր։ Ֆիլմում ձմռան բոլոր տեսարաններն իրական են։ Ռոզին երեք զուգագուլպա էր հագնում, որ չմրսի. նրա տեսարանները հիմնականում դրսում էին: Նաեւ թերմոհագուստ էինք օգտագործում ու այլ հնարքներ էինք կիրառում, որ չմրսենք։


Դիանա Մալենկո. Երեքիս բախտը բերել է, որ մեր տեսարանները մոլի ներսում են եղել: Շատ չենք մրսել, միայն 1-2 տեսարանում ենք դրսում եղել։

Գոռ Կիրակոսյան. Ամենացուրտը «Հայֆիլմ»-ի տեսարաններն էին, որտեղ տաղավարներ էինք ստեղծել։ Այնտեղի փետրվարյան նկարահանումներից մեկի ժամանակ Դիանան Գարիկի հետ տեսարանում պետք է հանվեր: Բոլորս տաք վերարկուներով նստած էինք ու չէինք նախանձում նրան։

Ռաֆայել Երանոսյան. Երեկոյան ժամը 20:00-ից մինչեւ առավոտյան տասը մոլում էինք անցկացնում։ Հագնում էի եղնիկի իմ հագուստն ու շրջում, մարդիկ մոտենում էին ու նկարվում հետս։ 

Արման Նավասարդյան. Իսկապես մեծ ոգեշնչմամբ ու հավեսով ենք աշխատել՝ չնայած բոլոր դժվարություններին ու ցրտին։ Դրական ստեղծագործական էներգիա ու ոգեւորություն է տիրել նկարահանման ամբողջ ընթացքում։ Գոռի հետ առաջին անգամ էի աշխատում ու շնորհակալ եմ ընտրության համար։  


Գոռ Կիրակոսյան. Միշտ կոմերցիոն ֆիլմեր եմ նկարահանում: Բնականաբար, ցանկություն կա ծախսած գումարը հետ բերել։ Իհարկե, ուզում եմ, որ ֆիլմը հնարավորինս շատ մարդիկ դիտեն, բայց ստեղծելիս այդ մասին չեմ մտածում: Նկարել եմ այնպիսի ֆիլմ, որն ինքս 10 տարեկանում՝ Լեոյի հասակում, կուզեի դիտել։ 

Ռաֆայել Երանոսյան. Ի դեպ, սա Լեոյի առաջին գեղարվեստական ֆիլմն է, ու իմ ընկերների տղան այն պատվով կատարեց։ Պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերեց՝ ի տարբերություն բոլորիս։ Մեր տրիոն՝ Դիանան, ես ու Արմանը, տարբեր թատրոնների ու կինոյի դերասաններ ենք, եւ մեր առանձնացող մոտեցումներն ունենք, իսկ Լեոն մեր եռյակն իրոք ստացված դարձրեց:

Գրիգոր Դանիելյան. Այնպես չէ, թե Լեոյին ընտրել ենք, քանի որ մեր ընկերների տղան է։ Նա էլ բոլորի պես քասթինգ է անցել։ Գոռը բոլորիս է վիդեոքասթինգով ընտրել: Ես նախապես այլ դեր պետք է խաղայի, բայց Գոռն ինձ տղայի հոր կերպարում տեսավ։

Լեո Մկրտչյան. Շուրջս մեծ դերասաններ էին ու նման լավ անձնակազմ։ Նրանք չէին թողնում, որ գոնե մի կաթիլ դժվարություն ունենամ։ Ուրախ եմ, որ կարողացել եմ մարմնավորել Արամին: Ինձ համար ընդհանրապես դժվար չէր, քանի որ նման եմ նրան։ Ցերեկը քնում էի, իսկ գիշերը գնում նկարահանումների: Աշխատում էի ուշ ավարտել, որպեսզի դասի չգնամ։ Նկարահանումների ժամանակ ծնողներս Հայաստանում չէին, ու այս թիմն իմ ընտանիքն էր դարձել. ամբողջ ժամանակս նրանց հետ էի անցկացնում։ 


Գոռ Կիրակոսյան. Կասկադյորական հնարքները Լեոն հենց ինքն է կատարել: Օրինակ՝ Ռաֆոն կասկադյոր ուներ, իսկ Լեոն՝ ոչ։

Դիանա Մալենկո. Ես չպետք է խաղայի այս ֆիլմում, բայց այդ մասին Գոռը կպատմի։ 

Ռաֆայել Երանոսյան. Ես էլ մինչեւ վերջին պահը չգիտեի, որ նկարահանվելու եմ։ Բայց պնդեցի, որ առանց ինձ ֆիլմը չի վաճառվելու, եւ ահա այստեղ եմ։

Դիանա Մալենկո. Այսօր մի քիչ նման եմ կերպարիս՝ նրա կեղծամով եմ ու նույն գունային երանգի հագուստով։ Իմ տեսարանները հիմնականում Արմանի ու Ռաֆայելի հետ էին, որոնց հետ նախկինում չէինք աշխատել։ Մեզնից ամեն մեկն էիր համեմունքն էր բերում մեր եռյակին։ Թեեւ իրարից շատ տարբեր ենք, բայց մեր անսամբլը ստացվեց։ 

Ռաֆայել Երանոսյան. Հիմնականում քեզ համար էլ գալիս էի նկարահանմանը (ծիծաղում են,-հեղ.)։  

Գոռ Կիրակոսյան. Շատ էի ցանկանում, որ Դիանան նկարահանվի, բայց չէր համոզվում, որ կկարողանա իր կերպարը մարմնավորել։ Միասին տեքստերը երկար կարդացել ենք եւ խորհրդակցել, թե ինչպիսի քայլվածք է ունենալու:


Դիանա Մալենկո. Գոռենց տանը փորձում էինք գտնել նրա քայլվածքը։ Հարցնում էի. «Գոռ, այսպես լա՞վ է, իսկ այսպե՞ս» (ցույց է տալիս,-հեղ.): Պատասխանում էր, որ չափից շատ է, հետո՝ քիչ է։ Ի վերջո, գտանք մեր ուզածը:

Գոռ Կիրակոսյան. Ու երբ քայլվածքը գտանք, կերպարն էլ սկսեց ստացվել: Դիանային դուր չէր գալիս, որ քյարթու կերպար է մարմնավորելու։ Ասում էի. «Բայց դու կյանքում էլ ես այդպիսին»։

Դիանա Մալենկո. Բայց այդ մասին ոչ մեկը չգիտի (ծիծաղում են,-հեղ.):

Ռաֆայել Երանոսյան. Իմ կերպարը պետք է շլդիկ լիներ, ու հատուկ դրա համար Նահանգներում լինզա էին պատվիրել։ Այստեղ ակնաբուժական կլինիկա էի գնացել, բոլոր չափումներն արել էին, որ ամեն ինչ համապատասխան լինի ու աչքս չվնասվի։ Ու վերջապես հատուկ տուփի մեջ ու սառը նյութերով պահված լինզան տեղ հասավ, եւ պարզվեց՝ մեր ուզածը չի: Գոռը զայրացավ, բայց դե սա Հայաստանն է, ամեն ինչ բնական արեցինք. իրականում էի շլդիկ խաղում։ 

Ներսես Ավետիսյան. Վստահ եմ, որ «Mallորվածը» սիրված ընտանեկան ֆիլմ է դառնալու։ Ուրախ եմ, որ ես էլ եմ մասնակցություն ունեցել։ Լեոն իմ եղբայրն է. իրար հետ երկար ժամեր սպասել ենք նկարահանումների ընթացքում ու տարբեր թեմաներով զրուցել: Զարմացած եմ, թե որքան տեղեկացված է։ Իրար հետ ֆանտաստիկ օրեր ենք անցկացրել։ 

Գոռ Կիրակոսյան. Դերասաններից առաջինը Ներսեսին, Անիին ու Լեոյին եմ փորձարկել, ու պետք է ասեմ, որ Լեոն նրանցից ավելի լավ է խաղացել։


Ռոզի Ավետիսովա. Սովորաբար իմ ու Գոռի խոսակցությունները սկսվում են մազերից, եւ այս անգամ էլ հարցրեց՝ շիկահեր կլինե՞մ։ Համաձայնելուց հետո միայն ուղարկեց սցենարը: Ես ֆիլմում մայրիկ եմ՝ քմահաճ, խուճապի մատնվող ու խելառ։ Գոռին միշտ շատ եմ վստահում, նա սիրում է նույն դերասանին տարբեր կերպարներում փորձել՝ ի տարբերություն այլ ռեժիսորների։ Գոռը չի վախենում փորձարկումներ անել։ 

Գոռ Կիրակոսյան. Մի քանի շաբաթ առաջ շատ պատահաբար խոսակցություն ունեցանք, որ կարելի է «Mallորված»-ի 2-րդ մասը նկարահանել: 

Ռաֆայել Երանոսյան. Բա մեր կինո՞ն, Գոռ։

Դիանա Մալենկո. Բա մե՞ր կինոն, Գոռ (ծիծաղում են,-հեղ.)։


Գոռ Կիրակոսյան. Բայց այն շուտ չի լինի: Մի քանի տարի պետք կլինի, որ մի լավ տանջվենք ու տարբերվող սցենար գրենք։ 

Գրիգոր Դանիելյան. Սովորաբար նման ֆիլմերի 2-րդ մասն ավելի վատն է ստացվում։

Գոռ Կիրակոսյան. Նախապես չեմ մտածել, որ այսքան հայտնի դերասաններ են մասնակցելու նկարահանմանը։ Սցենարը գրելիս ոչ մեկին էլ չեմ պատկերացնում, հետագայում եմ բոլորին քասթինգով ընտրել: Ունենք նաեւ էպիզոդիկ դերեր, որոնցում եւս շատ հայտնի դերասաններ են ներգրավված, բայց նրանց անունները չենք նշի, որպեսզի մարդկանց համար հաճելի անակնկալ լինի։ Չեմ ասի նաեւ, թե որքան գումար են ստացել դերասանները, միայն կնշեմ, որ ես ու Ռաֆայելը պայմանավորվածություն ունենք՝ նա է ինձ վճարում իմ ֆիլմերում նկարահանվելու համար։


Գրիգոր Դանիելյան. Հացի սեղան է գցում։

Ռաֆայել Երանոսյան. Իսկ Գոռը բավական երկար է մնում Հայաստանում։ Պետք է նշեմ, որ Գոռը Հայաստանը շատ է սիրում: Կարող է իր ֆիլմերը Միացյալ Նահանգներում նկարահանել, բայց այստեղ է անում, որ նաեւ իր ընկերներին ներգրավի։ Ես իմ հաջորդ ֆիլմի հարցն էլ լուծեցի (ծիծաղում են,-հեղ.):

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW