«Արծվիկը հիանալի անձնավորություն է: Ուրախ եմ, որ որպես մարզիչ՝ օգնեցի նրան հաղթել «Դեպի Եվրատեսիլ» նախագծում: Նա հրաշալի ձայն ունի: Մեր եռամսյա աշխատանքի ընթացքում հասցրի նրան լավ ճանաչել»՝ այս տարվա «Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանի պատվիրակի մասին այսպես խոսեց Եսայի Ալթունյանը:
Եսայի Ալթունյանը
Երգիչը կարծում է, որ մրցութային «Fly With Me» երգն այնքան էլ չի բացահայտում Արծվիկի տաղանդը.«Նա նախագծի մասնակիցներից ամենալավ ձայնն ուներ, եւ մի քիչ զարմացած եմ, որ նրա հետ աշխատող թիմն ամբողջությամբ չօգտագործեց նրա ձայնը: Դրանից բացի, իմ պատկերացումներում եվրատեսիլյան երգի բոլորովին այլ տարբերակ էր, որը շատ է տարբերվում Արծվիկի երգից: Բայց դա նախաձեռնողների ընտրությունն էր»:
Արծվիկը եւ Եսայի Ալթունյանը
Քանի որ երգի եւ կերպարի ընտրությունը վաղուց կատարված է, երգիչը միայն հաջողություն մաղթեց Արծվիկին՝ նշելով, որ նա լավ երգչուհի է եւ կարող է հաջողության հասնել:
Եսայի Ալթունյանը շուտով նոր՝ «Քոչարի» երգի տեսահոլովակ կներկայացնի՝ այդ կերպ ազդարարելով «Armenia» նախագծի սկիզբը, որը կազմված է լինելու երկու տեսահոլովակից, մեկ ալբոմից եւ մեծ համերգային ծրագրից:
Եսայի Ալթունյանի «Քոչարի» տեսահոլովակի նկարահանումներին
«Ես սփյուռքահայ եմ, ապրում եմ Եվրոպայում, բայց իմ սիրտը հայկական է: Ուստի ցանկանում եմ հայի մշակույթը տարածել, հասանելի դարձնել նաեւ այստեղ: Ուզում եմ երգի ու պարի միջոցով միմյանց կապել երկու մշակույթ: «Armenia»-ն միջազգային նախագիծ է, որում ներառված են ե՛ւ ուրախ, ե՛ւ թախծոտ ռիթմեր: Ներկայացված են հայկական երաժշտական գործիքները, շեշտադրված են մեր երգարվեստի յուրօրինակ ելեւէջները: Ցանկանում եմ, որ նախագիծն ամբողջությամբ արտահայտի մեր մշակույթի հարստությունն ու գեղեցկությունը»,-եզրափակեց երաժիշտը:
Տեքստը՝ Աիդա Ղարիբյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Եսայիի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: