×


Երեւանում “Zara” խանութ-սրահի բացումը` վաղը

Հոկտեմբերի 20-ից “Zara”-ի հայ գնորդները կարող են հայտնի ապրանքանիշի թարմ տեսականին ձեռք բերել հենց Երեւանում: Նորաձեւ եւ գնային առումով բավական մատչելի բրենդի խանութ-սրահը տեղակայված է  Ծիծեռնակաբերդի խճուղի 3 հասցեում` “Հրազդան” մարզադաշտի հարեւանությամբ գտնվող “Դալմա Գարդեն Մոլ” առեւտրի կենտրոնում: Ապրանքանիշին վերաբերող մի շարք հարցերի շուրջ BRAVO.am-ը զրուցել է Յասին Սիբարիի հետ, որը “Zara”-ի եւ “Inditex” ընկերության գործադիր տնօրենն է Սաուդյան Արաբիայում, Կենտրոնական Ասիայում եւ Կովկասում:

Սաուդյան Արաբիայում, Կենտրոնական Ասիայում, Կովկասում “Zara”-ի եւ “Inditex” ընկերության գործադիր տնօրեն Յասին Սիբարին


-Ինչպե՞ս որոշվեց, որ “Zara” ապրանքանիշը այսուհետ հասանելի կլինի նաեւ երեւանյան սպառողին:

- “Zara”-ն “Inditex” ընկերության ներկայացրած ապրանքանիշերից մեկն է, որոնց թվում են նաեւ  “Bershka”-ն, “Massimo Dutti”-ն, “Stradivarius”-ը, “Oysho”-ն եւ հայտնի այլ բրենդեր: Հայերն աշխարհասփյուռ են, ու մենք գիտենք, որ նրանցից շատերը հանդիսանում են մեր ապրանքանիշի երկրպագուները, այս բրենդի հագուստը մեծ պահանջարկ է վայելում, այնպես որ մեզ համար առաջնային խնդիրներից մեկն էր մասնաճյուղ բացել հենց Երեւանում: Վստահ ենք, որ մեծ հաջողություն կունենանք ու կգոհացնենք մեր հայ սպառողին: Նախատեսում ենք առաջիկա երեք տարվա ընթացքում եւս երեք մասնաճյուղ բացել այստեղ: Նշեմ, որ մասնաճյուղեր ունենք նաեւ Թբիլիսիում եւ Բաքվում: 

-Որո՞նք են այս ապրանքանիշի առանձնահատկությունները:

-Նախ՝  մեր ներկայացրած հագուստը թանկ չէ եւ հասանելի է տարբեր խավերի համար: Դիզայնն ու որակը գնահատված են: Մեր հավաքածուները ստեղծվում են ամենանորաձեւ թրենդների հիման վրա: Ամենակարեւոր առանձնահատկություններից մեկը խանութների տեսականին մեկ կամ երկու շաբաթը մեկ թարմացնելն է: Այս ավանդույթը կպահպանենք նաեւ երեւանյան մասնաճյուղում: Հաջորդ առանձնահատկությունն էլ այն է, որ մեր տեսականին նախատեսված է  ողջ ընտանիքի՝  կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար: Հաջողության ու այս ոլորտում բարձր մակարդակի ենք հասել վերոհիշյալ նախապայմանների շնորհիվ:

Երեւանյան “Zara”-ն տեղակայված է “Դալմա Գարդեն Մոլ” առեւտրի կենտրոնում


-Ի՞նչ կասեք զեղչերի համակարգի վերաբերյալ:


-Մեր խանութներում զեղչերի համակարգը շատ ճկուն է եւ համապատասխանում է համաշխարհային ստանդարտներին: Բոլոր քաղաքներում գտնվող խանութները վերահսկվում են գլխավոր գրասենյակի կողմից, այնպես որ ամենուր զեղչերը եւս նույնն են լինելու:

-Ո՞րն է նման հաջողության գաղտնիքը:


-Յուրաքանչյուր մասնագետ այս ոլորտում աշխատաոճի սեփական յուրահատկություններն ունի,  բայց իրականում ոչ մի գաղտնիք էլ չկա: Մեր ապրանքանիշը հզոր լոգիստիկ համակարգ ունի: Մշակել ենք մեր աշխատաոճն ու միշտ առաջ ենք շարժվում: Գնային առումով բավական մատչելի եւ հաճախակի նորացվող տեսականի, որը նախատեսված է բոլորի համար, ինչպես նաեւ զեղչերի ճկուն համակարգ. սրանք են գաղտնիքները:

-Առաջի՞ն անգամ եք Երեւանում:

- Սա արդեն չորրորդ այցս է: Տեղական շուկան ուշադիր ուսումնասիրել եմ նախորդ տարվա հոկտեմբերին. ընտրվեց մասնաճյուղի վայրը, մոտ մեկ տարի տեւեցին նախապատրաստական աշխատանքներն ու այսօր արդեն այստեղ ենք՝ այլ առաքելություն իրականացնելու: Հայաստանյան շուկան “կուսական” է մեզ համար: Այսուհետ ավելի հաճախ եմ լինելու Երեւանում: Շատ եմ սիրում երեւանցիներին: Հայերն ընկերասեր եւ հյուրընկալ են: Այստեղ  հետաքրքիր առանձնահատկություններ եմ նկատել, որ այլ քաղաքներում չկան: Սիրում եմ հայկական երաժշտությունը, նաեւ խոհանոցն ու մշակույթը:

Յասին Սիբարի. “Շատ եմ սիրում երեւանցիներին”


-Իսկ ինչպե՞ս կգնահատեք հայկական նորաձեւությունը:

-Երբ քայլում եմ փողոցով, նկատում եմ, որ աղջիկները շատ լավ են հագնված, շպարված: Մի փոքր տոնական  տեսք ունեն, բայց դա գովելի փաստ է: Այստեղ ցերեկը կարելի  է հանդիպել բարձրակրունկ կոշիկներով կանանց, իսկ Եվրոպայում նման բան չկա, այնտեղ հարմարության ջատագովներն են բնակվում: Հայերի համար կապ չունի` զբոսնում են, համալսարան շտապում, թե` աշխատանքի,  յուրաքանչյուրը մեծ ուշադրություն է դարձնում արտաքինին: Հայ աղջիկները կոկետուհիներ են: Այս պարագայում ճիշտ կամ սխալ չկա, քաղաքում ձեւավորված ճաշակի ու մշակույթի հարց է:

-Ի՞նչ տեսականի սպասենք երեւանյան նորաբաց “Zara”-ում:

-Երկու հիմնական հավաքածու ունենք՝   նախատեսված գարուն-ամառ եւ աշուն-ձմեռ սեզոնների համար, վերջինը կներկայացնենք Երեւանում, որը ներառում է ամենանորաձեւ ու թրենդային հագուստները: Այս տարի վերադարձել է  90-ական թվականների` ենթամշակութային  նորաձեւությունը:  Համաշխարհային շուկայում այս հավաքածուները մեծ հաջողություն են ունեցել:
 
-Ի՞նչ խորհուրդ կամ մաղթանք ունեք այս ապրանքանիշի հայ սպառողներին:

-Նախ՝  համեցեք մեզ մոտ: Շնորհավորում եմ մեզ ու ձեզ, գիտեմ, որ հայերը սիրում են մեզ, մենք էլ ուրախ ենք լինել այստեղ: Նորաձեւությունը բոլորի համար է, յուրաքանչյուրն արժանի է նորաձեւ ու գեղեցիկ հագուստ կրել` անկախ գրպանում եղած գումարի չափից: Ամեն անգամ, երբ նոր մասնաճյուղ ենք բացում, փորձում ենք մեր լուման ներդնել տվյալ քաղաքի նորաձեւության կայացման հարցում:  Վերջապես “Zara”-ի նորաձեւությունը կժամանի Երեւան:

Զրուցեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW