×


“Երեք կյանք” սերիալից Գայանե Բալյանի` մերկ մարմինների ցուցադրությունը

“Գոյ” փորձարարական թատրոնի դերասանուհի Գայանե Բալյանն իրեն նկարիչ չի համարում, բայց իր աշխատանքներն առաջին անգամ ներկայացնում է ցուցահանդեսի ձեւաչափով: Նա իր երեւակայությունը պատկերում է ոչ թե թղթի վրա, այլ վիրտուալ տարածքում` օգտագործելով MS Paint համակարգչային ծրագիրը:

Գայանե Բալյան."Նկարներում իմ էմոցիաներն են` կապված ինչ-որ դեպքերի ու երեւույթների հետ"


“Սկզբում վախենում էի ցուցադրել, մտածում էի` իմաստ չունի խզբզանքներս ներկայացնել, բայց ապրում ենք այնպիսի դարում, որ շատ ավելի ինտիմ գործեր են ներկայացվում”,-BRAVO.am-ին ասել է նա:

Գայանե Բալյանի հեղինակած աշխատանքներից


“Նրա մարմնի որոշ հատվածները” խորագրով ցուցահանդեսին Գայանե Բալյանը ներկայացրել է մերկ կանանց պատկերներ, ասում է` նկարել է ինքն իրեն եւ իր մտածմունքները, վախերն ու զգացողություններն արտահայտել  պլաստիկ մարմնի միջոցով, որը ձեւափոխությունների է ենթարկվում.“Նկարներում իմ էմոցիաներն են` կապված ինչ-որ դեպքերի ու երեւույթների հետ: Բացի տղամարդու պատկերներից, բոլոր թիթեռնիկները, կատուները, ծաղիկները ես եմ: Զգացողություններս արտահայտում եմ գույներով, բայց հնարավոր է` սեւ նկարեմ, որը դրական ու բարի զգացողության արդյունք լինի, իսկ վարդագույն-մանուշակագույնով արտահայտեմ իմ դեպրեսիվ ապրումները”:

“Նրա մարմնի որոշ հատվածները” խորագրով ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներից


Նա համակարգչում 300-ից ավելի աշխատանք ունի, իսկ տպագրված տարբերակով ներկայացրել էր մոտ 150-ը: Ցուցահանդեսից որեւէ ակնկալիք չունի. “Նկարչուհի ներկայանալու խնդիր չունեմ եւ իմ արածը լուրջ նկարչություն չեմ համարում, ուղղակի Սոնան տեսավ, հավանեց ու նախաձեռնեց այս ցուցահանդեսը”:

Դերասանուհի Գայանե Բալյանն ու ցուցահանդեսի համադրող Սոնա Ասատրյանը


Ցուցադրությունը, որը կազմակերպվել էր մեկ օրով, սովորական ցուցասրահում չէր, այլ` Նաիրիտ գործարանի նախկին վարչական շենքում, որը գործում է որպես տեսալուսանկարահանման տաղավար: Ցուցահանդեսի համադրող Սոնա Ասատրյանը մեզ հետ զրույցում նշել է` հատուկ է ընտրել Երեւանի կենտրոնից հեռու գտնվող այլընտրանքային տարածք, քանի որ բոլոր միջոցառումները խտացված են մայրաքաղաքի կենտրոնում եւ վակուում են առաջացնում. “Այս տարածքը տեսնելուց հետո հասկացա, որ հարմար վայր է, եւ այստեղ սա առաջին ցուցահանդեսն է”:

Գայանե Բալյանի հեղինակած աշխատանքներից


Սոնայի խոսքով` Գայանեի նկարներում թատերական ու խորեոգրաֆիկ զգացողություն կա.“Դերասանական կատարողականությունը զգացվում է. վիրտուալ միջավայրում աշխատում է մարմնի հետ ու պլաստիկայի միջոցով դրան տարբեր ձեւեր տալիս: Կապկպված ձեռքերն ու ոտքերը շեշտում են մարմնի խոցելիությունն ու դրա պաշտպանության կարիքը”:

 Ցուցահանդեսի պաստառը ներկայացված էր անիմացիայի տեսքով, իսկ հյուրերը, որոնց թվում էին գրաֆիկ դիզայներներ, նկարիչներ, դերասաններ, ինչպես նաեւ Գայանեի եւ Սոնայի ընկերներն ու դասախոսները, ունկնդրում էին երաժշտություն, գինի էին խմում ու քննարկում աշխատանքները:

Գայանե Բալյանի հեղինակած աշխատանքներից


Նշենք, որ դերասանուհի Գայանե Բալյանն այժմ նկարահանվում է “Երեք կյանք” հեռուստասերիալում. “Գրաֆիկս շատ հագեցած չէ, չեմ էլ ցանկանա գլխավոր դերով հանդես գալ ու ողջ ժամանակս նկարահանման վայրում անցկացնել: Սերիալում նկարվելու հիմնական նպատակս գումար վաստակելն ու հենց իմ մասնագիտությամբ աշխատելու ցանկությունն է: Ցավոք, դեռ գեղարվեստական ֆիլմում չեմ նկարվել, բայց հուսով եմ, որ հետաքրքիր առաջարկ կստանամ”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW