×


Եգիպտական սպիտակ քաղաքում բազմագույն հանգստի բանաձեւը

Կարմիր ծովի եւ կարմիր ավազի համերաշխ գոյակցության վրա փռված է եգիպտական Շարմ էլ Շեյխ քաղաքը, որտեղ լիարժեք հանգստի համար հրաշալի ծովի հետ մեկտեղ կան նաեւ բարձրակարգ ու հարմարավետ հյուրանոցներ, տեսարժան վայրեր եւ ժամանցի կենտրոններ:
Անապատում զրոյից կառուցված սպիտակ գեղեցկուհուն բացահայտելու համար յոթ օրն էլ բավարար է: Հենց այդքան էլ նախատեսված էր ANRIVA TOUR-ի (AirCairo-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում)՝  հայ լրագրողների համար կազմակերպած այցի համար:

Եգիպտոսի մասին միֆն ու իրականությունը

Եգիպտոսում անվտանգ հանգիստ ունենալու շուրջ անհանգստությունները վերջին տարիներին հաճախ են հնչում, բայց իրականությունը բացահայտելու համար պարզապես հարկավոր է «ռիսկի» դիմել, որը ինչպես հետագայում պարզվում է, որեւէ վտանգավոր հետեւանք չի ունենում:


2 ժամ 45 րոպե տեւած թռիչքը, որ մեզ մայրցամաքից մայրցամաք է տեղափոխում, փափուկ սահում է ամպերի միջով եւ օդանավը փետուրի նման իջնում է եգիպտական զբոսաշրջային լավագույն կենտրոններից մեկի օդակայանում: Հյուրանոց տանող ավտոբուսը սլանում է խաղաղության փողոցով՝ «Էլ Սալամ»-ով: Եգիպտոսի՝ վտանգավոր լինելու միֆի առաջին աղյուսները սկսում են քանդվել հենց այս փողոցից: Առանց լուսակիրների փողոցում (Շարմ էլ Շեյխի բոլոր ճանապարհներն են առանց լուսակիրների) մեքենաները սլանում են՝ պահպանելով անվտանգ երթեւեկության կանոնները՝ անգամ առանց հսկողության:  


Հետագայում արդեն այդ միֆի բոլոր աղյուսներն են փլվում՝ հանդիպելով եգիպտացիների սիրառատ ու բարեհամբույր ընդունելությանը: Իսկ տեղացիների սիրտը գրավելու համար բավարար է միայն բարեւել իրենց լեզվով:


Հյուրանոցները

Շարմ էլ Շեյխի հյուրանոցներում հյուրերին հատուկ ընդունելությամբ են դիմավորում եւ մինչեւ սենյակները հանձնելը, նախ առաջարկում են զովացուցիչ ըմպելիքներ: Այստեղ ծովափնյա կատարյալ հանգիստ վայելողներին ձանձրանալու որեւէ հնարավորություն թողնված չէ: Ողջ օրվա ընթացքում հյուրանոցում կարելի է գտնել ձեզ հոգեհարազատ զբաղմունք՝ յոգայից մինչեւ վոլեյբոլ, պարերից մինչեւ զվարճալի խաղեր: Զվարճանքների համար պատասխանատու աշխատակիցներն անգամ պատրաստ են զիջել իրենց տեղերն ու ձեզ հանձնել ղեկը, ինչպես, օրինակ, եղավ իմ դեպքում, երբ երկու տարբեր հյուրանոցում յոգայի պարապմունքներն անցկացնելու հաճույքը վայելեցի:


Թեեւ մութն ընկնելուն պես այս հանգստավայրի ծովափերում եւ լողավազաններում լողալն արգելված է, սակայն, վստահաբար, դուք երեկոն չեք անցկացնի ձանձրանալով:


Ժամանցը Շարմ էլ Շեյխում

Երեկոյան ժամերը գունավորելու համար կան տարբեր առաջարկներ: Երաժշտության սիրահարներն, օրինակ, կարող են այցելել տեղի ակումբներ ու ծովափնյա քաղաքում հանձնվել երաժշտության ալիքներին: Բազմահազարանոց պարահրապարակներում կարելի է կտրվել իրականությունից եւ ուղիղ թռիչքով հասնել երաժշտության տիեզերք:


Եգիպտական պարային մշակույթը վայելելու համար եւս այստեղ կան հնարավորություններ: Ժամանցի հայտնի՝ «1000 ու 1 գիշեր» կենտրոնում պարային շոուներից հյուրերին հատկապես գրավում է տղամարդու պորտապարը, ով շատ հայտնի է արաբական աշխարհում եւ դրա սահմաններից դուրս, ու հենց միայն նրա պարը տեսնելու համար են շատերը գալիս այստեղ:


Ժամանցի կենտրոնում կարող եք նաեւ հետեւել կոբրաներով շոուին ու չզարմանաք, եթե ձեզ հրավիրեն բեմ, եւ պարող օձը փաթաթվի ձեր վզին, ինչպես եղավ մեր թիմի անդամներից մեկի դեպքում, ով առանց երկյուղի մինչեւ շոուի ավարտը մնաց բեմում: Ամեն դեպքում կարող ենք փաստել, որ այս համարի արդյունքում որեւէ զոհ չեղավ, իսկ օձերը ողջ-առողջ վերադարձան կուլիսներ:

Հոգեւոր կենտրոնները

Շարմ էլ Շեյխում պարտադիր տեսնելու վայրերից են երկու մզկիթներն ու Ղպտի ուղղափառ եկեղեցին:


Ճարտարապետական շքեղ լուծումներով կառուցված մզկիթները, հատկապես՝ հին շուկայի հարեւանությամբ գտնվողը, անկասկած այս քաղաքի այցեքարտն են: Հսկայական կառույցը հեռվից շողում է եգիպտական արեւի տակ, իսկ մոտենալուն պես ստիպում մի քանի րոպե շունչը պահած մանրամասնորեն հետազոտել այն:


Մեկ այլ հոգեւոր կենտրոն, որով կարող է հպարտանալ եգիպտական հանգստավայրը, ուղղափառ եկեղեցին է:


Այն նույնպես կառուցված է ճարտարապետական գեղեցիկ լուծումներով, իսկ ներսում ամբողջովին պատված է սրբապատկերներով:


Եկեղեցում ձեզ ոչ միայն կընդունեն մեծ սիրով, այլեւ ամենայն մանրամասնությամբ կներկայացնեն սրբանկարներն ու դրանցում արտացոլված աստվածաշնչյան պատմությունների մեկնությունները:   


Էքստրեմալ հանգիստը

Այցելել Շարմ էլ Շեյխ ու չվայելել էքստրեմալ հանգիստ, մեծ բացթողում կլինի: Այնպես որ, չհրաժարվեք Սաֆարի տուրից, որը կմեկնարկի քառացիկլ (կվադրոցիկլ) վարելով:


Եթե անգամ վարել չգիտեք, հոգ չէ, վստահաբար ձեզ կօգնեն ու կսովորեցնեն ինչպես ենթարկել ձեզ քառոտանիին:


Սինայի անապատ հասնելուն պես ձեզ կդիմավորեն տեղաբնիկները՝ բեդուինները, իսկ անապատի ու սարերի ներդաշնակությունը վայելելուց հետո նրանք ձեզ բեդուինական թեյ կառաջարկեն: Այստեղ կարող եք նաեւ «կտրել» ոտքերը գետնից եւ օրորվել ուղտերի վրա:


Էքստրիմի սիրահարներին Շարմ էլ Շեյխում սպասում են ծովի վրայով թռչող օդապարիկները, որոնք նստելուն պես կարող եք երկնքից հետեւել կարմիր ծովի փայլուն ալիքներին:


Իսկ ալիքները վերեւից վայելելուց հետո ձեզ սպասում է անդրծովյան աշխարհն՝ իր բազմազան ձկներով եւ բուսականությամբ:


Մոտորանավակով բաց ծով դուրս գալուց հետո կարող եք իջնել ծովի մակերեւույթ՝ մինչեւ հինգ-վեց մետր ու մի քանի րոպեով ժամանակը ձեզ համար կանգ կառնի: Այստեղ կբացահայտեք Պոսեյդոնի թագավորության ողջ հմայքը:

Հին շուկան

Եգիպտոսի հյուրերի ամենասիրելի զբաղմունքներից մեկը շուկաներ այցելելն է: Տեղի ժողովրդի մշակույթն իր բոլոր գույներով բացվում է ձեր առաջ հատկապես Շարմ էլ Շեյխի հին շուկայում:


Եգիպտացիների հարգանքը կվայելեք, երբ սկսեք վարպետորեն սակարկել իրենց առաջարկած գների շուրջ: Իսկ թե որքան շահավետ կլինեն ձեր գնումները, կախված է հենց ձեր՝ սակարկելու վարպետությունից:


Կարեւոր հուշում՝ վաճառվող ապրանքը հնարավորինս էժան գնելու համար առաջնային նախապայմանն է, որ ցույց չտաք ձեր հետաքրքրվածությունը դրա նկատմամբ: Միայն բավարար է գինը հարցնել եւ դուրս գալ, վաճառողները, վստահաբար, կկանչեն ձեզ հետ ու մի քանի րոպե բանակցություններից հետո կվաճառեն ապրանքը ձեզ ձեռնտու գնով:


Հին շուկայում գնումներից բացի, կարող եք նաեւ հետեւել տարբեր շոուների, լսել եգիպտական երաժշտություն, ծխել նարգիլե ու ամբողջովին ձուլվել Արեւելքի աշխարհին:

Մարի Թարյան
Լուսանկարները՝ ANRIVA TOUR-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport