×


Երեւան Մոլն ու հայ դիզայներները կօգնեն հայ կանանց առողջ լինել

Ինչպես ամեն տարի, այս տարի եւս «Երեւան Մոլը» մեծ անակնկալ է պատրաստել կանանց միամսյակի առթիվ: Այս անգամ, սակայն, նախաձեռնությունը միանգամայն տարբերվում է իր բովանդակությամբ ու նպատակով: «Երեւան Մոլը» Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի եւ հայ կին դիզայներների հետ համագործակցությամբ իրականացնում է «Նորաձեւությունը՝ հանուն կանանց առողջության» սոցիալական նախագիծը: Այդպիսով մարտի 11-ից մինչեւ ապրիլի 7-ը մոլի գլխավոր ատրիումում գործելու է հայ դիզայներների ներկայացրած հագուստի եւ աքսեսուարների ցուցահանդես-վաճառք, որի հասույթի 50%-ն ուղղվելու է անապահով կանանց կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելիչ հետազոտություններին: Նախագծի շնորհանդեսին ներկա է եղել BRAVO.am-ը եւ տեղեկացել է ծրագրի մանրամասներին:

Մեկնարկել է «Նորաձեւությունը՝ հանուն կանանց առողջության» սոցիալական նախագիծը


«Երեւան Մոլ»-ի մարքեթինգի տնօրեն Շուշան Ավագիմյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նախագծին մասնակցում է շուրջ քսան հայ դիզայներ, որոնք ցուցահանդես-վաճառքին ներկայացնում են իրենց հեղինակած հագուստները, կոշիկները, պայուսակներն ու աքսեսուարները.«Կարեւոր եմ համարում նշել, որ միայն հայ կին դիզայներներն են ներկայացրել իրենց արտադրանքը, ինչը շատ խորհրդանշական է այս առումով: Ինչպես գիտեք, ամեն տարի «Երեւան Մոլը» տարատեսակ միջոցառումներ է անցկացնում Կանանց միամսյակի առթիվ, սակայն այս անգամ որոշեցինք մեր ռեսուրսներն ուղղել ավելի կարեւոր ու գեղեցիկ նպատակի: Մեկամսյա նախագծի շրջանակում սոցիալապես անապահով կանայք կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելիչ ստուգումներ կանցնեն»,- տեղեկացրեց նա:

Մեկնարկել է «Նորաձեւությունը՝ հանուն կանանց առողջության» սոցիալական նախագիծը


Ինչպես պարզվում է, Հայ-ամերիկյան առողջության կենտրոնն էլ իր հերթին 50 տոկոս զեղչ է տրամադրելու բոլոր այն կանանց, որոնք կհերթագրվեն նախագծի շրջանակում հետազոտություն անցնելու համար: Կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ իրենք հաճախ են հանդես գալիս նման նախաձեռնություններով ու զեղչերով, սակայն «Երեւան Մոլ»-ի եւ հայ դիզայներների հետ համագործակցությունն իր տեսակով առաջինն է.«Մեր նպատակն է իրականացնել կրծքագեղձի մամոգրաֆիկ եւ սոնոգրաֆիկ հետազոտություններ, ինչպես նաեւ վահանաձեւ գեղձի սոնոգրաֆիա: Չէ՞ որ հիվանդության կանխարգելման եւ բուժման գլխավոր նախապայմանը վաղ հայտնաբերումն է»:

Մեկնարկել է «Նորաձեւությունը՝ հանուն կանանց առողջության» սոցիալական նախագիծը


Ցուցահանդես-վաճառքի բացման միջոցառմանը ներկա էին նաեւ այն դիզայներները, որոնց աշխատանքները մեկ ամիս շարունակ ներկայացված են լինելու «Երեւան մոլ»-ի կենտրոնական ատրիումում: Նրանցից Ֆաինա Հարությունյանը իր խոսքում հույս հայտնեց, որ լավ վաճառքներ կունենան եւ այդպիսով կկարողանան ավելի մեծ թվով կանանց օգնել: Նա ասաց, որ բացի ներկայացված տեսականին, էլի հագուստ է նախապատրաստել վաճառքի համար, որպեսզի ամսվա ընթացքում անընդհատ թարմացնի ցուցադրված հավաքածուն.«Շատ մատչելի գներ ենք սահմանել, որովհետեւ չենք ուզում՝ մեր հագուստն ուղղակի կախված լինի այստեղ, եւ մենք ցույց տանք, թե օգնում ենք: Մենք շատ ենք ուզում վաճառքներ ունենալ եւ այդ գումարը փոխանցել կարեւոր նպատակի համար»:

Երեւան Մոլն իրականացնում է «Նորաձեւությունը՝ հանուն կանանց առողջության» սոցիալական նախագիծը


Հավելենք, որ ծրագրի ավարտին նախաձեռնության հեղինակները հանդես են գալու ամփոփիչ մամուլի ասուլիսով եւ ներկայացնելու են նախագծի արդյունքները: Այնպես որ, «Երեւան Մոլ» այցելելիս չմոռանաք ուշադիր լինել կենտրոնական ատրիումի կողքով անցնելիս: Գուցե ձեզ համար մի գեղեցիկ զարդ կամ հագուստ գտնեք հայ դիզայներների ներկայացրած հավաքածուներից եւ այն գնելով՝ օգնեք հայ կանանց կարեւոր հետազոտություններ անցնելու հարցում:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW