×


Երաժշտության տոն՝ Իվետայի, Նարինեի, Անդրեի, Սուսաննայի, Սոնայի եւ մյուսների մասնակցությամբ :)

Երեկ Երեւանում նշել են Երաժշտության տոնը. մայրաքաղաքի կենտրոնը երեկոյան երգառատ էր ռոք, բլյուզ ու հեղինակային երաժշտությամբ: “Ֆեթ դը լա մյուզիք”-ի շրջանակում այս տարի արդեն 6-րդ անգամ  մի շարք այգիներում ու պուրակներում նշել են ֆրանսիական ծագում ունեցող տոնը:

Իվետա Մուկուչյանը, Անդրե Սիմոնյանը եւ Նարինե Դովլաթյանը


Երաժշտասեր հանրության համար Ազատության հրապարակն էլ էր երաժշտական դարձել: Համերգն իրենց հեղինակային երգերով սկսել են “Լավ էլի” ռոք-խմբի անդամները: Վանաձորցի տղաներին հանդիսատեսը ձայնակցել է եւ վայելել խմբի ամենահայտնի երգերը:

Կենդանի հնչողությամբ բացօթյա համերգին մասնակցել են նաեւ “Imagine” բենդն ու Սոնա Շիրոյանը: Խմբի հետ մեկ երգ է կատարել Սուսաննա Պետրոսյանը, որի համար ամեն օր երաժշտության տոն է:): Երգչուհին պարբերաբար մասնակցում է ֆրանսիական երաժշտության երեկոների, այս անգամ էլ բացառություն չի եղել: BRAVO.am-ի հետ զրույցում Սուսաննան ասել է, որ միգուցե մինչ Ճապոնիա մեկնելն “Imagine”-ի հետ համերգով հանդես գա. “Ընդամենը մի քանի օր ժամանակ ունեմ, եթե չհասցնենք հիմա, վերադառնալուցս հետո կկայանա համերգը”:

Սուսաննա Պետրոսյանը


“The Beautified Project”-ի հիմնադիր, կիթառահար եւ վոկալիստ Անդրե Սիմոնյանը
 հիշել է, որ մի քանի տարի առաջ Երաժշտության տոնին իրենց ուժերով կազմակերպված համերգ են տվել: Խմբի հետ դուետներով երգել են “սուպերսթարցիներ” Իվետա Մուկուչյանը, Րաֆֆի Օհանյանը, Սոնա Ռուբենյանը եւ Նարինե Դովլաթյանը: 

Իվետա Մուկուչյանն ամենաշատն է երգել. Երգչուհին, որն առաջին անգամ է Երեւանում մասնակցել “Ֆեթ դը լա մյուզիք”-ին, “Imagine” բենդի հետ ներկայացրել է իր հեղինակային երգերը, հետո նաեւ “The Beautified Project”-ի հետ երգել է “Stupid Love Song”-ը: Նա նկատել է, որ եվրոպական երկրներում մեծ մասշտաբներով պարտադիր նշում են այս տոնը. “Ամեն տեղ բեմեր են դրված լինում, բոլոր թաղամասերում, բոլոր անկյուններից  երաժշտություն է հնչում: Նույնիսկ այնքան շատ են տոները, որ դառնում է հերթական տոն”:

Իվետա Մուկուչյանը սիրելիի հետ


5-րդ “Հայսուպերսթար”-ի հաղթող Սոնա Ռուբենյանը եւս առաջին անգամ է մասնակցել Երաժշտության տոնին: Նրա խոսքերով` հետաքրքիր էր երգել բացօթյա համերգի ժամանակ, քամին չի խանգարել կենդանի երգել, քանի որ “եթե երգիչ ես, պետք է պատրաստ լինես երգել ցանկացած տեղ ու ցանկացած իրավիճակում”:

Իսկ 4-րդ “Հայսուպերսթար” Րաֆֆի Օհանյանը դադարից հետո կարոտած է բեմ բարձրացել. Անդրե Սիմոնյանի առաջարկով “Take My Hand”-ը երգել են զուգերգով: BRAVO.am-ի հետ զրույցում Րաֆֆին պատմել է, թե ինչու է երաժշտական դադար վերցրել. “Շոու-բիզնես ասվածում չկամ, չեմ էլ լինի: Երաժշտությամբ կարող է լուրջ զբաղվեմ, խումբ ստեղծեմ, բայց միայն ինձ հոգեհարազատ երգեր կերգեմ: Հիմա զբաղվում եմ իմ առաջին մասնագիտությամբ` ծրագրավորմամբ: Դեռ չգիտեմ` երբ, ոնց կսկսեմ, բայց հավեսով եմ անելու, ոչ թե գումար աշխատելու համար”:

Նարինե Դովլաթյանը


“The Beautified Project”-ի երկրպագուներն ամեն երգից հետո պահանջել են կատարել “Կիլիկիա” երգը, խմբի անդամներն այդպես էլ վարվել են:): “Մենք ներկայացնում ենք երգարվեստ, ոչ թե շոու-բիզնես:)”, - բեմից ասել է Անդրե Սիմոնյանը:

Համերգի վերջին հատվածը վստահվել էր մեկ այլ ռոք-խմբի` “Դոգմա”-ին, որը եւս կատարել է սեփական երգացանկի հայտնի ստեղծագործություններից:

Նշենք, որ համերգը կազմակերպել էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը` Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ մշակույթի նախարարության ու “Օրանժ Արմենիա” ընկերության աջակցությամբ:

Սոնա Ռուբենյանն ու Իվետա Մուկուչյանը


“Ֆեթ դը լա մյուզիք”-ը ստեղծվել է Ֆրանսիայի մշակույթի նախարարության կողմից 1982 թվականին. “Այս տոնը հնարավորություն է տալիս սկսնակ ու պրոֆեսիոնալ երաժիշտներին ելույթ ունենալ դրսում, որ երաժշտություն չլինի միայն համերգասրահներում, լինի անվճար: Հնարավորություն է տալիս նոր լսարան ձեռք բերել ու ավելի ճանաչված դառնալ: Պարտադիր չէ երգել ֆրանսերեն կամ ֆրանսիական երաժշտություն: Աշխարհի 340 քաղաքում արդեն նշվում է Երաժշտության տոնը”, - նշել է “Օրանժ Արմենիա”-ի հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը:

4-րդ “Հայսուպերսթար” Րաֆֆի Օհանյանը դադարից հետո կարոտած է բեմ բարձրացել


Երաժշտության տոնը 2007 թվականից անց է կացվում Հայաստանում, որը ներմուծվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության նախաձեռնությամբ: Այս տարի տոնը նվիրվել է փոփ-երաժշտության 50-ամյակին:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW